Մեկնաբանություն

12.03.2012 22:12


Դաշի՞նք, միասնական ցուցա՞կ, թե՞ առանձին–առանձին

Դաշի՞նք, միասնական ցուցա՞կ, թե՞ առանձին–առանձին

Հետևելով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների տարատեսակ հայտարարություններին՝ պարզ է դառնում, որ այդ ուժերի համատեղ հանդես գալու պահով խնդիրներ են առաջացել։

Կա երկու տարբերակ։ Մի մասը գտնում է, որ պետք է գնալ դաշինքով, իսկ մյուս մասը կարծում է, որ ճիշտը «Ժառանգության» ցուցակով միասնաբար գնալն է։ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Քոքոբելյանն այսօրվա ասուլիսում չբացառեց, որ իրենք կարող են նաև որպես բարեկամ կուսակցություններ առանձին–առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Սա էլ երրորդ տարբերակն է, որը, նկատենք, ամենասխալը կլինի։

Անկախ այն բանից, թե կողմերն ինչ վերջնական եզրակացության կգան՝ ակնհայտ է, որ եթե միավորում տեղի չունենա, ապա դա կբերի համապատասխան ընտրազանգվածի ձայների մասնատման և ի վերջո փոշիացման, ինչը ձեռնտու է միայն իշխանությանը, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանին։

Բացի այդ՝ «Ժառանգությունն» և «Ազատ դեմոկրատները» այնքան հեռու են գնացել իրենց հայտարարություններում, որ ընդհանուր հայտարարի չգալով՝ բազում խոսակցությունների տեղիք կտան ու կստացվի, որ որոշ մարդկանց անձնական հավակնություններն ու երկրորդական հարցերն ավելի վեր են դասվել, քան ավելի կարևոր բաները։

Ինչ վերաբերում է միավորման սցենարին, ապա զուտ քաղտեխնոլոգիական առումով ճիշտը, մեր կարծիքով, «ժառանգության» հետ միասնական ցուցակով, այլ ոչ թե դաշինքով ընտրություններին մասնակցելն է, և ահա թե ինչու.

–դաշինք կազմելու դեպքում այդ ուժերը պետք է հաղթահարեն 7 տոկոսանոց արգելքը, ինչը, ներկա իրողությունները հաշվի առնելով, բավական բարդ կլինի, և կստացվի, որ, ասնեք, 6,95% հավաքելու դեպքում խաղից դուրս են մնում և՛ «ժառանգության», և՛ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները,

–«ժառանգությանը» հանրապետության մակարդակով ճանաչում են (մի կողմ դնենք այն հարցը՝ դրակա՞ն, թե՞ բացասական առումով են ճանաչում. ըստ իս՝ առավելապես դրական), իսկ «Ազատ դեմոկրատներին»՝ ոչ, ուստի տրամաբանական է, որ միասնական ցուցակ կազմելու դեպքում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները ներգրավվեն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցության ցուցակում, այլ ոչ թե հակառակը,

–«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնաբար հանդես գալու դեպքում առաջինի անվան տակ հանդես գալը «ռասկրուտակայի» լրացուցիչ ռեսուրսներ չի պահանջի, ինչը չես ասի դաշինքով հանդես գալու պարագայում, քանզի ընտրողների մի ստվար հատված նախընտրական թոհուբոհի մեջ պարզապես չի հասցնի «տեղը բերել» նորաթուխ դաշինքի անունը (դաշինք կարող է իրեն թույլ տալ, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, որը 2008–ի ընտրություններից հետո հանրության լայն շրջանակներին հայտնի է, քանի որ վերջին տարիների ընթացքում լայնամասշտաբ գովազդվել է, այդ թվում՝ ՀԱԿ–ից տարանջատված և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծած մարդկանց մեծ մասի կողմից),

–«Ժառանգություն»–ը 2007–ից հետո հասցրել է ձեռք բերել «Մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման գրասենյակի» իմիջ (այդ կուսակցության ներկայացուցիչները ակտիվորեն պայքարել են փողոցում և հայտնվել այնտեղ, ուր քաղաքացին մեն–մենակ է մնացել պետական համակարգի դեմ), իսկ «Ազատ դեմոկրատները» դեռ սեփական դիմագիծը օբյեկտիվորեն չեն հասցրել ունենալ, իսկ եթե նույնիսկ քաղաքական «տուսովկայի» մեջ հասցրել են ձեռքբերել ինչ–որ իմիջ, ապա իմիջն այդ ոչ միանաշանակ գնահատականների է արժանացել (ընդդիմադիրից մինչև Սերժ Սարգսյանի պրոյեկտ), հետևաբար՝ ռացիոնալ մտածողության տեսանկյունից արդյունավետ կլինի «Ժառանգության» հայտնի իմիջով մտնել ընտրական գործընթացի մեջ, եթե, իհարկե, նպատակ կա իրական պայքար մղել ու նպաստել իշխանափոխությանը, այլ ոչ թե սրանից–նրանից ձայն փախցնելով զբաղվել,

–«Ժառանգությունը» որպես խորհրդարանական ուժ օրենքով սահմանված կարգով տեղեր ունի ընտրահանձնաժողովներում և եթե նույնիսկ ենթադրենք, որ «Ազատ դեմոկրատները» կարող են ձայներ բերել ավելի շատ, քան «ժառանգությունը», ապա միևնույն է հայաստանյան ընտրությունների առանձնահատկությունները հաշվի առնելով՝ առավել կարևոր է ձայներ պահելու ֆունկցիան, քան ձայներ բերելու ռեսուրսը։

Թե ինչ որոշման կհանգեն այդ երկու ուժերը՝ կերևա շատ շուտով։ Մեկ բան ակնհայտ է՝ եթե տեղի չունենա համախմբում և ռացիոնալ մտածողությունն իր տեղը զիջի իռացիոնալիզմին, ապա երկուսն էլ կտուժեն։

Որքան շատ լինեն հանրային համախմբման դրսևորումները և որքան շատ լինեն քաղաքական ճիշտ լուծումները քաղաքական դաշտի տարբեր հատվածներում, այնքան ավելի անցնցում ու հեշտ կլինի իշխանափոխությունը։ 

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը