Լրահոս

03.04.2012 11:14


Կարևորվել է նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելը. Գարեգին Բ–ն ընդունել է գյուղնախարարին

Կարևորվել է նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելը. Գարեգին Բ–ն ընդունել է գյուղնախարարին

Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և նախարարության պաշտոնեությանը` ուղեկցությամբ Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի
Մայր Աթոռի մամլո դիվանից տեղեկացնում են, որ հանդիպման սկզբում Արտակ եպիսկոպոսը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նախարարության միջև արդեն մեկ տարի ձևավորված համագործակցությանը, կարևորել է նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը:
Այնուհետև նախարարության պաշտոնեությանն իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով ներկաների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Գոհունակությամբ անդրադառնալով Եկեղեցու և նախարարության միջև առկա համագործակցությանը` Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել` իր կյանքը շաղախելով Աստծու օրհնությամբ: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ ձևավորված համագործակցությունն իր բարի արգասիքները կտա և կնպաստի ժողովրդի հավատի զորացմանը, օրհնաբեր բարի ավանդույթների վերականգնմանը: 
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում կատարվող աշխատանքն ազգանվեր ու ազգաշեն գործ է, որը պիտի ուղղված լինի հայ գյուղացու աշխատանքի արդյունավորմանը և այդպիսով` Հայրենիքի շենությանն ու բարգավաճմանը: Նորին Սրբությունը հորդորել է առավել չափով միջոցներ ձեռնարկել, որ հայ գյուղացու կյանքն ավելի բարելավվի, ուրախությամբ մշակելով հողը` գյուղացին տեսնի իր աշխատանքի պտուղները և կապված մնա իր հողին, ինչը երկրի անվտանգության, զորացման ու առաջընթացի կարևորագույն գրավականներից մեկն է:
Գյուղատնտեսության նախարարն իր և աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնել է Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի օրհնության և զորակցության համար և մեծապես կարևորել Եկեղեցու հետ գործակցությունը: Սերգո Կարապետյանը ներկայացրել է նաև նախարարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ձեռնարկները, արձանագրված արդյունքները և նախանշված ծրագրերը: Նախարարն իր խոսքում նշել է, որ չնայած գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացին, նախարարությունը չի բավարարվելու ձեռք բերված արդյունքներով, և հավաստիացրել, որ այդ ուղղությամբ շարունակվելու է ամեն ջանք ու եռանդ ներդրվել:
Հանդիպման ավարտին վերստին հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերելով նախարարին և նախարարության աշխատակազմին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է շարունակել ամենայն ջանադրությամբ, նվիրումով և նախանձախնդրությամբ իրենց ծառայությունը մատուցել ժողովրդին և Հայրենիքին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը