Քաղաքական

09.04.2012 17:19


ՀՅԴ նախընտրական ծրագիր`Հայ-թուրքական արձանագրությունների ներքո դրված Հայաստանի ստորագրությունները պետք է հետ կանչվեն

ՀՅԴ նախընտրական ծրագիր`Հայ-թուրքական արձանագրությունների ներքո դրված Հայաստանի ստորագրությունները պետք է հետ կանչվեն

Այսօր ՀՅԴ գերագույն մարմինը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը: Արտաքին քաղաքականության ոլորտում «Դաշնակցությունը» հռչակում է, որ հայ ժողովրդի շահերը պետք է առավելագույնս հաշվի առնվեն:

Ծրագիրը նախատեսում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին տրվող զիջումները չպետք է հակասեն ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքներին և Սահմանադրությանը: Փոխզիջումները պետք է համարժեք լինեն հակառակ կողմի զիջումներին: Ըստ ծրագրի, ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, Հայաստանն էլ հանդես գա որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Բանակցությունների հիմքում պետք է դրվի ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև` բռնություն չկիրառելու եռակողմ պայմանագիրը:

Դաշնակցությունը առաջարկում է նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրենքների ընդունմանը ուղղված գործունեություն ծավալել:

Հայ-թուրքական արձանագրությունների ներքո դրված հայկական կողմի ստորագրությունները պետք է հետ կանչվեն. Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ցամաքային շրջապատումը վերացնելը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանների:

Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՅԴ-ն առաջարկում է բարձրացնել նաև Նախիջևանի խնդիրը. «Պետք է այդ հարցի միջազգային քննարկման համար նախապատրաստական աշխատանք տարվի»,-ասվում է ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում:

ՀՅԴ-ն պահանջում է նաև, որ Հայաստանը չստորագրի որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Վուդրո Վիլսոնի արբիտրաժի օրինականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը