Լրահոս

09.03.2012 10:49


Հիլարի Քլինթոնը կրկին խուսափել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանչելու իր և ԱՄՆ նախագահի խոստումը կատարելուց

Հիլարի Քլինթոնը կրկին խուսափել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանչելու իր և ԱՄՆ նախագահի խոստումը կատարելուց

 «Asbarez»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պատասխանելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նամակին, ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների հարց» կոչելու սխալից, սակայն   համարժեք գնահատական չի տվել ոճրագործությանը, և չի կատարել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանչելու իր և նախագահ Օբամայի խոստումը:

«Թեեւ մենք գնահատում ենք պետքարտուղար Քինթոնի` այս քաղաքական շրջանի ընթացքում ամերիկահայ ընտրողների հետ համագործակցելու պատրաստակամությունը, եւ, իհարկե, ի գիտություն ենք ընդունում այն փաստը, որ  նա ձեռնպահ է մնացել իր վերջին` բավականին  վիրավորական մեկնաբանություններից, որոնցով կասկածի տակ էր դրվում Հայոց ցեղասպանության փաստը, մենք նախկինի պես մտահգոված ենք նրա սխալ ջանքերով, որոնք ուղղված են ցեղասպանության միջազգային  հանցագործությունը նվազեցնելուն` հասցնելով այն երկկողմ հակամարտության մակարդակի»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քլինթոնին նամակ էր ուղղել  Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա` հունվարի  26 -ի մեկնաբանությունից հետո, երբ  պետքարտուղարը Եղեռնը որակել էր «պատմական քննարկումների հարց»:

Իր պատասխանում Քլինթոնը գրել է, թե «նախագահ Օբաման 2011 թ. ապրիլի 24-ին հարգել է Օսմանյան կայսրությունում սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակը եւ նշել, որ դա քսաներորդ դարի ամենացավալի իրադարձություններց մեկն է: Ես էլ 2010 թ. Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել եմ Ծիծեռնակաբերդ»,- հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարը: 

Պետքարտուղարն այնուհետեւ, հրաժարվելով Ամերիկայի եւ միջազգային հանրության բարոյական եւ իրավական պատասխանատվությունից, փորձել է ողջ բեռը դնել բացառապես Հայաստանի եւ Թուրքիայի վրա` կոչ անելով նրանց «աշխատել միասին` ընդհանուր պատմության հարցերը լուծելու համար»: Պետքարտուղար Քլինթոնի պատասխանը նույնքան խուսափողական է եղել Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեի նիստում կոնգրեսական Ադամ Շիֆի` «Ունե՞ք խնդիր այն  հարցի կապակցությամբ, որ 1915 եւ 1923 թվականների միջեւ ընկած ողբերգական շրջանի փաստերը ցեղասպանություն են: Ձեր դիրքորոշումը տարբերվո՞ւմ է  սենատոր եղած ժամանակ ունեցած Ձեր տեսակետից»   հարցադրմանը: Ի պատասխան Քլինթոնը դիմել է էվֆեմիզմի` օգտագործելով «ահավոր իրադարձություններ», «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը» արտահայտությունները` ավելի շատ հեռանալով  որպես սենատոր 2008 թ-ին արված իր հայտարարությունից,  թե «Հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում ահավոր իրադարձությունները ցեղասպանության վառ օրինակ են»:

Այս խորագրի վերջին նյութերը