Լրահոս

23.03.2012 00:05


Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներն այցելեցին  Ծիծեռնակաբերդ

Մարտի 22-ին Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամները՝ Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և  Հայաստանում Հունաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոյի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, եղան Հայոց ցեղասպանության թանգարանում:

Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը, տպավորված թանգարանի շրջայցից, երկար գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում:

Ավել ուշ, զրուցելով լրագրողների հետ, նա ասաց, որ դժվար է զգացումներ արտահայտել՝ տեսնելով այդ փաստաթղթերն ու դաժան իրականությունը: Նա հորդորեց լավատես լինել, հաղթահարել բոլոր դժվարությունները և պայքարել, որպեսզի չկրկնվեն այդպիսի բարբարոսություններ մարդկության դեմ: «Հայերն ու հույները միասին շատ անգամ են հանդիպել պատմական դաժան դեպքերի, ունեցել ընդհանուր թշնամիներ, ուստի մենք ունենք նույն ճակատագիրը»,-ասաց նա:

Նրա խոսքով, երկու ազգերը պետք է սատարեն միմյանց, որպեսզի ողջ մարդկությունն ընդունի իրենց արդար պահանջը: «Խոնարհվում եմ հայ ժողովրդի ուժի, կամքի առջև,-ասաց նա,-ողջ աշխարհի հայերը միասին պայքարեցին, որ նորից Հայաստանը վերականգնվի և ապացուցի իր դերակատարումը մարդկության առաջխաղացման հարցում»:

Նշենք, որ ՀՀ հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը: Այցի նպատակը ՀՀ հանրային խորհրդի և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև համագործակցության երկկողմանի համաձայնագրի ստորագրումն է:

Այս խորագրի վերջին նյութերը