Լրահոս

19.05.2009 18:41


Կիպրոսի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Կիպրոսի դեսպանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին  հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանի և Կիպրոսի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ, և հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակումը կարող է ավելի խթանել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց միջազգային կառույցներում Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Դեսպան Կեսթորասն ընդգծեց, որ Կիպրոսը շահագրգիռ է տարբեր բնագավառներում Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ, ինչին կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Շնորհակալություն հայտնելով Կիպրոսի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու կիպրական կողմի ակնկալիքները:

Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը