Մեկնաբանություն

18.03.2012 17:30


ՀՀԿ և ԲՀԿ համագումարների համեմատությունը

ՀՀԿ և ԲՀԿ համագումարների համեմատությունը

Բոլորն էլ հասկանում են, որ գալիք ԱԺ ընտրությունների գլխավոր ինտրիգը ՀՀԿ–ԲՀԿ մրցակցությունը կամ մրցակցության բացակայությունն է լինելու։ Այլ խոսքերով՝ հարցերի հարցը հետևյալն է. արդյոք ԲՀԿ–ն այս ընտրությունների ՕԵ՞Կ–ն է, թե՞ ՀՀԿ–ի գերեզմանափորը։

Եթե Գագիկ Ծառուկյանը ինքնուրույնության 100 տոկոսին մոտ վարքագիծ չցուցաբերի, ապա Հայաստանի քաղաքական դաշտը կմենաշնորհայնացվի՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։ Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ–ի վերարտադրության դեպքում ԲՀԿ–ին (և ոչ միայն ԲՀԿ–ին) ծանր օրեր են սպասում, իսկ Հայաստանին՝ է՛լ ավելի բարձր տեմպերով հետընթաց և հայաթափում։

Իսկ եթե ԲՀԿ–ն գնա Սերժ Սարգսյանի ազդեցության գոտուց դուրս գտնվող ուժերի հետ համատեղ «կոնսենսուս մինուս մեկ» ծրագիրն իրագործելու ուղղությամբ և ներսից փլուզի իշխանական բուրգը, ապա վերջ կդրվի ՀՀԿ–ի անփառունակ կառավարման հնգամյակին և Հայաստանում հնարավոր կդառնան դրական փոփոխությունները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ համագումարում հռետորների հնչեցրած գնահատականները ցույց տվեցին, որ այդ ուժը պատրաստվում է լրջորեն վիճարկել ՀՀԿ–ի գերիշխանությունը և պայքարի հայտ է ներկայացնում։ Սպորտային լեզվով ասած՝ ԲՀԿ համագումարը մկանների ցուցադրում էր և այդ առումով Գագիկ Ծառուկյանը բացահայտ առավելությամբ հաղթեց ՀՀԿ–ին, որի ներկայացուցիչներին մնում էր միայն ԲՀԿ համագումարի վերաբերյալ ծղրտոցներ հանել իշխանամետ կայքերի էջերից։

Համեմատելով ԲՀԿ և ՀՀԿ համագումարները՝ կարող ենք հետևյալն ասել.

  1. Ի տարբերություն ՀՀԿ համագումարի՝ ԲՀԿ–ում հնչեցին այսօրվա իրողությունները հաշվի առնող գնահատականներ, տրվեցին կոշտ որակումներ։ ԲՀԿ–ն տարանջատվեց ՀՀԿ–ից ու բացասական գնահատական տվեց վերջին տարիներին ՀՀ–ում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, իսկ ՀՀԿ–ի նախագահն իր ղեկավարած ուժի համագումարում փորձում էր թվային աճպարարության օգնությամբ վարդագույն պատկեր ներկայացնել։
  2. Եթե համեմատենք այդ երկու ուժերի առաջին դեմքերի ելույթները, ապա Սերժ Սարգսյանինը կյանքից կտրված ու իրականությունը գլխիվայր շուռ տված դեմագոգիկ նախադասությունների շարան էր, իսկ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ երկրում տիրող վիճակի իրատեսական ու սթափ գնահատականներով. դեմագոգիա չկար, կար մտահոգություն և օրհասական վիճակի գիտակցում։ Ծառուկյանը խոսեց արտագաղթից, իսկ Սարգսյանն անգամ մեկ նախադասությամբ չանդրադարձավ այդ կարևորագույն խնդրին։
  3. Ե՛վ ՀՀԿ–ի, և՛ ԲՀԿ–ի համագումարներին ես որպես լրագրող մասնակցել եմ և կարող եմ ասել, որ եթե ՀՀԿ համագումարի մասնակիցների դեմքերը մռայլ էին և անորոշությունը դրոշմված էր ներկաներից շատերի դեմքերին, ապա ԲՀԿ համագումարին հրավիրված շարքերը բավական ուրախ ու մարտական տրամադրություն ունեին։
  4. ՀՀԿ–ն համագումար արեց Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, իսկ ԲՀԿ–ն մոտ 10 000 մարդ տեղավորող մեծ դահլիճում։ Հարցն այն չէ, որ ՀՀԿ–ն չէր կարող 10 000 մարդ հավաքել (ի վերջո, պետական հիմնարկների աշխատողներին հրահանգելով հաստատ կարող էին կամավոր–պարտադիր սկզբունքով դահլիճը լցնել)։ Հարցն այն է, որ ԲՀԿ–ն իր «ռազմախով» ցույց տվեց, որ պատրաստվում է կռիվ տալ ու հզոր է իր շարքերով, իսկ ՀՀԿ–ն բյուրոկրատական հավաքի էր վերածել իր համագումարը։ Զուտ հոգեբանական առումով և էներգետիկայով ԲՀԿ համագումարը թողեց հաղթող, իսկ ՀՀԿ–ի համագումարը՝ հեռացող ուժի տպավորություն։ ԲՀԿ–ի մոտ «դուխ» կար, իսկ ՀՀԿ–ի մոտ՝ «մուտիլովկեք»։
  5. ՀՀԿ համագումարում լրագրողներին չէին թողնում մտնել դահլիճ և հեռու էին պահել միջոցառման վայրից։ Տպավորությունն այնպիսին էր, որ հանրապետականները թաքուն մի բան էին ուզում անել՝ ուրիշների աչքից հեռու։ Ճիշտ հակառակ պատկերն էր ԲՀԿ–ի համագումարում. լրագրողները ազատ տեղաշարժվում էին և կարող էին հանգիստ կատարել իրենց աշխատանքը։ ԲՀԿ–ն շահագրգռված էր, որ լրագրողները տեսնեին ու իրենց լսարաններին փոխանցեին ամեն ինչ, իսկ ՀՀԿ–ն՝ ճիշտ հակառակը։
  6. ՀՀԿ համագումարի «անակնկալն» այն էր, որ ներկա էին քաղաքական դաշտի դհոլներն ու ԱԽՔ–երը, հաճախորդներն ու նրանց հավասարեցված անձինք։ «Անակնկալը» կամ, ավելի ճիշտ, թամաշան այդ ամբողջական դարձնելու համար ՀՀԿ–ի համագումարում պակասում էին Արամ Զավենի Սարգսյանը, Պետրոս Մակեյանը և մյուս կուսակցություններում ներդրված «ականները»։ ՀՀԿ–ի համագումարի իրական անակնկալն այն էր, որ Սերժ Սարգսյանը համագումարին ներկայացավ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, այն Բեգլարյանի, ում դեմ սերժատու լրատվամիջոցները տոտալ հակաքարոզ արեցին ու դարձրեցին անհանդուրժելի և անընդունելի, որից հետո նա հրաժարական տվեց։ ՀՀԿ–ի համագումարին մասնակցում էր նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ում դեմ նույն պես «ա լյա Բեգլարյան» աշխատել էին նախագահականին կից լրատվամիջոցները։ Փաստորեն, Սերժ Սարգսյանի համար Բեգլարյանն ու Կարապետյանը դարձել են ընդունելի և հանդուրժելի։ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս էին իրենց զգում պարոնայք Բեգլարյանն ու Կարապետյանը, ովքեր, ենթադրաբար, շատ լավ հասկանում էին, որ նախագահն իրենց հրավիրել է ՀՀԿ համագումարին ինչ–ինչ հաշվարկներից ելնելով և որպես ֆոն օգտագործելու նպատակով։ Ինչ վերաբերում է ԲՀԿ համագումարի անակնկալներին, ապա դրանք շատ էին։ Նախ ևս մեկ անգամ արժե նշել հնչած գնահատականների բովանդակությունը։ Բացի այդ՝ ԲՀԿ–ն հանդես եկավ նոր ու քաղաքական դեմքերով։ Տպավորիչ ելույթներ ունեցան Վարդան Օսկանյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը Վահե Հովհաննիսյանը և մյուսները։ Հաճախորդներ ու դհոլներ ԲՀԿ ահամագումարում չկային, եթե իհարկե չհաշվենք հյուրերի մեջ գտնվող Արթուր Բաղդասարյանին ու էլի մեկ երկու հյուրերի, այնինչ դհոլները ՀՀԿ–ի վերջին համագումարի զարդն էին դարձել ու հաճույքով լուսանկարվում էին այն ուժի «տանը», որի ղեկավարին մարդասպան, ղումարբազ և կոռուպցիոներ էին անվանում։

Սա էր ԲՀԿ և ՀՀԿ համագումարների տարբերության ոչ ամբողջական ցանկը։ Հիմնական տարբերությունը, թերևս, հնարավոր կլինի գնահատել այդ կուսակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակների հրապարակումներից հետո։ Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀՀԿ–ն գնում է հին դեմքերով, հաճախորդներով ու մեծապատիվ մուրացկաններ հիշեցնող նորագիրներով, որոնք շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում երկրին, քան կրիմինալ դեմքերը։ ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի գլխավոր տարբերությունը կարող է երևալ նաև ներկայացվող ծրագրերով ու գաղափարներով։

Թե ինչպիսի դեմքերով և տրամադրվածությամբ հանդես կգա ԲՀԿ–ն՝ պարզ կդառնա մեկ–երկու օրից։ ՀՀԿ–ի հետ ամեն ինչ պարզ է, դրա համար էլ որևէ ակնկալիք այդ ուժից չկա։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը