Մեկնաբանություն

12.04.2012 21:26


Իշխանության բացահայտ ցինիզմը

Իշխանության բացահայտ ցինիզմը

Փոխված ՀՀԿ-ի փոխված նախագահը կոչ է արել և անելու քվեարկել իր փոխված ախպերության օգտին` Մհեր Սեդրակյանի, Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Սեյրան Սարոյանի և այլոց: Սա, իհարկե, տխուր է, բայց ոչ զավեշտալի:

Այս տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առանձնահատկությունն անհեթեթությունների շարանն է: Հանրապետականները կոչ են անում հավատալ եւ փոխել: Տրամաբանությունը հուշում է, որ առաջինը պետք է հավատան եւ փոխվեն հենց կոչի հեղինակները, բայց նրանք պարզապես որոշել են, այսպես ասած, կայֆավատ լինել ժողովրդի վրա, մի լավ «ուրխնալ», իսկ հետո շարունակել այնպես, ինչպես արել են միշտ: Ցինիզմը խժռում է մի ամբողջ երկիր, իսկ մենք էլ հետեւում ենք այս գործընթացին:

Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը մի օր կատակով հայտարարեց, թե գործարարն ինքը չէ, այլ իր կինը, իսկ ինքն էլ աղքատ տղա է: Օլիգարխը եւ լրագրողները ծիծաղեցին, ուրախացան, անցան, գնացին: Բայց Սամվել Ալեքսանյանը հետեւեց իր կուսակցության կարգախոսին, հավատաց իր իսկ ասածին եւ փոխվեց՝ դառնալով փողի պակաս ունեցող սովորական երեւանցի տղա: Հիմա նա քաղաքում շրջում է պիցցա առաքող էժանագին ավտոմեքենայով եւ շարունակում հայտարարել, թե գումարի խիստ կարիք ունի եւ նույնիսկ կոչ է անում գումար փոխանցել իր հաշվեհամարին, որ կարողանա ընտրարշավ իրականացնել:

Այս խաղի մասնակից է դարձել նաեւ լրջությունից շատ հաճախ խոսող, իրեն մեծ տրամաչափի գործիչ համարող Ռուբեն Հայրապետյանը: Ճիշտ է, նա չի հայտարարում, թե աղքատ տղա է եւ ամբողջովին կախված է կնոջ ողորմածությունից, ինչպես անում է իր ընկեր Սամվել Ալեքսանյանը, բայց նա էլ ձեւացնում է, թե իրոք հավատում է, որ գործարար եւ օլիգարխ, մենաշնորհներից օգտվող Սամվել Ալեքսանյանը փողի կարիք ունի:  Նա լուրջ դեմքով լրագրողներին հայտնել է, թե Սամվել Ալեքսանյանի հաշվի համարին փոխանցել է 50 հազար դրամ: Այս ամենը սովորական «բուրժուական կայֆեր» են:

 Բնականաբար, Ռուբեն Հայրապետյանն ավելի քան տեղեկացված է, թե որքան հարուստ է իր ընկերը: Ավելին, նա մեկ հայտարարում է, թե Սամվել Ալեքսանյանի համար ամոթ կլինի բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ իր ընկերը Նիկոլի նման տասնյակ հազարավոր աշխատողներ ունի, իսկ քիչ անց մոռանալով իր իսկ ասածի մասին, ընդգծում է, թե բազմազավակ հայր Ալեքսանյանը գումարի կարիք ունի: Հավատացեք, որ տասնյակ հազարավոր աշխատողներ ունեցողները չի կարող փողի կարիք ունենալ:

Սա սովորական ծաղր է: Իսկ ծաղրի առարկան էլ հայ ժողովուրդն է: Իսկ ավելի ճիշտ ծաղրի առարկան Հայաստանն է: Գործող իշխանությունները կարողացան երկիրը հասցնել մի վիճակի, երբ խորհրդարանական ընտրությունները վերածվեն զավեշտի: Ցինիզմը հասել է իր գագաթնակետին: Մեծահարուստ պատգամավորի թեկնածուները պարզապես նայում են լրագրողների աչքերին եւ ցինիկ հումորներ անում:

Պատգամավորի թեկնածուին հարցնում են, թե պատրաստ եք բանավիճել ձեր մրցակիցների հետ, իսկ նա ասում է, թե վախենում եմ ինձ ճանկռեն, կամ էլ թե ես այլ տրամաչափի գործիչ եմ: Դե եթե այլ տրամաչափի գործիչ ես, ապա ինչու ես պատգամավորի թեկնածու դարձել, գուցե միանգամից նախագահի պաշտոնի համար պայքարե՞ս:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը