Լրահոս

21.03.2012 16:25


Ոստիկաններին անհագնստացրել են ընտրակեղծիքների դեմ պայքարող երիտասարդներն ու «Մի՛ վաճառեք ձեր երեխաների ապագան» կարգախոսը

Ոստիկաններին անհագնստացրել են ընտրակեղծիքների դեմ պայքարող երիտասարդներն ու  «Մի՛ վաճառեք ձեր երեխաների ապագան» կարգախոսը

Գյումրու Թատերական հրապարակում արդեն մի քանի օր է, ինչ «Քվեն ուժ է» նախաձեռնության ակտիվիստները վրան են տեղադրել և ստորագրահավաք կազմակերպել, որտեղ քաղաքացիները պատրաստակամություն են հայտնում պայաքարելու ընտրակեղծիքների դեմ: Վրանի վրա փակցված են «Քվեն ուժ է», «Մի՛ վաճառեք ձեր երեխաների ապագան» և նմանատիպ այլ կարգախոսներ:

Սակայն այսօր արդեն վրանն անհետացել էր Թատերական հրապարակից: Ոստիկանները երեկ ուշ երեկոյան նախաձեռնության հեղինակներին կանչել են բաժանմունք և հրահանգել հանել վրանը: Ըստ ակտիվիստների՝ ոստիկանության պաշտոնական պատճառաբանությունն այն է եղել, որ ակցիան արտոնված չէ Գյումրու քաղաքապետարանի կողմից: Երիտասարդները համաձայնվել են հանել վրանը, սակայն այսօր կեսօրին դարձյալ հայտնվել են ոստիկանները և պահանջել հանել սեղանը, որին մոտենում և ստորագրում են քաղաքացիները, ինչպես նաև պահանջել են թռուցիկներ չբաժանել: Հավանաբար ոստիկաններին դուր չի եկել, որ քաղաքացիները պատրաստակամություն են հայտնում ընտրակեղծիքների դեմ պայքարել:

Ըստ «Քվեն ուժ է» նախաձեռնության ակիվիստների՝ իրենց նմանօրինակ ակցիայի համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ դեռևս պաշտոնական քարոզչությունը չսկսված՝ Գյումրիում անհանգստացնող չափերի է հասնոմ տարբեր նվերների տեսքով ընտրակաշառքների բաժանումը, և երիտասարդները կոչ են արել գյումրեցիներին չտրվել գայթակղություններին ու աճուրդի չհանել սեփական քվեն:

–Հիմա ասում են՝ սեղանիկը հանեք, իբր օրենքը թույլ չի տալիս, բայց թույլտվություն պետք էլ չէ սեղանիկի և բուկլետների համար: Մենք, իհարկե, չենք պատրաստվում սեղանը հանել,–ասել է «Քվեն ուժ է» նախաձեռնության ակտիվիստ Արման Մարտիրոսյանը:

Այնտեղ գտնվող փաստաբան Թամարա Յայլոյանն էլ իր հերթին նշել է, որ ոստիկանության պահանջը հակաօրինական է.

–Չեմ կարծում, որ մի երկու–երեք հոգի կանգնածներով կարելի է մասսայական հավաք դիտարկել, որտեղ բրոշյուրներ են բաժանում: Բրոշյուրներ են բաժանում նաև «Ֆաբերլիկ» ֆիրման, Եհովայի վկաներն ու այլք, և որևիցե մեկը նրանց չի արգելում: Նույն կերպ այստեղ է, և կարծում եմ, որ պետք է թույլատրել,- ասել է Թամարա Յայլոյանը:

Այսօր կեսօրից հետո երիտասարդների ջանքերով կրկին վրանը տեղադրվել է Թատերական հրապարակում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը