Մեկնաբանություն

05.04.2012 16:46


Սերժի հրաժարականը պահանջելուց մինչև Օսկանյանի քննադատություն մեկ քայլ է

Սերժի հրաժարականը պահանջելուց մինչև Օսկանյանի քննադատություն մեկ քայլ է

Վարդան Օսկանյանի ելույթներն ու հարցազրույցներն ակնհայտորեն հունից հանում են Բաղրամյան 26–ում աշխատող և «փոխվելու» պատրաստ «հավատացյալներին»։ Սերժ Սարգսյանին հիմա այլ բան չի մնում, քան ձեռքի տակ եղած «շավկաներին» նախկին արտգործնախարարի վրա «քսի տալը»։  

Իշխանական տանիքի ներքո գործող թերթերն ու կայքերը, ինչպես նաև «շավկաներն» Օսկանյանին քննադատում են՝ հիշեցնելով, որ նա տարիներ շարունակ իշխանության մեջ է եղել ու, հետևաբար, չի կարող խոսել երկրում առկա խնդիրներից ու աղաղակող անարդարությունից։ Այսինքն, սերժամետներն ընդունում են, որ Օսկանյանը ճիշտ է իր գնահատականներում, բայց ասածներն այն է, թե նախկին իշխանավորն իրավունք չունի այդպես խոսել։

«Ով ով, բայց դու իրավունք չունես խոսել ընտրակեղծիքներից ու մենաշնորհներից, քանի որ արտգործնախարար ես եղել»,– փրփուրները բերաններին հայտարարում են սերժահպատակները։

Նախ նկատենք, որ երկրում տիրող գաղջ մթնոլորտից պարբերաբար խոսում է Սերժ Սարգսյանը։ «Շավկաների» տրամաբանությանը եթե հետևենք, ապա ՀՀԿ նախագահն ընդհանրապես պետք է ոչ մի բանից չխոսեր, քանզի բոլոր իշխանությունների օրոք եղել է առանցքային դեմք, իսկ այժմ էլ զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Բացի այդ, եթե որևէ գործչի նախկին գործունեությունը և նախկին կարգավիճակը պետք է որոշիչ դառնան նրա մտքեր հայտնելու կամ չհայտնելու իրավունք ունենալու հարցում, ապա ով ով, բայց ՀՀԿ–ականներն այսօր իրավունք  չունեն պաշտպանելու Սերժ Սարգսյանին, քանզի 2000թ. մարտին պահանջում էին այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ նրան կասկածելով Վազգեն Սարգսյանի սպանության հետ ինչ–ինչ առնչություններ ունենալու մեջ։ Հիշեցնեմ, որ Վազգենը սպանվելու պահին ՀՀԿ նախագահն էր ու «Միասնություն» դաշինքի (որի բաղկացուցիչներից էր ՀՀԿ–ն) պաշտպանած վարչապետը։ Թե ինչ եղավ հետո, բոլորիս է հայտնի. ՀՀԿ կուսակցությունն ու համամասնական ցուցակն այժմ  գլխավորում է 2000–ին հանրապետականների համար անընդունելի և անհանդուրժելի  Սերժ Սարգսյանը։

Այնպես որ, Վարդան Օսկանյանի դեմ «շավկայություն» անելուց առաջ որոշ մարդիկ լավ կանեն, եթե վերհիշեն իրենց ոչ վաղ անցյալի դիրքորոշումը և նոր միայն օգտագործեն խոսելու ապարատը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Չեմ կասկածում, որ եթե վաղը իրավիճակ փոխվի, ապա այն մարդիկ, ովքեր այսօր Վարդան Օսկանյանի դեմ են խոսում ու Սերժ Սարգսյանին պաշտպանում, անմիջապես փոխելու են քննադատության վեկտորը։

«Պոռնիկներ են, սը՛ր»,– նման դեպքերում ասում են անգլիացիները։

Այս խորագրի վերջին նյութերը