Լրահոս

30.03.2012 14:48


Արմեն Ռուստամյան. «Հայաստանը պետք է զարգանա՝ չզիջելով»

Արմեն Ռուստամյան. «Հայաստանը պետք է զարգանա՝ չզիջելով»

Այսօր մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի Երևանում գումարված 4-րդ եռօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից Հայ դատի ավելի քան 25 հանձնախմբի անդամներ:

Օրակարգում  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների, հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի միջազգային իրավական ճանաչման և բանակցային գործընթացի, Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ պայքարի հիմնախնդիրների, ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերների և Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերն են։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր զեկույցում անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության և Հայ դատի խնդիրներին:

«Թե՛հայկական և թե՛ ընդհանրապես մյուս երկրների հանձնաժողովների ներկայացուցիչները պատրաստ չեն դիվանագիտական աշխատանքների սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Հանձնաժողովները կազմված են մարդկանցից, ովքեր թեմաներին լավ չեն տիրապետում: Թուրքական և արդրբեջանական լոբբին աշխատում է այլ միջոցներով՝ հիմքում ունենալով նյութականը: Այս առումով մենք պետք է հասկանանք, որ չենք կարող մրցել նրանց դաշտում, նվերների, նյութական շահերի ասպարեզում։ Մեր աշխատանքը հիմնված է բարոյական, գաղափարական հենքերի վրա»,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

Որպես Հայ դատի առաջնային խնդիրներ՝ նա առանձնացրեց երեք հարց՝ Ցեղասպանության միջազգային ճանաչում, Հայաստանի տնտեսական վիճակի բարելավում, Արցախի հիմնախնդիր:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ Հայ-թուրքական և ղարաբաղյան հարցում կոչ արեց գործել միասնական:

«Հայաստանը պետք է զարգանա՝ չզիջելով: Մենք չպետք է կատարենք քայլեր, որ մեր ձեռքից բաց թողնենք մեր հնարավորությունները, և այդ քայլերով չփակենք ճանապարհները»,–ընդգծեց նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը