Ջրաշենում կատարված դաժան սպանությունը բացահայտված է
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել էր տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ հանցագործությունը շատ արագ բացահայտվեց. մարտի 22-ին, ժամը 19.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գևորգ Սարգսյանին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Չինար Խուդոյանին դանակահարել և սպանել է ինքը:
Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սպանությունից հետո Չինար Խուդոյանից հափշտակած և իրեղեն ապացույց հանդիսացող «Սամսունգ» բջջային հեռախոսը:
Ջրաշենում կատարված դաժան սպանությունը բացահայտված է