Լրահոս

18.05.2009 17:47


Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը

Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչև օրակարգին անցնելը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին աջակցություն ցուցաբերած և մեկ միլիոն ու ավելի ԱՄՆ դոլար նվիրաբերած գործարարներ Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին, Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Կարապետյանին, Գենադի Ստեփանյանին, Էդիկ Խաչատրյանին, «ՎիվաՍել» և «Հայռուսգազարդ» ընկերություններին շնորհվել է Հիմնադրամի պատվո անդամի վկայագիր:

«Ղարաբաղ տելեկոմը», որը Հիմնադրամին ցուցաբերել է 500.000 ԱՄՆ դոլարի աջակցություն, ստացել է բարերար անդամի վկայագիր:

Հիմնադրամին 250.000-ից մինչեւ 500.000 ԱՄՆ դոլար նվիրաբերած գործարարներ Միքայել Բաղդասարովին և Սամվել Ալեքսանյանին շնորհվել է աջակից անդամի վկայագիր:

Օրակարգի առաջին կետով փոփոխություն է կատարվել Հիմնադրամի կանոնադրության մեջ և հիմնվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն՝ ընդգրկելով նրան նաև հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմում: Այդ պաշտոնում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նաև նորաստեղծ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնը: Ի պաշտոնե խորհդում հաստատվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հիմնադրամի խորհրդի կազմն ընդլայնվել է՝ ընդգրկելով Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ դա արդարացված է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանում է ամենամեծ հայկական գաղթօջախը: Որպես Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է բարերար, հայտնի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը: Որոշվել է նաև նրան ընդգրկել հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմում:

Բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը բազմազբաղության պատճառով դուրս է եկել հոգաբարձուների խորհրդի նախագահության կազմից: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Որոշվել է Լուիզ Սիմոն Մանուկյանին շնորհել Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում:

Հոգաբարձուների խորհուրդը Արա Վարդանյանին հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնում:

Նիստի վերջում նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը ներառում է Հայաստանի և Սփյուռքի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին և խոշորագույն հայկական համայնքների ներկայացուցիչներին, Նախագահ Սարգսյանն ասել է.

-Այդուհանդերձ մեր նիստերը հիմնականում սահմանափակվել են Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի քննարկմամբ: Ես որոշել եմ այսուհետ օգտագործել հոգաբարձուների խորհրդի նիստի առիթը՝ Ձեզ ներկայացնելու համահայկական նշանակության խնդիրների առկա զարգացումները:

Այնուհետև Հանրապետության ղեկավարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Այս խորագրի վերջին նյութերը