Մեկնաբանություն

11.04.2012 15:20


«Ականը» պայթեց. ափսոս էր Րաֆֆին

«Ականը» պայթեց. ափսոս էր Րաֆֆին

Եվ այսպես, «Ժառանգության» ներկայացուցիչն անհեթեթ պատճառաբանություններ ներկայացրեց, թե ինչու չի ուզում մասնակցել ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հետագա աշխատանքներին և լքեց ՀՔՄ–ում կազմակերպված քննարկումը։

Ուշագրավ է, որ նախորդ քննարկմանը մասնակցած ՀՀԿ ներկայացուցիչ Գալուստ Սահակյանն էլ էր հեռացել՝ հիմնավորելով իր քայլը ՕԵԿ ներկայացուցչի բացակայությամբ։ «Ժառանգության» ներկայացուցիչն, իհարկե, այլ հիմնավորումներով հեռացավ, բայց դրանից երևույթի բուն էությունը չի փոխվում։

Պարզվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, իբր, չի ուզում մասնակցել իմիտացիոն գործընթացներին։ Մարդ, ով իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում միայն իմիտացիայով է զբաղվել, «փուչիկ» գործունեություն ծավալել ու կեղծ հայրենասիրական ճառեր արտասանել, հանկարծ ու չի ուզում մասնակցել մի գործընթացի, որի նպատակն ընտրությունների միջոցով ՀՀԿ–ին քաղաքական մենաշնորհից զրկելն է։ Եթե Րաֆֆիի համար քաղաքական դաշտի դեմոնոպոլիզացիան իմիտացիա է, ապա «ժառանգության» առաջնորդը դրանով ցույց է տալիս, որ ինքը նորաթուխ «ական» է, որոնցից սիրում է քաղաքական դաշտում տեղադրել Սերժ Սարգսյանը։

Սերժի համար մի ժամանակ ականություն էր անում Արտաշես Գեղամյանը («Ազգային միաբանության» առաջնորդն այժմ ՀՀԿ–ի ցուցակում է), հետո՝ Արթուր Բաղդասարյանը (ՕԵԿ առաջնորդն այժմ Սերժին կից ԱԽՔ է աշխատում)։ Հիմա էլ էստաֆետն ընդունել է Րաֆֆին, բայց իր դերն այնքան կոպիտ է խաղում, այնքան «ֆալշ» կա նրա գործողություններում, որ ժամանակից շուտ պայթեց։ Բանն այն է, որ Րաֆֆին չունի ո՛չ Գեղամյանի արտիստիզմը, ո՛չ Բաղդասարյանի այն օրերի էլեկտորատը, որպեսզի կարողանա էականորեն ազդել գործընթացների վրա. որքան էլ փող ծախսեն իշխանությունները «Ժառանգության» համար, որքան էլ Նուշիկյանն իր փողոցային մեծածավալ վահանակները տրամադրի ժառանգականներին, որքան էլ հեռուստաեթերն առատորեն բացվի Րաֆֆիի ու իր «հացադուլային» թիմի առաջ, որքան էլ միշիկական կայքերն ու թերթերը օգնեն Րաֆֆին, միևնույն է, ոչինչ դուրս չի գա։ Այնպես որ, Սերժ Սարգսյանին չի հաջողվելու հերթական անգամ մոլորեցնել հանրությանը։ Բա մենք ինչի՞ համար ենք, որ թողնենք հերթական «դհոլը» ձայն փախցնի ու նպաստի Սերժի վերարտադրմանը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Րաֆֆի Հովհաննիսյանի այժմյան վարքագիծը բխում է ՀՀԿ–ի շահերից, քանզի «Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը «ժառանգության» գործողությունների արդյունքում քանդվում է, բայց դա առաջին հայացքից։ Նկատենք, որ այժմ էլ կա այդ «Կոնսենսուս մինուս մեկը», սակայն «մեկի» մեջ պետք է արդեն ներառել ՀՀԿ–ին, ՀՀԿ–ի կցորդ ՕԵԿ–ին ու ՀՀԿ–ի հաճախորդ դարձած «Ժառանգությանը»։

ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը ճիշտ կանեն, եթե քննարկումները և միասնական շտաբի ձևավորման աշխատանքներն իրականացնեն երեքով։ «Ժառանգությանն» այդ աշխատանքներում ներառելն իմիտացիոն բնույթ կկրի։ Թող Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցի Սամվել Նիկոյանի մոնիթորինգային խմբի աշխատանքներին, մանավանդ որ «Ժառանգությունն» այնտեղ էժանագին կապրիզ չի անում ու չի հայտարարում, թե չի մասնակցի ԱԺ խոսնակի գլխավորած խմբի աշխատանքներին, քանի դեռ չկա Սերժ Սարգսյանի ստորագրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը