Հարցազրույց

24.03.2012 10:09


Տիգրան Կարապետյան

Տիգրան Կարապետյան

Հարցազրույց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի  հետ

–Ինչպե՞ս եք գնահատում կուսակցությունների հրապարակած համամասնական ցուցակները։

–Այդ ցուցակների անդամները միավորվում են ո՛չ թե գաղափարարական հենքի վրա, այլ իշխանության կողքին լինելու համար։ Օրինակ՝ Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը տարբեր գաղափարներ կրող մարդիկ են։ Կամ երգչուհի Շուշանը։ Նրանք ուղղակի ցանկանում են իշխանության կողքին լինել։ Արդեն նժդեհական գաղափարը վերանում է։

–Իսկ մյուս կուսակցությունների համամասնական ցուցակների մասով ի՞նչ կասեք։

–Նույնը կասեի «Ժառանգության» մասին, որովհետև արդեն ակնհայտ է, որ դրսից է կառավարվում։ Ցուցակի մեջ, փաստորեն, մնացին երեք հոգի՝ Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հավհաննիսյանը և Ստեփան Սաֆարյանը։ Այսինքն, այն է, ինչ որ կար։ Մնացածին իշխանությունն է թելադրել իրենց վերցնել։ Դրսից կառավարվում են շատ ու շատ խնդիրներ։

–Տարբեր քաղաքագետներ և քաղաքական գործիչներ նշում են, որ ներկայացված ցուցակները քաղաքական չեն և հիասթափեցնող են։ Դուք համաձա՞յն եք նման գնահատականին։

–Այո՛։ Ընտրել են այն մարդկանց, որոնք ցանկանում են լինել իշխանության շրջանակներում։ Շատ կուսակցությունների ցուցակներում ներգրավված են այնպիսի մարդիկ, որոնք չեղոքացնում են պայքարը, բայց դառնում են պատգամավոր։ Ժամանակին Արտաշես Գեղամյանը «ԱԼՄ»–ում տեղադրել էր մի տեսահոլովակ, որտեղ գրված էր՝ «Թուրքե՛ր, հեռացե՛ք»։ Դրա համար մեզ 24 ժամ էին տվել։ Բայց այսօր նա ասում է, թե Սերժից այն կողմ աշխարհ չկա։ Գիտե՞ք ինչ, կարելի է փոխել հայացքները, բայց ո՛չ 180 աստիճանով։

–Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակն այլընտրանք է ո՛չ թե իշխանությանը, այլ հենց ընդդիմությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

–Ես ընդհանրապես ո՛չ Լեռնիկ Ալեքսանյան եմ ընդունում, ո՛չ էլ «Ժառանգություն»։ Մենք ընդդիմություն չունենք։ Այսօրվա ընդդիմությունը խաղերի մեջ է իշխանության հետ։ Եվ դա մենք տեսնում ենք։ Այնպես որ, Լեռնիկ Ալեքսանյանը չի կարող ինձ համար ցուցանիշ լինել։ Ես մի բան կասեմ՝ այսօրվա դրսևորումը ես տեսնում եմ միայն կիրառական, նյութական։ Ցանկացած անհատ ձգտում է անձնական բարելավում ունենալ։ Փաստորեն, սեփական հարստացման կամ տեղավորման հարցերն են լուծում։

–Դուք առաջադրվել եք Արտաշատում։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները։

–Շատ լավ։ Սակայն արդեն խախտում կա։ Հանրապետական կուսակցությունից երկու հոգի են առաջադրված։ Ինքնաառաջադրումը կապ չունի։ Եթե Հովիկ Աբրահամյանի եղբայրն է առաջադրվել, դա չի՛ կարող դիտվել որպես ինքնաառաջադրում։ Դա արդեն ժառանգական է։ Եվ եթե այսօր արդեն ժառանգական կապերն են առաջ գնում ընտրարշավում, ուրեմն մեղք է մեր ժողովուրդը։

Զրույցը վարեց Դիանա Պետրոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը