Կարծիք

08.03.2012 20:48


Տեսողական լուրջ խնդիր

Տեսողական լուրջ խնդիր

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ կուսակցական գործունեությանն ու մարզեր այցելություններին, նշել է, որ վարչապետն Ընտրական օրենսգիրք չի խախտում:

«Նա նախընտրական ծրագիր չի ներկայացնում: Նախընտրական քարոզչությունն սկսվում է, երբ թեկնածու կա, քանի դեռ թեկնածու չկա, նախընտրական քարոզչություն չի կարող լինել: Հետեւաբար, ձեր գնահատականը, որ նախընտրական քարոզչություն է, այնքան էլ հիմնավորված չէ: Ոչ թե ծրագիր է ներկայացնում, այլ հանդիպում է կուսակցական ակտիվին` քննարկելու, թե ծրագրում ինչ ներառի»,- ասել է նախարարը:

Երկու հարց ունենք հարգարժան նախարարին: Նախ` ինչո՞ւ հենց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ապա` քարոզել կարող է միայն թեկնածու՞ն, թե՞ նաև քաղաքական կազմակերպությունը` կուսակցությունը:

Ի՞նչ է նշանակում առհասարակ` չկա թեկնածու, չկա նաև քարոզչություն: Հավանաբար մենք մի քանի թեկնածուներ ունեինք, այո՞, երբ քարոզում էին հայ-թուրքական գործընթացի առավելությունները, գովերգում անպտուղ արձանագրությունները` կլոր սեղաններ, բացատրական աշխատանք… տեսնես քարոզչություն չէ՞ր դա: Ըստ Թովմասյանի` ոչ:

Փորձենք մի փոքր ավելի առարկայացնել խնդիրը: Ենթադրենք մի նորմալ երկրի կառավարություն մի օրենքի նախագիծ է գրել եւ ցանկանում է դրան օրենքի ուժ տալ այդ երկրի խորհրդարանի միջոցով: Ի՞նչ պետք է անի նորմալ կառավարությունը; Հասկանալի է, իր ներկայացուցչին պետք է ուղարկի խորհրդարան` պատգամավորների համաձայնությունն ստանալու, այսինքն` այդ նախագծի իմաստը բացատրելու, առավելությունները ցույց տալու, քարոզելու այն: Նաև` լսելու պատգամավորների կարծիքը, անհրաժեշտության դեպքում շտկումներ անելու: Այստեղ էլ, կարծես, թեկնածու, այնպիսին, ինչպիսին պատկերացնում է պարոն Թովմասյանը, չկա, բայց անխուսափելիորեն, բոլորի կամքից անկախ, կա քարոզչության սուբյեկտը, որ տվյալ պահին կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն է, ինքը` կառավարությունը:

Ի՞նչ է անում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա, ըստ Թովմասյանի` ոչ թե ծրագիր է ներկայացնում, այլ հանդիպում է կուսակցական ակտիվին` քննարկելու, թե ծրագրում ինչ ներառի: Պարոն Թովմասյանին ասենք, որ շուտասելուկով հնարավոր չէ բոլոր հարցերը դրստել: Անշուշտ ինքն էլ մի քանի անգամ լսած կլինի պաշտոնական եւ կոմերցիոն լրատվամիջոցների տեղեկատվություններն այն մասին, որ վարչապետ Սարգսյանն այդ հանդիպումների ընթացքում, հատկապես ՀՀԿ ծրագրի մեջ ներառելիք հարցերի հերթական խմբաքանակը ճշտելուց հետո, մի քանի հարյուր ՀՀ քաղաքացու է հավատափոխ անում ու գցում ՀՀԿ ցանցը` նրանց գրպանները կուստոմս խցկելով: Երևի սա էլ, պարոն Թովմասյան, քարոզչություն չէ, որովհետև չկա թեկնածու, այլ կուսակցաշինություն է, մի բան, առանց որի երկրի վարչապետի օրը օր չի լինի: Այո՞: Բայց սա դեռ մի կողմ: Դուք մեր արդարադատության նախարարի արդարամտությունը տեսեք. ասում է`վարչապետը, որ նաև ակտիվ կուսակցական ղեկավար է, հանդիպում է կուսակցական ակտիվի հետ: Իսկ ի՞նչ է կուսակցական ակտիվը: Այդ հինգ հարյուր հոգին, որոնց քշել-բերել են հանրապետականացնելու, եւ որոնց առջև ելույթ է ունենում վարչապետը, երբվանի՞ց է համարվում կուսակցական ակտիվ:

Ես, անձամբ, մտածում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Թովմասյանը չպիտի կարողանար գլուխը հանգիստ բարձին դնել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասես ուրիշ բանուգործ չունենալով, մտել էր հայկական բանակի N զորամասն ու հանդիպել այդ զորամասի «կուսակցական ակտիվի» հետ, այդ «ակտիվի» հետ էլ ճշտել, թե ինչ հարցեր ներառեն ՀՀԿ նախընտրական ծրագրում: Հո չեն ճշտել, հո չեն ճշտել: Վերջն էլ եկել են այն եզրակացության, որ մեր բանակի թիվ մեկ պրոբլեմը ռեպետիտորներ չունենալն է, ինչի պատճառով զորացրվող զինվորները չեն կարողանում բուհ ընդունվել: Վարչապետը հենց տեղում խոստում է տվել (չասենք նախընտրական)` հարցը լուծել` իր մանկավարժական ինստիտուտի շրջանավարտներին, ասպիրանտներին եւ ստաժորներին վեց ամսով կուղարկի զորամասեր` զինվորների հետ մաթեմատիկա, օտար լեզու, հայոց լեզու, հայ գրականություն, ֆիզիկա, քիմիա պարապելու: Բանակո՞ւմ: Ե՞րբ, շարային վարժություններից ազատ ժամերի՞ն, նախաճաշիկից հետո՞, կեսօրվա քնից առա՞ջ, կրակային պատրաստության հաշվի՞ն: Տեսնում եք չէ՞, ուղղակի հրաշալի է` չկա թեկնածու, չկա նաև քարոզչություն, չկա քարոզչություն, ուրեմն կեցցե մեր վարչապետը, որին կարելի է ամեն բան: Եվ ինչո՞ւ միայն վարչապետին: Նա երբեմն-երբեմն իր հետ շրջագայության է տանում արդարադատության նախարարին: Հետևաբար` նույն ամեն ինչը, երևի, թույլատրվում է նաև վերջինիս: Այլաես ինչո՞ւ պիտի արդարադատության նախարարը «չտեսներ» օրենքի հստակ խախտումն ու դատախազության միջոցով համապատասխան «խափանման միջոց» չկիրառեր վարչապետի նկատմամբ: Օրենքը նաև գլասիտ է անում` ուսումնական հաստատություններում պարտիական քարոզչությունն արգելվում է: Ես մեռնեմ օրենքին, բայց ինչո՞ւ է վարչապետը տոմսեր բաժանում դպրոցում եւ ինչո՞ւ է այդ դպրոցի տնօրինուհին, կիսաուշաթափված, գովեստի խոսքեր ուղղում պարտիային եւ նրա ականավոր ներկայացուցիչ վարչապետին: Հավանաբար խեղճ տնօրինուհին էլ մտածում է, որ սա ոչ թե սովորական քարոզարշավ է, այլ Տիգրան Սարգսյանի ծննդյան օրվա արարողությունը, որի կազմակերպման գործը, պարտիայի համապատասխան որոշումով, հանձնարարվել է իրեն:

Ցանկացած լուրջ քայլից մինչև զավեշտ ընդամենը մեկ քայլ է: Երկրի վարչապետը չորս տարի վարչապետելուց հետո եկել է եզրակացության, որ այս ընթացքում իր տեղում չի եղել: Հավատացեք, որ հենց սա է փաստում արդարադատության նախարարի պարզաբանումը, թե վարչապետը մարզերն է ընկել պարզելու համար, թե ծրագրի մեջ ինչ կետեր ներառի: Էն էլ ո՞ւմ հետ` ՀՀԿ կուսակցական ակտիվի: Իսկ թե վարչապետին ծրագրային ինչ կետեր կարող է հուշել ոչ ակտիվ ժողովուրդը (եթե այդպիսին դեռ կա մարզերում), կարևոր չէ:

Ամփոփենք: Մենք համոզված ենք, որ ՀՀԿ-ն բարձր է գնահատում վարչապետ Սարգսյանի այս տիտանական աշխատանքը: Այս օրերին ՀՀԿ-ում չկա մեկը, որ կարողանա իր ակտիվությամբ մրցակցել նրա հետ: Կարելի է ասել, որ այս էտապում քարոզչության հիմնական բեռը հենց վարչապետի ուսերին է ընկած: Իսկ ինչ վերաբերում է պարոն Թովմասյանի բանաձևին, ըստ որի` չկա թեկնածու, չկա նաև քարոզչություն, ասենք, որ այն ընդամենը մի գեղեցիկ շուտասելուկ է, որվհետև կա ՀՀԿ-ն` որպես քարոզչության սուբյեկտ, որպես իր համամասնական ցուցակով ներկայանալի միավոր, որի մի մասնիկն էլ վարչապետ Սարգսյանն է: Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից եւ ՀՀԿ մյուս երևելիներից էլ լավ թեկնածունե՞ր պիտի լինեն, որ Թովմասյանը տեսնի:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը