Լրահոս

18.05.2009 16:28


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հանրային հեռուստատեսությամբ ուղիղ եթերով («Ասպարեզ» հաղորդաշար, 17.05.09) հաղորդման ժամանակ, պատասխանելով Ավան համայնքում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի թռուցիկները բաժանող կանանց ծեծի ենթարկելու փաստի մասին հարցին՝ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագյուլյանը ասաց հետևյալը. «Չի կարելի այդ դեպքին միակողմանի նայել, ըստ իմ ունեցած տեղեկությունների, նրանք թռուցիկները բաժանելիս նաև հայհոյել են։ Նրանց չի կարելի կին համարել»։ Նա դրանով ըստ էության արդարացրեց այն բռնարարքը, ինչից հետո երեք կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Այսպիսով, ԿԸՀ-ի Հանրապետական քարտուղարը ոչ միայն լկտիաբար ստեց, այլև պաշտոնապես և հրապարակավ պաշտպանեց ընդդիմության դեմ ուղղված այն բռնարարքները, որ վարչախմբի թեկնածուի օգտին նույն վարչախմբի հանձնարարությամբ իրականացնում է քրեական տարրը։ Սրանից զատ, ԿԸՀ անդամը, խախտելով օրենքը, հանդես է եկել քաղաքական մեկնաբանություններով, ինչը նրա լիազորությունների մեջ չի մտնում: ԿՀԸ-ի Հանրապետական քարտուղարի այդ հայտարարությունը ըստ էության բռնության խրախուսանք է, և իր կուսակցության ապօրինությունը արդարացնելու փորձ։ Այսինքն՝ ԿԸՀ-ը ոչ միայն ներքաշված է ընտրակեղծիքներ կատարելու և դրանք պարտակելու գործում, այլև ծառայում է որպես բռնարարքները խրախուսող գործիք։ Հայ Ազգային Կոնգրեսը միջազգային հանրության ուշադրությունն է սևեռում այն փաստի վրա, որ առ այսօր Ավանում տեղի ունեցած քրեական հանցագործության համար դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, չնայած այն բանին, որ հանցագործները հայտնի են։

Այս խորագրի վերջին նյութերը