Մեկնաբանություն

19.03.2012 14:12


Րաֆֆին կարող է համալրել Սերժից «քցվածների» և «քաշվածների» հոծ բանակը

Րաֆֆին կարող է համալրել Սերժից «քցվածների» և «քաշվածների» հոծ բանակը

«ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ ցուցակի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Բաղրամյան 26–ից միջամտել էին այդ ցուցակի կազմմանը։ Այլապես ինչպես բացատրել այն, որ ցուցակի 6–րդ հորիզոնականում հայտնվել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատը ներկայացնող Թևան Պողոսյանը, իսկ 9–րդ հորիզոնականում՝ բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով նույնպես իշխանական շրջանակի մարդ է համարվում։

«ժառանգության» ցուցակում տեղ է գտնվել նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի «մարդ» համարվող ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի համար։

Դատելով ամենից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հավատացել է Սերժ Սարգսյանին ու փոխվել՝ կարծելով, որ նախագահական նստավայրի մարդկանց ներգրավելով ցուցակ, ինքը հաստատ կանցնի. ինչպիսի՜ միամտություն։ Նման կերպ ժամանակին մտածել էին նաև մի քանի այլ կուսակցություններ և, բնականաբար, «քցվել»։

Հատուկ Րաֆֆի Հովհաննիսյանի համար փոքրիկ պատմական էքսկուրս կատարենք՝ ցույց տալու համար, թե ինչ է սպասվում «ժառանգությանը»։

Եվ այսպես, 2003–ի ԱԺ ընտրություններին մասնակցում էր նաև նախկին կարկառուն ԱԺՄ–ական Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ կուսակցությունը, որին խորհուրդ էին տվել ցուցակ վերցնել խոշոր գործարար ու Սերժի «մարդը» համարվող Հարություն Փամբուկյանին (ով հետագայում ֆորմալիզացրեց Սերժի «մարդը» լինելու հանգամանքը և դարձավ ՀՀԿ–ական)։ Ս. Ավագյանը համոզված էր, թե իշխանության ներկայացուցչին իր մոտ բերելը կերաշխավորի ՀԺԱՄ–ի անցողիկությունը, բայց ինչպես ցույց տվեցին ընտրությունները՝ ՀԺԱՄ–ը խորհրդարան չանցավ, իսկ Սեյրան Ավագյանն այսօր գործնականում դուրս է մնացել քաղաքականությունից։ ՀԺԱՄ–ի ներկայիս ղեվարան այժմ ՀՀԿ–ի ցուցակում է, այսինքն՝ շարքային հաճախորդի կարգավիճակում։

2003–ին մեկ այլ «քցված» կուսակցության վերածվեց «Հզոր Հայրենիքը», որն իր ցուցակի մեջ ներառել էր Գառնիկ Իսագուլյանին՝ դրանով իսկ շահելով Սերժ Սարգսյանի սիրտը։ «Հզոր Հայրենիքը», ինչպես հայտնի է, նույնպես ՀԺԱՄ–ի օրն ընկավ, իսկ այդ կուսակցության ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը 2007–ից կցված է ՀՀԿ–ի ցուցակին։

2007–ի ընտրություններում ԱԼՄ հեռուստաընկերության սեփականատեր Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունը» նույնպես «քցվեց», չնայած այն բանին, որ Կարապետիչն իր ցուցակի վերին հորիզոնականներում էր գրել Սերժի «մարդը» համարվող «ՍԱՍ–ի Արտակին» և ՕԵԿ–ը լքած Գագիկ Մխեյանին։ Ժամանակին մեծ լսարան և համակիրների զգալի բանակ ունեցող Կարապետիչն այսօր զրկված է հեռուստատեսությունից ու ընդամենը փորձելու է պատգամավոր դառնալ թիվ 17 ընտրատարածքից։ 

2007–ի ընտրություններում «Դաշինք» կուսակցությունը ինչ–ինչ պատճառներով որոշակի կոմպրոմիսների գնաց Սերժ Սարգսյանի հետ, անհասկանալի ցուցակ ներկայացրեց և արդյունքում չանցավ խորհրդարան։ «Դաշինքն» այժմ լուծարված է։

Հիմա նույն բանը Սերժ Սարգսյանն ուզում է անել Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության» հետ, իսկ վերջինս էր «կուտը» կերել է։ Թե ինչ է սպասվում «ժառանգությանն» այս ամենից հետո, կարելի է միայն ենթադրել։

Ափսոս էր Րաֆֆին։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը