Տնտեսական

18.05.2009 15:01


ՀՌԱԿ–ը «Նաիրիտի» վերաբերյալ հարցադրումներ է անում

ՀՌԱԿ–ը «Նաիրիտի» վերաբերյալ հարցադրումներ է անում

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ 2008 թ. աշնանից  Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավար ընկերների ջանքերով ստեղծվել էր «Նաիրիտ» գործարանի  թնջուկն ուսումնասիրող հանձնախումբ, որին մաս կազմելու առիթով իրենց քաղաքացիական համաձայնությունը տվեցին  տնտեսագետներ, իրավաբաններ, «Նաիրիտի» նախկին աշխատակիցներ: Հանձնախմբի աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը ստանձնել է  ՀՌԱԿ  ատենապետ  Հարություն  Առաքելյանը:

Մինչ հանձնախմբի աշխատանքային արդյունքներին անդրադառնալը, ցանկանում ենք շեշտել, որ վաղուց է հասունացել այն պահը, որ «Նաիրիտ» գործարանի շուրջ կատարվող «տարօրինակությունների» հանդեպ իրականացվի հասարակական հսկողություն  և պայթյունի հետևանքով ստեղծված մասնագիտական ու քրեական հետաքննությանը ցուցաբերվի  աջակցություն՝ հետագա առավել վատթար վիճակներից խուսափելու համար:

Անդրադառնալով հանձնախմբի աշխատանքներին և եզրակացություններին՝ որոշեցինք  կազմել հարցաշար (չնայած շատ հարցերի պատասխանները մեզ հայտնի են)  և հայաստանյան լրատվամիջոցներով տարածել՝  ակնկալելով պատկան մարմինների մասնագիտորեն հիմնավորված պատասխանները:

                                      Հարցաշար

 Հարցախումբ  1. Ինչո՞ւ 2006 թ. չիրականացվեց «Նաիրիտ» գործարանի ուղիղ վաճառք (չնայած հայտարարվեց, որ գործարանը վաճառվել է), այլ օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը  25 000 ֆունտ ստեռլինգ  կապիտալ, տրվեց «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը կարողացավ վերցնել 70 միլիոն դոլար վարկ, սակայն այդ վարկի միայն 39 միլիոն դոլարն է «եկել» Հայաստան,  մնացածը մինչ օրս համարվում է անհետացած:

 Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չիրականացրեց այդ գործարքը, այլ վստահվեց քիմիական ոլորտում պատմություն չունեցող կազմակերպությանը:

Ինչո՞ւ  2006 թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը հանդիսանում էր նաև Միջպետական բանկի կառավարիչը, տվեց համաձայնություն և  թույլատվություն, որպեսզի 70 մլն դոլարը նստի օֆշորային ֆիրմայի հաշվեհամարին:

Հարցախումբ  2.  Ո՞վ է «Նաիրիտ» գործարանի սեփականատերը, ինչո՞ւ է թաքնվում տարիներ շարունակ և նույնիսկ խոշոր վթարից հետո էլ ի հայտ չի գալիս:

Փաստացի սեփականատեր Անդրե Նարսիսյանի մահվանից հետո արդյո՞ք օգտագործվել են կամ շրջանառությունից հանվել են վերջինիս  տված լիազորագրերը կապված «Նաիրիտ» գործարանի կառավարման և ֆինանսական գործունեության հետ:

Արդյո՞ք  Նարսիսյանի  տղան այժմ «Նաիրիտ» գործարանի սեփականատերն է:

Հարցախումբ  3. Երբ հայաստանյան լրատվամիջոցները բարձրաձայնում էին, որ «Նաիրիտի» արտադրանքը չափազանց էժան գնով է արտահանվում՝  մեկ տոննան 2700 դոլարով և փորձում էին ստանալ պարզաբանումներ, ապա ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը արդարանում էր, թե «... մեր ապրանքի գինը դա է շուկայում»:  Արդյո՞ք  նախարարը  որևէ   կապ ունի այն միջնորդ կազմակերպությունների հետ, որոնք  ռուսական, ուկրաինական, բելառուսական վերջնական սպառողին էին հասցնում կաուչուկը 7500 դոլար արժեքով:

Ո՞ւմ գրպանն էր գնում վաճառված կաուչուկի մնացած 4800 դոլարը  մեկ տոննայից...

Որպես հավելում նշենք, որ մեր հաշվարկներով 2006 թ.-ից մինչ օրս արտադրված հազարավոր տոննա կաուչուկից ստացված գերշահույթը կազմում է 60 մլն դոլարից ավելի:  

Հարցախումբ  4. Արդյոք «Նաիրիտ» գործարանը չի՞ բռնել արհեստական սնանկացման ճանապարհը, քանի որ ներկայիս ղեկավարները իրականացնում են գործողություններ բիզնեսի շահութաբերությանը հակառակ՝  ընդունելով հարյուրավոր վարչական աշխատակիցներ՝ բարձր աշխատավարձով (երկարաոտ քարտուղարուհիներ, օգնականներ, խորհրդականներ և ալն) այն պարագայում, երբ կուտակված են բազմաթիվ պարտքեր:

Արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն, որ գործարանի աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 350 մլն դրամ, որից 20 հոգանոց ղեկավարությունը (ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը ներառյալ) ստանում են 60 մլն դրամ:  700 հոգանոց ուռճացված վարչակազմը ստանում է 150 մլն դրամ աշխատավարձ, իսկ հիմնական բարիք ստեղծող ու կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատող 2100  մասնագետները ստանում են ընդամենը 140 մլն դրամ աշխատավարձ:

Ո՞րն է բիզնեսի տրամաբանությունը աշխատավարձի ֆոնդի նմանատիպ «բաշխման» պարագայում:

Հարցախումբ  5. Արդյո՞ք ճիշտ են լուրերն այն մասին, որ շուրջ երկու ամիս առաջ  «Նաիրիտին» ՀՀ կառավարության կողմից տրված  35 մլն դոլարը Հայաստանի միջին և փոքր բիզնեսի համար նախատեսված գերմանական վարկից է: Կամ  ե՞րբ  է ՀՀ կառավարությունը կայացրել նման որոշում և ինչո՞ւ լրատվամիջոցներին տեղեկատվություն  չի տրամադրվել այդ գումարի մասին' արդյո՞ք այն «հակաճգնաժամային նվեր» է, թե՞ հերթական  վարկ է:

Որքա՞ն է կազմում «Նաիրիտ» գործարանի պարտքերի ընդհանուր գումարը և ո՞վ է հիմնական պարտապանը' «Նաիրիտը» իր ակտիվներով,  թե՞ խորհրդավոր սեփականատերը:

Հարցախումբ  6. Վերջին անգամ ե՞րբ է իրականացվել «Նաիրիտի» անվտանգությանն ուղղված միջոցառումներ եւ ի՞նչ արտասահմանյան մասնագիտացված խմբեր են իրականացրել գործարանի անվտանգության գնահատումը:

Ինչո՞ւ է գործարանի ենթակայությունից հանվել մասնագիտացված հրշեջ ծառայությունը:

Վերջին վթարի ժամանակ գործում էին արդյոք հակահրդեհային անվտանգությանը ծառայող ներգործարանային «ցանցը»:

 

Հարցախումբ  7. Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում համապատասխան քայլեր սեփականատիրոջ կողմից պայմանագրային բազմաթիվ պարտավորությունները չկատարելու եւ պատժելու առիթով:

Ինչո՞ւ «Նաիրիտի» բաժնետոմսերը հետ չի վերադարձվում իրական տիրոջը՝ ՀՀ կառավարությանը, ի դեմս ՀՀ էներգետիկայի նախարարության: Ինչի՞ց և ո՞ւմից են վախենում Տիգրան Սարգսյանը և Արմեն Մովսիսյանը:

Հարգելի գործընկերներ

Համոզված ենք, որ վերը թվարկած հարցերի անկեղծ պատասխանները «լույս կսփռեն» «Նաիրիտ» գործարանի ներկայիս անմխիթար վիճակի մասին:

Ցանկանում ենք նաեւ նշել, որ մեր հարցերը բազմաթիվ են ու տարաբնույթ, հետևաբար այս պահին սահմանափակվում ենք այսքանով՝ սպասելով պարզաբանումների՝ թեկուզ հերքումների տեսքով:

                                           ՀՌԱԿ լրատվական ծառայություն       

Այս խորագրի վերջին նյութերը