Լրահոս

04.04.2012 12:26


Լևոն Զուրաբյանն ու Արմեն Ռուստամյանը ստորագրեցին, Գալուստ Սահակյանը ձեռնպահ մնաց

Լևոն Զուրաբյանն ու Արմեն Ռուստամյանը ստորագրեցին, Գալուստ Սահակյանը ձեռնպահ մնաց

Ընտրությունների վերահսկողության միասնական հանրային կենտրոնական շտաբ ձևավորելու վերաբերյալ այս պահին Քաղաքագետների միությունում ընթացող քննարկաման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք շատ լուրջ են տրամադրված, քանի որ Հայաստանում ընտրակեղծարարությունը, սպառնալիքները դարձել են մեր քաղաքական համակարգի գլխավոր հիվանդությունը և չարիքը։

–Պատրաստ ենք ցանկացած քայլ նախաձեռնել այդ չարիքը վերացնելու համար, իսկ այդ չարիքի հեղինակը Սերժ Սարգսյանի  ռեժիմն է, ու այս սեղանի շուրջ հավաքված բոլոր ուժերը՝ բացի մեկից, շահագրգռված են, որ ընտրություններն իրոք անցնեն ազատ և արդար, որովհետև այլապես 10 տոկոսից ավել ձայն չի հավաքի և իր իշխանությունը չի կարողանա պահպանել,–ասել է Լ. Զուրաբյանը՝ թերևս նկատի ունենալով քննարկմանը մասնակցող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին։

Այնուհետև նա հավելել է.

–Ռեժիմն արդեն արել է քայլեր, որոնք ցույց են տալիս, որ նա պատրաստ է մինչև վերջ գնալ կեղծիքների, բայց մենք էլ մինչև վերջ պատրաստ ենք պայքարել այդ կեղծիքների դեմ։ Հայաստանում բնակչության քանակը գնալով պակասում է, իսկ ընտրողների քանակը գնալով ավելանում է։ Այս պարադոքսի պատասխանը իշխանությունները չեն կարող տալ։

Զուրաբյանը նշել է նաև, որ ընտրությունների վերահսկողության միասնական կենտրոնական շտաբ ձևավորելու մասին հռչակագիրը թեև կատարյալ չէ, կարող են ժամերով քննարկել, շտկել, բայց դա ժամանակի զուր կորուստ է։ Ու ցույց տալով իրենց վճռականությունը՝ Լևոն Զուրաբյանը հենց տեղում ստորագրել է այդ փաստաթուղթը։

Նաև քննարկման մասնակիցներին առաջարկել է ստորագրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված փաստաթղթի տակ, որով առաջարկվում է իրենց տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում առկա մարդկանց անունները։

Բոլորի ներկայությամբ այդ փաստաթուղթն էլ ստորագրել է ՀՅԴ–ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Վերջինն առաջարկել է նաև, որ վերոնշյալ հռչակագրին միանան նաև ԱԺ–ի ընտրություններին մասնակցող ինը քաղաքական ուժերը ևս։

–Մենք միասին սկսկում ենք վերահսկել ընտրական գործընթացը,–ընդգծել է Ա. Ռուստամյանը։

Փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել թե՛ մեկ, թե՛ մյուս փաստաթղթի տակ՝ ընդգծելով, թե այնպիսի տպավորություն է, որ իրենք հավաքվել են ժամանակավոր կառավաություն ստեղծելու նպատակով։

Գ. Սահակյանը նախ նշել է, որ ճիշտ կլինի ընտրությունները վերահսկող կառույց ստեղծել ԱԺ–ում, և հետո, նման փաստաթղերը ստորագրելուց առաջ պետք է քննարկվեն քաղաքական կոալիցիայում։

–Որովհետև եթե մեղավորներ ենք փնտրում, ապա քաղաքական կոալիցիային պետք է մեղադել կամ չմեղադել։ Այդ պատճառով ես հիմա ձեռնպահ կմնամ ստորագրելուց,–հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վարդան Օսկանյանն էլ նկատել է, որ միասնական շտաբ ստեղծելու մասին հռչակագրի ոգին ընդունելի է ԲՀԿ–ի համար, բայց շուտ է հիմա ստորագրելը, որովհետև որոշ բաներ դեռ պետք է շտկվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը