Լրահոս

06.04.2012 15:32


Ռուբեն Հայրապետյանն այսօր այցելել է «Հրազդան» մարզադաշտ

Ռուբեն Հայրապետյանն այսօր այցելել է «Հրազդան» մարզադաշտ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր այցելել է «Հրազդան» մարզադաշտ` տեղում ծանոթանալու վերանորոգման աշխատանքներին: «armsport.am»–ի փոխանցմամբ՝ ՀՖՖ նախագահը զրուցել է շինարարությունն իրականացնող անձանց հետ, շրջել մարզադաշտի այն հատվածներում, որտեղ այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները:

Ռուբեն Հայրապետյանին որոշ ժամանակ անց միացել է նաև մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, ով ևս մասնակցել է շինարարների հետ քննարկմանը։ Այդ զրույցի ընթացքում Հայրապետյանը նշել է, որ հատուկ տեղեր պետք է կառուցվեն հաշմանդամների համար, և մոտավոր մատնանշել, թե որտեղ է դրանք պատկերացնում:

–Մարզադաշտը նախատեսում ենք վերանորոգել մի քանի փուլով: Առաջին փուլում վերանորոգվում են հանդերձարանները և հանրության համար սենյակները (զուգարաններ): Մայիսից կսկսենք խոտածածկը փոխելու աշխատանքները, կլուծենք լուսավորության հետ կապված խնդիրները: Այսօր կամ վաղը Իտալիայից կժամանեն մասնագետներ: Կփորձենք կարգավորել նաև լուսատախտակների խնդիրը: Մարզադաշտը համապատասխանեցվելու է ՖԻՖԱ-ի բոլոր պահանջներին,–լրագրողներին ասել է Ռուբեն Հայրապետյանը: 

Հարցին՝ արդյոք Հայաստանի հավաքականը հանդես է գալու միայն ա՞յս մարզադաշտում, ՀՖՖ նախագահը պատասխանել է. 

–Եթե ֆուտբոլասերների կողմից լինի նույն ոգևորությունը, ապա հավաքականը կշարունակի հանդես գալ մարզադաշտում: «Հրազդան» մարզադաշտը վիթխարի կառույց է, որը նույնիսկ 30.000 հանդիսականի դեպքում դատարկ է թվում: Տա՛ Աստված, որ մեր հավաքականն այնքան լավ հանդես գա, որ մի օր «Հրազդան» մարզադաշտը փոքր լինի ֆուտբոլասերների համար: 

Ռ. Հայրապետյանը նշել է նաև, որ շինարարության ծախսերի վերաբերյալ ստույգ թիվ նշել չի կարող.

–Լինում են մի շարք չնախատեսված ծախսեր: Ստույգ թիվ ասել չեմ կարող, մյուս տարվանից փորձելու ենք լուծել ծածկի հարցը, բայց մոտավորապես կարող եմ ասել, որ կծախսվի 10-15 մլն (դոլար-խմբ.)։ Ոչ մի միջոց չենք խնայում մարզադաշտի վերանորոգման համար։ 

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Ռուբեն Հայրապետյանին մոտեցել է հայտնի լրագրող Սվետլանա Պասկալևան և ՀՖՖ նախագահին նվիրել արցախյան պատերազմին նվիրված իր աշխատություններից՝ ցանկանալով, որ հայկական ֆուտբոլը ներկայացնող անձիք շարունակեն մեծ ոգով պայքարել միջազգային ասպարեզում։

Աշոտ Աղաբաբյանն էլ ասել է, որ մարզադաշտի հարևանությամբ կառուցվող առևտրի կենտրոնով իրենք սոցիալական խնդիր են լուծում. բազմաթիվ մարդիկ այդ կառույցի շնորհիվ են տուն պահելու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը