Լրահոս

15.05.2009 13:32


ՀՀ առողջապահության նախարարությանը՝ «Նաիրիտում» տեղի ունեցած վթարի մասին

2009թ. մայիսի 14-ին, տեղական ժամանակով 18:40-ին «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել վթար և հրդեհ: Բնակչության պաշտպանության և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ՊՀՀ տեսչության կողմից կազմակերպվել են լաբորատոր փորձաքննություններ գործարանի ցանկապատից դուրս, ինչպես նաև բնակելի գոտում՝ բնակչության առողջության համար հնարավոր վնասակար նյութեր հայտնաբերելու նպատակով, այդ թվում՝ քլորոպրեն, ազատ քլոր, օրգանական լուծիչներ, շմոլ գազ, նավթային ածխաջրածիններ, ացետիլեն: Արդյունքում պարզվել է, որ նշված նյութերի առկայությունը մթնոլորտային օդում չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունները:
Գործարանի ներսում վթարի և հրդեհի հետևանքով զոհվել է 4 աշխատող, մեխանիկական վնասվածքներ են ստացել 4-5 անձ, որոնցից 2-ն է միայն հոսպիտալացվել «Էրեբունի» բժշկական կենտրոն և անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս գրվել: Մյուսները տեղում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել: Վթարն արձանագրվելուց հետո Երևանի շտապ օգնության ծառայությունը և հիվանդանոցները բերվել են առաջին պատրաստականության մակարդակի ու շարունակ գտնվում են առողջապահության նախարարի և նախարարության անմիջական հսկողության ներքո: Գործարանի տերածքում աշխատել է շտապ օգնության 5 մեքենա: «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որպես վթարի վայրին ամենամոտ տեղակայված բուժկանխարգելիչ կազմակերպություն, կատարվել են բոլոր աշխատանքները՝ բնակչությանը, ըստ անհրաժեշտության, հրատապ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը