Մեկնաբանություն

10.04.2012 17:27


Ով ինչպես մեկնարկեց

Ով ինչպես մեկնարկեց

ԱԺ ընտրությունների քարոզչական փուլն արդեն մեկնարկել է։ Շատերի մոտ «ռոլիկները» պատրաստված են «Էստի՛ համեցեք» տրամաբանությամբ, և դա ինչ–որ տեղ բնական կարելի է համարել։

Ընտրարշավի ակնհայտ հետնապահներն են Դեմկուսը, Կոմկուսն ու «Միավորված հայերը»։ Պատճառը շատ տրիվիալ է. փող չկա։

«Օրինաց երկիր» կուսակցություն

ՕԵԿ–ի մեկնարկը շատ անհաջող ստացվեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ընտրողները չեն մոռացել, որ մի քանի տարի առաջ Արթուր Բաղդասարյանը դավաճանեց իր էլեկտորատին ու գնաց միացավ փոքր ու միջին բիզնեսի կոտորածով զբաղվող Սերժ և Տիգրան Սարգսյաններին։ Ապրիլի 7–ին տեղի ունեցած ՕԵԿ հանրահավաքն ավարտվեց նրանով, որ ԱԽՔ–ի դիմանկարով գովազդային պաստառիկները հայտնվեցին ասֆալտին կամ էլ «զիբիլի վեդռոյում»։

Մեր կանխատեսմամբ՝ մայիսի 7–ին արդեն մի ամբողջ կուսակցություն կհայտնվի աղբարկղում և, ամենայն հավանականությամբ, Սերժի «հորինած երկիրը» երկարատև տվայտանքներից հետո  կկնքի իր մահկանացուն։

«Ժառանգություն» կուսակցություն

«Ժառանգության» մեկնարկը տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պաթետիկ ելույթ ունենալով Հայոց հուզախռով ռելիեֆի ֆոնին։ «Ժառանգության» առաջնոդի հոգին լեռներում էր, իսկ մարմինը՝ տարաբնույթ խոսակցությունների տեղիք տված ցուցակում։ Րաֆֆու ելույթից տպավորությունն այնպիսին էր, որ նա պայքարում է ոչ թե պատգամավորական, այլ վեհափառի աթոռի համար. նրա խոսքի տոնայնությունը և «տերտերական» առոգանությունն այլ եզրակացության հիմք չեն տալիս։

Ինչ վերաբերում է «ժառանգության» տեսահոլովակներին, ապա դրանք կառուցված են Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների և ուղենիշների հանգույն, այնինքն՝ չկա ոչ մի հստակ «մեսիջ», չկա առարկայական որևէ ասելիք, և չկա կոնկրետություն։ «Ազատիչներով» համալրված «Ժառանգություն» կուսակցության քարոզչական շեշտը դրված է «հայրենասիրական»  պաթոսի վրա։ Դրանով կարելի է միայն բացատրել այն, որ Ր. Հովհաննիսյանը հաճախ է օգտագործում «հայրենիք», «հայրենանվեր», «հայաստանավայել», «հայրենատեր» և «հ»–ով սկսվող այլ բառեր (ականջ է սղոցում «հանգույն» բառը)։ Թե որքանով դա կազդի Արտաշես Գեղամյան ու Արթուր Բաղդասարյան տեսած հայ ընտրողի վրա, «հերձումը» ցույց կտա։

Հայ ազգային կոնգրես

ՀԱԿ–ն ընտրել է «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը։ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմը հայտարարել է, որ իրենց միակ թիրախը լինելու է ՀՀԿ–ն, ինչը հունից հանել է Բաղրամյան 26–ին։ Նախագահականից հիմա փորձում են Գեղամյանի հանգույն գործչի միջոցով վիժեցնել «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ծրագրի իրականացումը, որի ջատագովն է ՀԱԿ–ը։ Կստացվի՞ Սերժ Սարգսյանի թիմի մոտ քանդել օրերս ձևավորված «4–ի ձևաչափը», թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկա օրերին։ Համենայնդեպս, «Ժառանգության» գործիչներին ինտենսիվորեն թանկարժեք հեռուստաեթեր են տրամադրում, իսկ միշիկական կայքերն ու թերթերը, ինչպես նաև իշխանական կերակրատաշտից օգտվող «փիառշիկները» լծվել են Րաֆֆի Հովհաննիսյանին «ռասկրուտկա» անելու գործին։ Եթե ուշադիր եք իրադարձությունների զարգացմանը, ապա ակնհայտ է, որ  «Ժառանգության» հիմնական թիրախը ոչ թե ՀՀԿ–ն է (Սերժ Սարգսյանի մասին այնտեղ նույնիսկ մոռացել են), այլ ավելի շատ ԲՀԿ–ն, ինչն ի ցույց է դնում համապատասխան ականջների առկայությունը «հայրենանվեր» կուսակցության հետևում։

Հայ հեղափոխական դաշնակցություն

ՀՅԴ–ն սկսեց քարոզարշավն իր ծրագրային դրույթների մատուցմամբ։ Նկատենք, որ ընտրողին է ներկայացվել լուրջ սոցիալական փաթեթ պարունակող փաստաթուղթ, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կուսակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին (ազգային և ընկերվարական) և  գաղափարական ընդդիմություն է իշխող ռեժիմին։

Դաշնակցությանն առայժմ պակասում է էմոցիոնալ ֆոնը։ Խոսքս, իհարկե, «ա լյա Րաֆֆիի» արտիստիզմի, էքսցենտրիզմի ու հուզախռով թամադայություն հիշեցնող քարոզի մասին չէ, այլ զուտ դինամիկայի պակասի։ Եթե ՀՅԴ–ն կարողանա ավելացնել իրենց ներհատուկ էմոցիան, ծրագրային առաջարկները մատչելի լեզվով տեղ հասցնել ընտրողներին ու քաղաքական դաշտում նպաստել «Կոնսենսուս մինուս ՀՀԿ»–ի կյանքի կոչմանը, ապա իշխանափոխության սցենարի իրագործման հավանականությունը կմեծանա՝ հիմք դնելով ազգային համաձայնության նոր իշխանության ձևավորմանը։

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ–ի քարոզչության մեխը «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն է, որի ձեռքն արդեն իրենք են կրակն ընկել։ ՀՀ ներքին ու արտաքին կյանքում ձախողումներ արձանագրած թիմն ասելիք չունի, այդ իսկ պատճառով արհեստական վիդեոկադրերով ու տեքստերով է փորձում համոզել ընտրողին, որպեսզի վեջինս հավատա, ասենք, Խոսրով Հարությունյանին, Սերժ Սարգսյանին կամ Գեղամյանին և փոխվի։

Ի դեպ, ՀՀԿ–ի նախընտրական երգի շուրջ արդեն անեկդոտներ են շրջանառվում։ Ինչպես հայտնի է, երգը կատարում է Շուշան Պետրոսյանը, ով ՀՀԿ–ի համամասնական ցուցակի առաջին քսանյակում է։ Ասում են, թե ՀՀԿ–ն Շուշանին «բարտերով» է ցուցակ մտցրել՝ «Երգ մանդատի դիմաց» ծրագրի շրջանակներում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

ԲՀԿ–ի մեկնարկը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանի թիմը շեշտը դնելու է զանգվածային միջոցառումների վրա, ինչը հասկանալի է։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ–ն թե՛ իշխանական, թե՛ չեզոք հարցումներով ընտրարշավի առաջատարն է և ամենամարդաշատ կուսակցությունը։ Կկարողանա՞ ԲՀԿ–ն իր դիրքերը պահել և անգամ ավելացնել՝ կախված է  մի շարք հանգամանքներից։ Մեկ բան ակնհայտ է՝ Վարդան Օսկանյանի դեմ ՀՀԿ–ի սերժատիգրանախառը շրջանակների նյարդային հարձակումները խոսում են իշխող կուսակցության անհանգստության մասին։

Նկատենք, որ ՀՀԿ–ԲՀԿ տիրույթում տիրող հարաբերակցությունից է կախված լինելու Սերժ Սարգսյանի վերարտադրության կամ վերջինիս հեռացման հարցը։

. . .

Առայժմ այսքանը կուսակցությունների քարոզարշավի մասին։ Թեման, բնականաբար, շարունակելի է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Ժառանգությունից» վերջերս ձայներ լսվեցին այն  մասին, թե իրենք հավակնում են 50%–ի (ապրի՛ Միշիկը, ապրի՛)։ Հետաքրքիր է, եթե մայիսի 7–ին պարզվի, որ Րաֆֆիի կուսակցությունը «մի զրո» պակաս է հավաքել, ապա ինչ են անելու ժառանգականները։ Եթե ինձ հարցնեն, ես կասեմ թե ինչ անել։

Այս խորագրի վերջին նյութերը