Լրահոս

30.03.2012 15:00


Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը մտահոգիչ է

Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը մտահոգիչ է

Պաշտպանի գնահատականը Երևանի Քաղաքապետարանի և այլ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Երևանի Քաղաքապետարանի և այլ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Քաղաքապետարանի կողմից անբավարար վերահսկողության արդյունքում բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և խաղահրապարակներում հաճախ իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնք ժամանակին չեն կանխվել:
  • Քաղաքապետարանը կրպակների ապամոնտաժման ծրագիրն իրականացնելիս հիմնականում չի ապահովել անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, ինչի հետևանքով խախտվել են համապատասխան անձանց իրավունքները, և առաջացրել  սոցիալական լարվածություն:
  • Չի սահմանվել Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմինը, որը պատշաճ հսկողություն պետք է  իրականացներ  բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում կառուցապատողների` օրենքով կամ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ:
  • Երևանի քաղաքապետարանը բավարար չափով չի վերահսկել համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությունը`  կապված շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ու դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ:
  • Առանձին դեպքում (Կոմիտաս 26 հասցեում)  քաղաքացուն տրամադրվել է շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվող քաղաքաշինական փաստաթղթեր, որոնք հետագայում նույն մարմնի կողմից վերացվել են`  օրենսդրության պահանջների խախտմամբ տրված լինելու պատճառաբանությամբ:
  • Երևանի քաղաքապետարանը ոչ բոլոր դեպքերում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքաշինական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության խախտումներ թույլ տված անձանց: Այսինքն՝ դրսևորել է խտրական և կամայական մոտեցում:
  • Մտահոգիչ է Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը: Բավարար չափով չեն իրականացվել հասարակական տրանսպորտի շահագործումը բարելավելու, կառավարումն առավել արդյունավետ դարձնելու և ուղևորափոխադրումների որակը բարձրացնելու աշխատանքները:
  • Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտները, և հասարակական տրանսպորտը հաշմանդամների ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագրեր, որի հետևանքով շարունակել են խախտված մնալ վերջիններիս իրավունքները:

Արձանագրված դրական զարգացումները

  • Համայնքներում իրականացվել են կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
  • Վերականգնվել, կահավորվել և կառուցվել են հասարակական տրանսպորտի նոր կանգառներ:
  • Քաղաքապետարանը բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ կարողացել է  լուծել թափառական կյանքով ապրող անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի և առաջին անհրաժեշտության այլ հիմնախնդիրներ:
  • Ծայրահեղ կարիքի մեջ գտնվող երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար մշակվել և քաղաքապետարանի կայքէջի միջոցով գործողության մեջ է դրվել «Ցանկությունների իրականացում» բարեգործական նախագիծը:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան 

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի  սույն բաժինն (22) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/633  հասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը