Քաղաքական

12.04.2012 10:35


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ո՞վ, ի՞նչ և որքա՞ն ունի

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ո՞վ, ի՞նչ և որքա՞ն ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է համամասնական կարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրերը: Դրանցում նշված են կուսակցության ունեցած անշարժ, շարժական, թանկարժեք գույքը, դրամական միջոցները, եկամուտները:

Ըստ հայտարարագրի՝

ՀՀԿ-ն միաձնյա սեփականության, նաև վարձակալության իրավունքով անշարժ գույք, հող ու շենքեր ունի գրեթե բոլոր համայնքներում: Տրանսպորտային ութ միջոց ունի, թանկարժեք գույք ու դրամական միջոցներ, որևէ կազմակերպությունում բաժնեմաս չունի: Եկամուտներից միայն 266 մլն դրամ առաջանում է նվիրատվություններից ու անդամավճարներից, վարձակալության վճարներից` ավելի քան 13 մլն դրամ:

ԲՀԿ-ն անհատույց օգտագործման իրավունքով տարբեր մակերեսով տարածքներ ունի գրեթե բոլոր մարզերում: Շարժական ու թանկարժեք գույք, բաժնեմաս չունի: Դրամական միջոցները գերազանցում են 26 մլն դրամը: ԲՀԿ եկամուտներից 2.9 մլն-ը հավաքվում է անդամաճարներից։

ՀԱԿ կազմի մեջ մտնող ՀՀՇ-ն 5 մլն դրամի անդամավճար ունի, միանձնյա սեփականության իրավունքով 297 քմ տարածք Սարյան փողոցում: «Հանրապետությունը» Երևանում անհատույց օգտագործման իրավունքով 120 քմ տարածք ունի, 103 հազար դրամ գումար, Արամ Սարգսյանից էլ 600 հազար դրամ նվիրատվություն: ՀԺԿ-ն սեփականության և վարձակալության իրավունքով երկու շենք ունի` 143 քմ ընդհանուր մակերեսով, 17 700 դրամ փող ունի։ «Ժողովրդավարական հայրենիք»-ը միայն վարձակալած անշարժ գույք ունի, անդամավճարներից ստացած 708 հազար դրամ:Պահպանողական կուսակցությունը, ԺՈՒԿ-ը ոչինչ չունեն:

ՀՅԴ-ն հիմնականում միանձնյա սեփականության իրավունքով 35 անշարժ գույք ունի` տուն, բնակարան, առևտրի օբյեկտ և այլն: Շարժական, թանկարժեք գույք չունի, բաժնեմաս, փայաբաժին որևէ կազմակերպությունում չունի: Անդամավճարներից ստանում է ավելի քան 25 մլն դրամ։

ՕԵԿ-ը միանձնյա սեփականության իրավունքով 765 քմ տարածք ունի Երևան քաղաքի Աբովյան փողոցում: Ունի երկու ավտոմեքենա` 1990թ. արտադրության ՎԱԶ 2107 և 2000 թ.արտադրության Օպել V: Թանկարժեք գույք չունի, բաժնեմաս որևէ կազմակերպությունում չունի, ավելի քան 3 մլն դրամի դրամական միջոց ունի: Եկամուտներից ավելի քան 10 մլն գոյացել է անդամավճարների հաշվին, մոտ 3 մլն դրամ տրամադրվել է պետբյուջեից:
«Ժառանգությունը» վարձակալության հիմունքով միայն մեկ շենք բնակարան ունի` Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում: Շարժական, թանկարժեք գույք կուսակցությունը չունի։ Ունի 1.3 մլն դրամի դրամական միջոց: Եկամուտները կազմված են պետբյուջեից հատկացված միջոցներից` 2 մլն դրամ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ 400 հազար դրամի ներդրումից:

Դեմկուսը անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ունի Երևանում, Գավառում, Գյումրիում, Արարատում, Աբովյանում: Ունի 8 մլն դրամի եկամուտ, որից 3 մլնը անդամավճարներից է գոյանում, մնացած 5 մլնը` նվիրատվություններից: Շարժական, թանկարժեք գույք, բաժնեմաս չունի:
Կոմկուսը անշարժ ու թանկարժեք գույք, եկամուտ, բաժնեմաս չունի, շարժականից` երկու 3110 մակնիշի մեքենա ունի: Դրամական միջոցներ բաժնում ընդամնեը 131 հազար դրամ ունի:
«Միավորված հայեր» կուսակցությունը անշարժ, շարժական, թանկարժեք գույք չունի: Ունեցել է մոտ 15 մլն դրամ, որից 13.7 մլն-ը օգտագործել է «Զվարթնոց» տաճարի վերականգնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը