Մեկնաբանություն

12.03.2012 18:05


ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի սխալներն ուղղում է դրանք կոծկելով

ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի սխալներն ուղղում է դրանք կոծկելով

«Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ, թվացյալ ճիշտ ելույթները»: Սա հատված է 2012թ. մարտի 10–ին կայացած ՀՀԿ 13–րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից։ Մի կողմ թողնենք այն պարզ ճշմարտությունը, որ իրականում սխա՛լը ոչ մի արժեք չունի, եթե այն պարզապես թույլ չես տալիս, ոչ թե անվերջ սխալվում ես, հետո արդարանում՝ դե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Ճիշտ չգործելն արդարացնելու հեշտ միջոց են գտել, էլի։ Այդ տրամաբանությամբ կարելի է հավերժ սխալվել։ Դա նույնն է, թե բժիշկը պարբերաբար սխալվի ու մարդկանց վնաս տա, իսկ հետո էլ հայտարարի, թե մեր գործած սխալն ավելի արժեքավոր է, քան ոչինչ չանելը։

Սերժ Սարգսյանի ասածներից դուրս է գալիս, որ Հայաստանը փորձարարական կենտրոն է, իսկ իրենք այդ կենտրոնում տարբեր բաներ են սովորում։ Սխալվում են ու սովորում, սխալվում են ու սովորում, և այդպես շարունակ։ 

Հիմա առաջարկում եմ տեսնել, թե ինչպես են վարվում ՀՀԿ–ում սխալվելուց հետո։ Պարզվում է` ՀՀԿ–ն գտել է Սերժ Սարգսյանի սխալներն ուղղելու հեշտ ու պարզամիտ ձևը... դրանք կոծկելով։

Օրեր առաջ՝ մարտի 7–ին, տեղի ունեցավ ՀՀԿ նոր՝ թարմացված կայքի շնորհանդեսը։ Ծանոթ լինելով ՀՀԿ–ի կարկառուն ներկայացուցիչների հոգեբանությանը՝ միանգամից մտածեցի, որ նրանք առիթը բաց չէին թողնի և չէին դիմանա այնտեղից իրենց ոչ ձեռնտու, այսինքն՝ սխալների մասին փաստող նախկին հրապարակումներից ազատվելու գայթակղությունից։ Եվ, իրոք, չէի սխալվել։

Հայ–թուրքական քիրվայության և Գյուլի անունը իշխող վերնախավի բոլոր ներկայացուցիչների ու ԶԼՄ–ների կողմից մեղրով տալու փուլում ՀՀԿ–ի կայքում տեղադրվել էր, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ ուրախությամբ է ընդունել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում օժանդակելու Թուրքիայի նախագահի առաջարկը։

«Նաև ուրախ եմ, որ պրն. Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, և կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն. Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից»,–ասել էր Սերժ Սարգսյանը։

Ու այս հրապարկմանը հետևյալ հասցեով՝ http://www.hhk.am/arm/lrahos.php?action=fullnews&id=10109, բազմիցս հղում ենք արել և բազմաթիվ վերլուծություններ ու մեկնաբանություններ ներկայացրել։

Իսկ երբ Գյուլը հետ չկանգնեց իր նախապայմանից (ինչն ի սկզբանե բոլորին տեսանելի էր, բացի, թերևս, Սերժ Սարգսյանից), ՀՀ իշխող վերնախավը մեկ օրում խիստ հայրենասեր դարձավ ու թուրք նախագահի հասցեին՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն ու էլ ինչ ասես չսկսեց ասել։ Ու այդ ժամանակ անկեղծորեն զարմանում էի, թե ինչպե՞ս ՀՀԿ–ի կայքից չի հեռացվում վերոնշյալ հրապարակումը՝ չէ՞ որ այն ապացուցում էր, որ հենց Սերժ Սարգսյանի քաղաքական սխալ հաշվարկների ու, ժողովրդական լեզվով ասած, ջուրը չտեսած բոբիկանալու քաղաքականության պատճառով ենք Գյուլի բերանը լեզու դրել։

Փաստորեն, զարմանքս երկար չտևեց։ «hhk.am» կայքի թարմացումից հետո այդ նյութի իզն ու թոզն էլ չի երևում այնտեղ (շտապեմ տխրեցնել ՀՀԿ–ականներին. կուսակցության նախկին կայքէջի այդ մասը մեզ մոտ կա նկարով պահված և եթե հարկ լինի՝ այն կներկայացվի)։

Ամեն դեպքում, հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ է Սերժ Սարգսյանի հիշյալ մտքերը հանվել, դիմեցի ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանին, ով և շնորհանդեսի ժամանակ ներկայացրել էր իրենց կուսակցության թարմացված կայքը։

–ՀՀԿ–ի նոր կայքում արխիվային համակարգ կա՞։

–Այո՛։

–Ո՞ր հատվածում։ Ես փնտրել եմ, չկար։

–Ինքն ամբողջն արխիվ է։

–Նախկին հրապարակումները կա՞ն։

–Որպես արխիվ՝ այդպիսին չկա։ Կուսակցության մասին ամբողջ պատմական տվյալները կան, կուսակցության ամբողջ համագումարների պատմությունը կա։

–Եթե ուզում ենք գտնել այն նյութը, որտեղ արձանագրված է՝ ինչպես էր Սերժ Սարգսյանը Աբդուլահ Գյուլին Հայաստան հրավիրել և ղարաբաղյան հարցում սիրով ընդունել նրա օժանդակությունը, կարո՞ղ ենք։

–Դա լրատվական նյութ է, որը պարտադիր չէ, որ մեր կայքում լինի։ Նախկին կայքում եղել է, բայց հիմա տեղեկատվական կենտրոն բաժինը գործում է արդեն թարմ լուրերի, տեղեկատվության հիման վրա։

–Կարո՞ղ ենք ենթադրել, որ նախկին՝ ձեզ ոչ ձեռնտու նյութերը պարզապես կոծկել եք։

–Ո՛չ, չեք կարող ենթադրել, որովհետև միլիոնավոր տեղեկատվական նյութեր են եղել, և եթե այդ ամբողջը պահենք, դա կդառնա տեղեկատվական արխիվ, ոչ թե՝ կուսակցության կայք։

–Բայց առաջ կար, այսինքն՝ առաջ «hhk.am»–ը կուսակցակա՞ն կայք չէր։

–Նախկին կայքը գործում էր, և իր մեջ արխիվը կար, հիմա ներկա կայքը թարմացվել է, և սա նոր կայք է։ Իր մեջ տեղեկատվական կենտրոնը գործում է նոր կայքի բացման օրվանից սկսած։

Ի դեպ, ՀՀԿ–ի նոր կայքից բացակայում է նաև փնտրման համակարգը, և համոզված եմ, որ այնտեղից Գյուլի օժանդակությունը սիրով ընդունելու հրապարակման օրինակով նմանատիպ՝ ՀՀԿ–ին ոչ ձեռնտու, շատ նյութեր ևս հանվել են։

Բայց դե ինչքան էլ կոծկեն, հո իրականությունը չե՞ն կոծկի, մանավանդ որ, փառք Աստծո, հիշողությունից դեռ չենք դժգոհում։ Փաստորեն, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի առաջարկած կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխվենք»–ը գործնականում նշանակում է հավատանք, որ կայքերից ու այլ տեղերից ոչ ցանկալի բաները հեռացնելով՝ կարող ենք համոզել ընտրողներին, որ փոխվել ենք։ Տեսնես քանի՞ մարդ կհավատա, որ այդպիսով հնարավոր է փոխվել։

Արեգնազ Մանուկյան

Հ. Գ. Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի 13–րդ համագումարում մի արտահայտություն էլ արեց.

«Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն՝ դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն՝ երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանում: Հավատա՛նք, որ փոխենք»:

Լավ կլիներ, որ այս ձևակերպման մեջ լիներ նաև՝ եթե չես հավատում քո նախագահին, ուրեմն դու նախագահ չունես։ Համոզված եմ, որ ահագին մարդ առանց նախագահ կմնար Հայաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը