Մեկնաբանություն

30.03.2012 15:55


Մանվել Բադալյանը հավատաց, փոխվեց և արեց իր ասածի հակառակը

Մանվել Բադալյանը հավատաց, փոխվեց և արեց իր ասածի հակառակը

ՀՀԿ–ի առաջ քաշած նոր՝ «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը բազում անեկդոտների և մեկնաբանությունների պատճառ է դարձել։ Մարդիկ ամեն օր համոզվում են, որ կարգախոսն այդ հակառակ ձևով է կյանքի կոչվում և որևէ պատճառ չկա հավատալու, որ ՀՀԿ–ն կփոխվի դեպի լավը։ Իշխող ուժի ցուցակն էլ ապացուցում է, որ հիմնականում գործ ունենք մի բան ասող ու լրիվ հակառակ բանն անող մարդկանցից բաղկացած թիմի հետ։

«Ճիշտ կլինի քաղաքացիական ծառայության համակարգում կուսակցական լինելն արգելել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով»։

Երբեք մտքներովս չի անցնի, որ այս հայտարարությունն ընդամենը մեկ տարի առաջ արել է մի մարդ, ով այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 83–րդ տեղում է։ Խոսքս ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի մասին է։ Ամսաթվերով վերհիշենք, թե ինչպես էր այժմ ՀՀԿ–ի ցուցակով պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած Բադալյանը խիստ քննադատության ենթարկում քաղծառայողների կուսակցականացումը։

Նոյեմբեր 29, 2010. «Այո՛, ես եղել և մնում եմ նույն կարծիքին, որ մեր քաղաքական չկայացած համակարգի պայմաններում այսքան կուսակցականացնել, այսքան ամեն ինչ փորձել նայել կուսակցական պրիզմայով... ոչ միայն չի բխում քաղաքացիական ծառայության շահերից, այլև պետական կառավարման համակարգի շահերից և նրա արդյունավետ գործունեության կազմակերպման հրամայականից»։

Մարտ 02, 2010. «Կուսակցականացման միտում ենք անընդհատ տեսնում աշխատակազմերում։ Հատկապես կոալիցիոն կառավարության դեպքում, երբ գրեթե բոլոր նախարարները տարբեր կուսակցությունների անդամներ են, յուրաքանչյուր աշխատակազմում մարմինների ղեկավարների կողմից կուսակցականացման ավելորդ ջանասիրություն եմ նկատում և ուզում եմ ասել, որ դա իրենց պատիվ չի բերում։ Իրենց պատիվ կբերի, եթե աշխատակազմերը համալրվեն որակյալ, բանիմաց, փորձառու մասնագետներով ու մարդկանցով ... Տեսնում ես՝ երեկ հանրապետական էր, այսօր «Օրինաց երկրի» կրծքանշանով է, որովհետև երեկ չէ առաջին օրը նախարար է դարձել օրինացերկրացին։ Հիմա վաղը դաշնակցականը, հանրապետականը կգա՝ կդառնա։ Մեղք է այս ժողովուրդը, մե՛ղք է։ Այդ արժեքային համակարգի տեր մարդուց լուրջ պետական ծառայող դուրս չի գալու, ինքան ուզում ես՝ հղկի, շտկի, ինչքան ուզում ես՝ պահանջի. սկզբունք չկա ... Կան շատ-շատերը, ովքեր մի քանի կուսակցական տոմսեր են կրում իրենց տարբեր գրպաններում։ Նման մարդկանց հետ շատ հեշտ չէ մեծ արդյունքների հասնել։ Եկեք կոչ անենք նման մարդկանց, որ մի քիչ ավելի սկզբունքային լինեն։ Նման մարդն իր աշխատանքում չի կարող սկզբունքային լինել ... Առաջ հարում էր, ասենք թե, չգիտեմ՝ ում, հիմա հարում է Նժդեհին։ Այդ մարդու անունն էլ է էժանանում։ Այդ մեծ մարդն ափսոս է, որ այսքանին այսպես տեղի-անտեղի տալիս են»։

Մայիս 06, 2010. «Մեր կուսակցությունները կարծես դառնում են աշխատանքային բորսաներ։ Ստանում ենք անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներ, որոնք շատ կամայական են։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բազմաթիվ քաղծառայողներ տարբեր գրպաններում տարբեր կուսակցությունների անդամատոմսեր են պահում։ Խոսքս ուղղում եմ կոալիցիոն կուսակցությունների գործընկեր նախարարներին։ Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ թեկնածուներ են առաջարկում ձեզ, դուք էլ ամեն գնով ուզում եք անցկացնել»

Նոյեմբեր 28, 2011. «Ցանկացած երկրի պետական շահ բարձր է կուսակցական շահից»։

Հիմա ի՞նչ պետք է անի այն քաղծառայողը, ում ստիպել էին իր տեղը պահելու համար կուսակցություն մտնել, բայց լսելով իր շեֆի «առյուծիկաթային» ու սկզբունքային հայտարարությունը՝ որոշել էր հավատալ նրան ու փոխվել՝ դառնալ անկուսակցական, անկաշկանդ ու իշխող կուսակցությունների գրասենյակների ուղղությամբ հայացքը չուղղող քաղծառայող։ Ի՞նչ անի նա, երբ տեսնում է, որ քաղծառայության հարցերով զբաղվող Մանվել Բադալյանը սեփական օրինակով ցույց է տալիս, որ պետք է մտնել կուսակցության (տվյալ դեպքում ՀՀԿ–ի) տանիքի տակ, որպեսզի ապահովագրվես աշխատանք կորցնելուց։

 ՀՀԿ–ի համամասնական ցուցակում հայտնվելով՝ ի՞նչ «մեսիջ» է քաղծառայողներին հաղորդել Մանվել Բադալյանը։ Հաշվի առնելով Քաղծառայության խորհրդի նախագահի նախկինում տված ձևակերպումները՝ կարող ենք ասել, որ նրա հայտնվելը ՀՀԿ–ի ցուցակում փաստացի նշանակում է՝ քո տեղը պահելու համար անպայման պետք է դառնաս կուսակցական կամ տեղ ունենաս իշխող ուժի ցուցակում, լինես կաշկանդված, հաշվի առնես միայն կուսակցական ու հատվածական շահը, լինես անսկզբունքային, զուրկ լինես արժեքային համակարգից և այլն ու էլի այսպիսի փիս–փիս բաների կրող լինես։

Ի դեպ, մի առիթով էլ Մանվել Բադալյանը հայտարարել է. «Քաղծառայողը պետք է կարողանա պաշտպանվել։ Ես ուզում եմ պաշտպանել նրանց, ովքեր իրենք են ուզում պաշտպանել իրենց։ Ես չեմ ուզում վախկոտ և անսկզբունք մարդկանց պաշտպանել»։

Փաստորեն, Բադալյանն ինքն իրենից էլ չկարողացավ իրեն պաշտպանել։ Բա էլ ինչու՞ էր «մուննաթ» գալիս շարքային քաղծառայողների վրա, ովքեր տեսնելով հայաստանյան բարքերը՝ կուսակցականացվում էին։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը