Լրահոս

30.03.2012 10:59


ՄԻՊ. «Որոշ դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ անձանց տրված տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը»

ՄԻՊ. «Որոշ դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ անձանց տրված տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը»

Պաշտպանի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի (այսուհետ` Կադաստր) պետական կոմիտեն որոշ դեպքերում քաղաքացիներին տրամադրել է համակարգում առկա տեղեկատվություն, որը սակայն լիարժեք չի եղել պահանջվող գործառույթի իրականացման համար:
  • Կադաստրը պետական գրանցման ժամանակ քաղաքացիներից որոշ դեպքերում պահանջել է այնպիսի փաստաթղթեր կամ պետական գրանցումը մերժել է այնպիսի հիմքերով, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ:
  • Այգեգործական նպատակներով նախկինում քաղաքացիներին հատկացված և վերջիններիս կողմից երկարաժամկետ չտնօրինված հողամասերի մի մասը ներառվել է համայնքների հողային հաշվեկշռում և համայնքների ղեկավարների կողմից հատկացվել է այլ անձանց: Այս դեպքերում Կադաստրի կողմից հաշվի չեն առնվել այգեգործական ընկերությունների կողմից հողամասերը նախկինում քաղաքացիներին տրված լինելու հանգամանքը, և դրանց նկատմամբ գրանցվել են նոր սեփականատերերի իրավունքները: 
  • Որոշ դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ անձանց տրված տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը:
  • Կադաստրի աշխատակիցները գույքի կադաստրային արժեքը գնահատելիս որոշ դեպքերում չեն առաջնորդվել օրենսդրությամբ նախատեսված գործակիցներով:
  • Ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող նորմերը վերանայելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների քննարկումներն իրականացվել են ուշացումով (օրինակ՝ ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշումը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Երևան քաղաքապետի 30.10.2008թ. համատեղ պաշտոնական պարզաբանումը):

Արձանագրված դրական զարգացումները

  • 2011 թվականի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվել են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են եղել համակարգի գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար` կոռուպցիոն  ռիսկերի նվազեցմանը:
  • 2011թ. ապրիլի 25-ից դիմողների համար հնարավորություն  է ընձեռվել գանձվող վճարների նկատմամբ գործակիցների կիրառման միջոցով գրանցման վկայականները ստանալ արագացված կարգով (առավել կարճ ժամկետներում):
  • Վերացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը (բացառությամբ միակողմ գործարքների), այդ մասով ներմուծվել է կադաստրի համակարգի կողմից ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտ, և նշված կարգով գործարքների կնքումը կադաստրի համակարգում իրականացվել է անվճար:
  • Կադաստրի սպասարկման գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմամբ դիմողներին հնարավորություն է տրվել իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման դիմումները ներկայացնել և փաստաթղթերը ստանալ իրենց ընտրությամբ` կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակում (նույնիսկ առանց սպասարկման գրասենյակ ներկայանալու` էլեկտրոնային փոստով) անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից:
  • Վերացվել է պետական գրանցում ստացած անշարժ գույքի նկատմամբ տեղեկատվություն տրամադրելու կամ նման գույքի նկատմամբ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դեպքում գույքի չափագրման կամ տեղազննության պարտադիր պահանջը:
  • Վերացվել է իրավունքների պետական գրանցման ու տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացման մասին դիմումների` ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացման պահանջը, ինչպես նաև համակարգի ծառայություններից օգտվելու համար դիմողներին սպասարկելու նպատակով ստեղծվել են հատուկ մասնագիտացված կառույցներ` սպասարկման գրասենյակներ:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան 

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի սույն բաժինն (9) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/631  հասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը