Լրահոս

18.05.2009 15:39


Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազները ստորագրել են համագործակցության մասին Հուշագիր

         Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ Ռենատա Վեսեցկան մայիսի 18-ին  Երևանում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:

Հաշվի առնելով միջազգային բնույթ ունեցող կազմակերպված հանցավորության և դրա դրսևորումների աճը, որոնց թվում է մարդկանց առևտուրը եւ անօրինական միգրացիան՝՝ կողմերը պարտավորվել են համագործակցել և իրավական օգնություն ցույց տալ միմյանց մարդկանց առևտրի  և անօրինական միգրացիայի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես նաև  ակտիվացնել համագործակցությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության բնագավառում:

Մինչ հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ նաև երկու երկրների դատախազությունների կոլեգիայի համատեղ նիստ, որի ընթացքում  քննարկվել են  Հայաստանի և  Չեխիայի դատախազական համակարգերում իրավականացվող բարեփոխումներին, գործառույթներին և խնդիրներին, միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների համագործակցության զարգացման ուղիներին և անհրաժեշտությանը՝ կողմերը կարևորել են  հանցավորության դեմ պայքարում  համագործակցված աշխատանքը, փորձի փոխանակումը և  համաձայնություն  ձեռք  բերել ստորագրել նաև առանձին միջոցառումների ծրագիր:  Նախատեսվում է, որ ծրագիրը կստորագրվի Պրահայում, Չեխիայի գլխավոր դատախազի հրավերով Հայաստանի գլխավոր դատախազի աշխատանքային այցի ժամանակ:

Մայիսի 18-ին Չեխիայի գլխավոր դատախազության պատվիրակությունն այցելեց նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով  Հայաստան է ժամանել ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ մայիսի 16-ին: Նույն օրը պատվիրակությունն այցելել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի  ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը