Մեկնաբանություն

23.03.2012 18:22


Ո՞ւմ կմնա «ժառանգության» ժառանգությունը կամ կմնա՞ արդյոք

Ո՞ւմ կմնա «ժառանգության» ժառանգությունը կամ կմնա՞ արդյոք

«Ժառանգության» ներկայացուցիչներն ու այդ կուսակցույան հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա անհաջող փորձեր է անում հանրությանը բացատրել, թե ինչու իրենց ցուցակում ընդգրկեցին նախագահականի «մարդկանց», ովքեր հրապարակավ գոհունակություն են հայտնել ու հայտնում Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև մշտապես եղել են ու մնում են Բաղրամյան 26–ի թիմի անդամ։

«Նրանք, ովքեր եկել են «Ժառանգության» միացյալ ցուցակ, եկել են փոխված, եկել են փոխվելու համար»,– այսօրվա ասուլիսում նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ուշադրությու՛ն դարձրեք. Րաֆֆին ցուցակային հիմնավորումներ տալիս օգտվում է Ս. Սարգսյանի առաջարկած «Հավատա, որ փոխվես» կարգախոսի բառաֆոնդից և բոլորին փորձում համոզել, որ «հանրային սեկտորից» «Ժառանգության» ցուցակ տեղափոխվածներն արդեն փոխված են եկել։ Ինչպես ասում են՝ «Ֆրոյդի սխալը»  ակնհայտ է։ Այդպիսով կարող ենք ասել, որ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, կամա թե ակամա, խոստովանում է, որ փոխվելուց առաջ նախագահականի ներկայացուցիչները հասցրել են հավատալ Սերժ Ա. Սարգսյանին ու դրանից հետո մտնել «ժառանգություն»։

Այս ամենի ֆոնին հետաքրքրական են «Ժառանգության» ցուցակի մեջ տարալուծված «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արմեն Առաքելյանի անկեղծացումներն ասուլիսի ժամանակ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն Հրազդանի քաղաքապետի ընտրությունների սցենարով՝ իշխանությունը կհաղթի, սակայն ցնցումներ, անկարգություններ, նախորդ նախագահական ընտրությունների նման, չեն լինի։ Լրագրողների այն հարցին էլ, թե այդ դեպքում ո՞րն է ընտրություններին ձեր մասնակցության նպատակը առհասարակ և դաշինքի կազմումը՝ մասնավորապես, Արմեն Առաքելյանը պատասխանել է, թե դաշինքով իրենք հույս ունեն հավաքել մինչև 20 տոկոս ձայն և համապատասխան տեղ ստանալ խորհրդարանում։ Ահա թե ի՜նչ, ահա թե ինչպիսի՜ «կուտ» են տվել իշխանությունները «Ժառանգությանը». «վերցրեք մերոնց և մի քսան տոկոս ձեզ կտանք»։

Թե այսքանից հետո ինչ կմնա «ժառանգությունից»՝ «հետաքննությունը» ցույց կտա։

Արման Սահակյան

Հ.Գ.։ «ժառանգության» ցուցակում իշխանության ներկայացուցիչների առկայությունը Րաֆֆի Հովհաննիսյանի երիտթիմը սոցիալական ցանցերում արդարացնում ու գովերգում է ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ–ականները ողջունում են գեղամյանների «ցուցակագրումը»։ Ինչպես ասում են՝ «No Comment»:

Հ.Գ.-2։ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենց ցուցակը անցյալ տարվա իր հացադուլի շարունակությունն է։ Այստեղից կարելի է մի քանի եզրակացության գալ. կա՛մ «Ժառանգության» ցուցակը վերից–վար կազմվել է Րաֆֆիի հացադուլի օրերին նրան  բարև տված «հանրային սեկտորը» ներկայացնող անձանցից՝ «ով ավելի շուտ է եկել՝ նա էլ հայտնվել վերին հորիզոնականներում» տարբերակով, կա՛մ Րաֆֆին պատրաստվում է խմբակային հացադուլի և հետևաբար ցուցակում ընդգրկել է «հանրային սեկտորի» ասկետներին, կա՛մ Րաֆֆին «նամիկատներ» է անում իր ցուցակային ընկերներին, թե ինչ է իրենց սպասվում ԱԺ ընտրություններից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը