Լրահոս

19.03.2012 16:20


Արմեն Հովհաննիսյան. «Եթե այսպես շարունակվի, մենք պետականության կորստի առջև կկանգնենք»

Արմեն Հովհաննիսյան. «Եթե այսպես շարունակվի, մենք պետականության կորստի առջև կկանգնենք»

«7օր»–ի հետ զրույցում գնահատելով ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը՝ բլոգեր Արմեն Հովհաննիսյանը նշել է.

Այդ ցուցակը կլինի սառը ցնցուղ բոլոր նրանց համար, ովքեր շատ ոգևորված էին ինչ–ինչ վերափոխված, բաց վարչակարգի պատրանքներով, որովհետև ասվում էր, որ լինելու են լրիվ նոր մարդիկ, որոնց վրա հասարակության համար ակնհայտ ոչ մի բիծ չկա, որոնք նոր մտածողության տեր են և այլն։ Այդ մարդիկ հիմա կհասկանան, որ ոչինչ չի փոխվում, և որ այն քաղաքական ուժը, որը զոռբայությամբ այս տարիների ընթացքում պահել է իշխանությունը և դարձել համակարգի մի մասնիկը (ինչն անընդունելի է ժողովրդավարության տեսակետից), ամեն կերպ կփորձի իշխանությունը պահել մոտակա ժամանակներում։ Մեր՝ հասարակության խնդիրն է դա թույլ չտալ, որովհետև, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, որ եթե այսպես շարունակվի, մենք պետականության կորստի առջև կկանգնենք։

Անդրադառնալով ցուցակում ներգրավված անձանց, մասնավորապես Արտաշես Գեղամյանին, Վիկտոր Դալլաքյանին, որոնք ժամանկին խիստ բացասական գնահատական էին տալիս Սերժ Սարգսյանի գործունեությանը և քաղաքականությանը, մեր զրուցակիցն ասել է, որ այդ ժամանակները վաղուց են անցել.

–Եկեք 2008–ից այս կողմ նայենք։ Այս հատվածում նրանց կողմից ոչ մի քննադատություն վարչակարգի, կառավարության կամ Սերժ Սարգսյանի հասցեին չի հնչել։ Այդ մարդիկ աջակցել են Սերժ Սարգսյանին այս տարիների ընթացքում, իսկ հիմա հնարավորություն կունենան դա անել նաև Ազգային ժողովում։ Իսկ ինչ վերաբերում է 2008–ից առաջ տեղի ունեցած իրադարձություններին, ապա գուցե Սերժ Սարգսյանը շատ ներողամիտ անձնավորություն է, ինչն այս պարագայում իր օգտին է խոսում։

Սակայն հիշեցնենք, որ վերը նշված անձանցից (այդ թվում՝ Սերժ Սարգսյանից) ոչ ոք հրապարակավ չի հայտարարել տեսակետների փոփոխության մասին և չի հայտարարել, որ զղջում է միմյանց հասցրած քաղաքական կոպիտ որակավորումների համար։ Մեկնաբանելով այդ փաստը՝ Արմեն Հովհաննիսյանը հայտարարել է.

–Դա նույնպես վարչակարգի խնդիրն է, թե իր «ներողամտության» սահմանը մինչև ուր է հասնում։ Երբ խոսքը գնում է իշխանությունը պահելու մասին, իսկ դա նշանակում է նաև ոչ տնտեսական, նյութական և ոչ նյութական պաշարներն իրենց ձեռքում պահելու մասին, այդպիսի մանր–մունր հարցերի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Հիմա դա մի թիմ է, որը համատեղ ջանքերով փորձելու է պահել այն, ինչ հիմա կա։ Բայց սեղանի վրա շատ կարևոր բան է դրված թե՛ իրենց համար, թե՛ մեր երկրի՝ ո՞վ է և ի՞նչ միջոցներով է կառավարելու այս երկրի նյութական և ոչ նյութական պաշարները մոտակա տարիներին։ Դա անչափ ավելի կարևոր խնդիր է, քան այն, թե պարոն Գեղամյանն անձնական առումով համակրելի՞ է պարոն Սարգսյանին, թե ոչ։ Իրենք ունեն բավական խոհեմություն, որպեսզի այդպիսի մանր–մունր բաների վրա ուշադրություն չդարձնեն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը