Լրահոս

15.03.2012 15:03


Ամփոփվել են վարչական շրջանների փետրվար ամսվա հաշվետվությունների արդյունքները

Ամփոփվել են վարչական շրջանների փետրվար ամսվա հաշվետվությունների արդյունքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների փետրվար ամսին ըստ ոլորտների  կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:  Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների հանրագումարով վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են Ավան, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Աջափնյակ, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանները: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը տեղեկացրել է, որ վարչական շրջաններում սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև սպորտի և մշակութային միջոցառումների անցկացման մասով գնահատման նոր մոտեցումներ են կիրառվել, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն գործընթացը: Ըստ այդմ, հատկապես սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված վեց վարչական շրջաններում արձանագրվել են թերացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է տեղերում ուսումնասիրել թերացումների պատճառներն ու քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ առավելագույն ցուցանիշներ վարչական շրջանները փետրվար ամսին  ապահովել են դիմում-բողոքների արձանագրման ու փաստաթղթաշրջանառության իրականացման ոլորտներում:

Սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված որոշակի թերացումներ արձանագրած չորս վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ճշգրտել բազաներն ու ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը: Միաժամանակ, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պատկերը առավել հստակ դարձնելու համար, այսուհետ աղբահանության հավաքագրման ցուցանիշը կառանձնացվի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Քաղաքապետը հանձնարարել է նաև ավելի հետևողական լինել ապօրինի շինարարության և հողօգտագործման դեպքերը կանխելու, բարեկարգման և կանաչապատման, աղբահանության և սան.մաքրման աշխատանքները ավելի բարեխիղճ կազմակերպելու հարցերում:

Անդրադառնալով վարչական շրջանների կատարած աշխատանքների ամենամսյա գնահատման և վերլուծության սկզբունքին, քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ այս մոտեցման հիմնական նպատակը տեղերում աշխատանքների արդյունավետության հետևողական բարձրացումն ու թերացումների շտկումն է: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է տեղերում վերլուծել գրանցված արդյունքներն ու հստակ քայլեր ձեռնարկել թերացումները շտկելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը