Լրահոս

19.03.2012 12:58


Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Բեգլարյանին և Մանվել Գրիգորյանին ներելու մասին

Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Բեգլարյանին և Մանվել Գրիգորյանին ներելու մասին

2008թ. ընտրություններից հետո, ԱԺ–ին դիմած իր ուղերձում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր.

«Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ՝ ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք ՀՀ–ում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք ՀՀ–ում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր սովորույթներից, որովհետև հետևանքներն իսկապես տեսանելի են լինելու»։

Ու հենց այս հայտարարության համատեքստում էլ իշխանության կողմից ներկայացվում էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելուց հետո Բեգլարյանի հրաժարականը։

Իսկ այսօր այդ նույն Գագիկ Բեգլարյանն ընդգրկվել է 2012թ. մայիսի 6–ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակի 10–րդ հորիզոնականում։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «7օր»–ը հետաքրքրվել է՝ ՀՀԿ–ի ցուցակում հայտնվելը նշանակո՞ւմ է, որ Բեգլարյանի արարքը ՀՀԿ–ի համար այլևս ընդունելի և հանդուրժելի է.

–Արարքի համար հրաժարական է տվել։ Մարդիկ աստվածներ չեն և ոչ էլ հրեշտակներ։ Բոլոր մարդիկ էլ կարող են սխալվել։

Ի դեպ, ավելի վաղ՝ Բեգլարյանի արարքից հետո, Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Նման երևույթները մեզ համար անընդունելի են: Իհարկե, որպես գործընկեր, որպես ընկեր՝ մեզ համար բավականին ցավալի է այս իրավիճակը, բայց, միևնույն ժամանակ, որպես պետական մտածողության տեր այրեր՝ կարծում եմ, որ պիտի այսուհետև ևս անհանդուրժողական լինել նման արարքների նկատմամբ»:

Երբ այսօր «7օր»–ի թղթակիցը Գալուստ Սահակյանին հիշեցրել է իր այս խոսքերը, նա արձագանքել է.

–Դրա համար եղանք անհանդուրժողական։ Այսինքն՝ մարդկանց արարքների համար չենք կախում։ Մարդկանց արարքները քննարկում են, որոշում են ընդունում։ Բոլորն էլ կարող են որևիցե գործողություն այնպես չանել, որ դուր գա ձեզ, մեզ, մյուսներին։

Անդրադառնալով էլ ՀՀԿ–ի ցուցակում գեներալ Մանվել Գրիգորյանի հայտնվելուն՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ նա իր հեղինակությունը մարտադաշտում արդեն ապացուցել է, իսկ ամբողջ քաղաքական կոլորիտը և կուսակցության ստեղծումը ղարաբաղյան պատերազմի հետ է կապված։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ 2008թ. ընտրությունների ժամանակ իր դեմ աշխատելու համար չի ների Մանվել Գրիգորյանին։ Այս խոսքերն էլ է «7օր»–ի թղթակիցը հիշեցրել ՀՀԿ խմբակցության ղեկավարին։

–Եթե մարդը պատգամավոր է գալիս, ներվելու կամ քավության կամ չգիտեմ ինչի խնդի՞ր ունի։ Ի՞նչ ներելու խնդիր կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը