Լրահոս

10.04.2012 17:12


Երեխաներն ընդդեմ ծխախոտի

Երեխաներն ընդդեմ ծխախոտի

Այսօր Երևանի թիվ 78 դպրոցի մի խումբ երեխաների նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում իրականացվեց ակցիա` ուղղված հասարակական տրանսպորտում ծխելու և մարդկանց առողջությանը վնաս հասցնելու խնդրին: Ակցիայի ընթացքում երեխաներն անցորդներին բաժանեցին թռուցիկներ և տեղեկատվական թերթիկներ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի և ծխելու վնասների  վերաբերյալ: Երեխաները հասարակությանը կոչ արեցին չծխել և թույլ չտալ վարորդներին և իրենց շրջապատի մարդկանց ծխել և վտանգել իրենց առողջությունը: Ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռել ծխելու հիմնախնդրի վրա:

Ակցիան նախաձեռնող երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում, որոնց նպատակն է երեխաներին հաղորդել համապատասխան գիտելիքներ և հմտություններ` իրենց վերաբերող խնդիրներում իրենց մասնակցությունը խթանելու նպատակով:

Միացյալ Ազգերի Կազմակերպության Երեխայի իրավունքների հանձնաժողովի 2008թ. զեկույցում (A/63/41) նշված է, որ հաճախ երեխաների կարծիքներն անտեսվում են և հաշվի չեն առնվում: Հասարակական այն մտածելակերպը, որ երեխաների տեսակետները կարևոր չեն, մինչ օրս էլ լայնորեն տարածված է Հարավային Կովկասում: Դա երեխաների շրջանում առաջացնում է անտարբերություն ու հուսահատություն, ինչի արդյունքում ունենում ենք պասիվ և մեկուսացված երիտասարդներ, այլ ոչ թե իրենց երկրների ժողովրդավարացմանն իրենց մասնակցությամբ նպաստող ակտիվ քաղաքացիներ: Տեսակետներ ձևավորելու և արտահայտելու գործնական հնարավորությունների պակասը հանգեցնում են երեխաների` որպես իրավունքի կրողների սահմանափակ ինքնընկալմանն ու նրանց մասնակցային կարողությունների թերզարգացմանը:

ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրենց իրավունքների պաշտպանության գործում:

Ծրագրի շրջանակներում երեխաներն ունեցել են լուրջ նվաճումներ: Խթանվել են երեխաների` համայնքային, մարզային և պետական իշխանությունների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու և դրանց լուծումներ տալու հմտությունները: Մեծահասակների օգնությամբ երեխաները նախաձեռնել և կյանքի են կոչել 80 բազմաբնույթ ծրագրեր՝ երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում, ուսումնասիրել և առաջ են քաշել տվյալ դաշտը կարգավորող օրենսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ, որոնք շուտով կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:

«Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչություն                                                               

Այս խորագրի վերջին նյութերը