Տնտեսական

07.04.2012 12:52


Արմեն Պողոսյան. «Չի բացառվում, որ ընտրություններից հետո լինի թանկացումների նոր ալիք»

Արմեն Պողոսյան. «Չի բացառվում, որ ընտրություններից հետո լինի թանկացումների նոր ալիք»

Այսօրվա ասուլիսին «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը խոսել են սննդամթերքի շուկայում առկա գնաճի և նույն ոլորտի խնդիրների մասին։

Արմեն Պողոսյանը հայտնել է, որ չնայած ունեցել ենք 4,5 տոկոս տնտեսական աճ անցած տարի, և գնաճի ընդհանուր ցուցանիշը կազմել է 5–6 տոկոս, սննդամթերքի շուկայում գնաճը եղել է 14 տոկոս, իսկ որոշ ապրանքների դեպքում՝ մինչև 20 տոկոս։ «Սպառողների ասոցիացիայի» նախագահը նշել է, որ Կառավարությունը թերանում է իր աշխատանքում, և գների զսպմանն ուղղված քայլերը կարկատանային բնույթ են կրում։

Լրագրողների հարցին, թե ձվի շուկայում արձանագրվող կայուն վիճակը և որոշ այլ ապրանքների գնաճի բացակայությունն արդյոք կապ ունե՞ն նախընտրական զարգացումների հետ, Արմեն Պողոսյանը պատասխանել է.

–Կապ կա, նախընտրական շրջանում այդ տենդենցը կա, չի բացառվում, որ ընտրություններից հետո լինի թանկացումների նոր ալիք։ Բենզինի, գազի, ջրի սակագինը չի վերանայվում մինչև ընտրությունները. սպասում են, որ ընտրություններն անցնեն, նոր այդ խնդիրները օրակարգային դառնան,–ասել է Արմեն Պողոսյանը։

Կարեն Չիլինգարյանն էլ անդրադարձել է սննդամթերքի շուկայում առկա այլ խնդիրների, մասնավորապես սննդի որակի, ճշգրիտ մակնշման և ժամկետանց ապրանքի վաճառքին։ Նա ներկայացրել է Երևանի սուպերմարկետներից մեկից գնած իրանական խուրմայի տուփ, որի վրա առկա էր երկու պիտակ՝ տարբեր պիտանելիության ժամկետներով։ Չիլինգարյանն ընդգծել է, որ ժամկետանց սննդամթերք վաճառվում է Հայաստանի գրեթե բոլոր խանութներում, և այստեղ չկա պատշաճ վերահսկողություն.

–Ցավալին այն է, որ անկախ նրանից, թե ինչպիսի խանութ է՝ փոքր կամ մեծ, պատժամիջոցը 50–100 հազ դրամ տուգանք է։ Փոքր խանութին դա կկործանի, իսկ մեծ խանութի համար ոչինչ չի նշանակի. մեծ խանութը կարող է դրա վրա ուշադրություն էլ չդարձնել և շարունակել խախտումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը