Լրահոս

29.03.2012 19:06


Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված դրական և բացասական զարգացումները

Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված դրական և բացասական զարգացումները

ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Մտահոգիչ է եղել մարդու և առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը: Միայն 2011թ. պաշտոնական տվյալներով հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության իրականացման 5 դեպք, երբ առկա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:
  • Շարունակվել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տարածքների ոչնչացումը, մասնավորապես՝ անտառների (անտառային հողերի) հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար, ընդ որում՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման: Շարունակվել են ապօրինի ծառահատումների դեպքերը, որոնք Նախարարության համապատասխան կառույցների կողմից չեն արձանագրվել, և համապատասխան վարչական վարույթներ չեն  սկսվել:
  • Մտահոգիչ է եղել հանքարդյունահանման հետ զուգակցվող և շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը թողնող ևս մեկ խնդիր՝  այդ գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնները և պոչամբարները: Նախարարության կողմից բավարար չափով չեն ուսումնասիրվել ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերության հետևանքով խախտված, դեգրադացված հողերը (պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր):
  • Առանձին դեպքերում Նախարարությունը թերացել է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին սահմանված կարգով հասարակությանը իրազեկելու գործընթացը կազմակերպելու ժամանակ: Որոշ դեպքերում էլ հասարակական կառույցների հետ չի քննարկել իրավական ակտերի նախագծերը:
  • 2011թ.  ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 36 զանգ: Նման ցածր ցուցանիշը վկայում է ինչպես բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի, այնպես էլ նախարարության հանդեպ ունեցած վստահության պակասի մասին:

 Արձանագրված դրական զարգացումները

 

  • Պահպանվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը և Սևանա լճի հարակից տարածքներում ստեղծվել են հանրային լողափեր:
  • Կասեցվել են «Թռչկան» ջրվեժը սնուցող գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները, և ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկում`  որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան:
  • Մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվել են անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

  

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի սույն  բաժինն (4) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/608 հասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը