Քաղաքական

13.04.2012 15:52


Ընտրակեղծիքների հետ կապված ահազանգերն սկսվել են

Ընտրակեղծիքների հետ կապված ահազանգերն սկսվել են

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստանն առանց ընտրակեղծիքների»  խմբի անդամների ջանքերով ստեղծվել է համակարգչային «Ֆայնդեր» անունով ծրագիր, որը թույլ է տալիս արագորեն հայտնաբերել ընտրացուցակներում առկա անճշտությունները:

Ծրագրի գործարկման երկրորդ օրվանից սկսված նախընտրական շտաբներից, լրագրողներից, հասարակական կազմակերպություններից ստացվել են բազմաթիվ տեղեկություններ, որոնք ահազանգում են կասկածելի տվյալների վերաբերյալ:

Այսպես, պարզվում է, որ 31/14 ընտրատարածքում նույն անուն, ազգանուն, հայրանունով բազմաթիվ ընտրողներ կան: Ընդ որում, նրանք պապ ու թոռ կամ տատ ու թոռ չեն, ինչպես հաճախ լինում է: Օրինակ, նույն փողոցում ապրում է չորս Միխայիլ Պավլովիչ Զադորկին: Ավելին, նրանցից երկուսը ծնվել է 1990, իսկ մյուս երկուսը համապատասխանաբար 1986 եւ 1987 թվականներին: Հետաքրքիրն այն է, որ 1986 եւ 1987 թվականներին ծնվածները ապրում են նույն տանը: Համաձայնվեք, որ քիչ հավանական է, որ Պավել Զադորկինը երկու երեխա է ունեցել ու նրանց տվել նույն` Միխայիլ անունը: Ընդհանրապես, այս ընտրատեղամասում նման տարօրինակությունները բավական շատ են: Կարծում ենք, որ ոստիկանությունը պետք է հանդես գա համապատասխան պարզաբանմամբ:

Տարօրինակ է թվում, որ Երեւանի Մոլդովական փողոցի 30 եւ 30/3 շենքերում բնակվում են նույն անուն, ազագանուն, հայրանունով երկու հոգի` Բարսեղյան Սամվել Ռազմիկի: Դատելով նրանց ծննդյան թվերից, նրանք հաստատ պապ ու թոռ եւ նույնիսկ հայր ու որդի չեն կարող լինել: 15/07 ընտրատեղամասում, նույն փողոցում բնակվում են երկու Մնացականյան Ազնիվ Քաջիկի անունով ընտրողներ: Համաձայնվեք, որ քիչ հավանական է, որ միմյանց հարեւանությամբ բնակվեն երկու Մնացականյան Քաջիկ, որոնք աներեւակայելի զուգադիպությամբ իրենց դուստրերին անվանեին Ազնիվ:

8/24 ընտրատեղամասում, Անդրանիկի փող. 103շենքի 38 բնակարանում ապրում են Կարապետյան Ռաֆիկ Ռաֆիկի անունով երկու հոգի: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից մեկը ծնվել է 1967, իսկ մյուսը 1989 թվականին:  

“Ֆայնդեր” ծրագրի միջոցով նախընտրական շտաբներից մեկը հայտնաբերել է նաեւ, որ 4-րդ ընտրատարածքում գրանցված են հազվադեպ հանդիպող`Բալբաբյան ազգանունով երկու հոգի: Իսկ ուշագրավն այն է, որ նրանք ունեն նույն անուն հայրանունը` Սերգեյ Աբգարի: Նրանք ծնվել են համապատասխանաբար 1935 եւ 1933 թվականներին: Նման օրինակները բազմաթիվ են եւ որոնց վերաբերյալ արդեն իսկ նախաձեռնող խումբը ստացել է բազմաթիվ ահազանգեր:

Վերոհիշյալ ծրագրի օգնությամբ հայտնաբերվել է, որ գոյություն ունեն բազմաթիվ տներ եւ բնակարաններ, որտեղ գրանցված են, օրինակ, 20,34, 50, 81 հոգի: Բերենք ընդամենը մի քանի օրինակ, որոնք ”Հայաստանն առանց ընտրակեղծիքների” խմբին են տրամադրել նախընտրական շտաբները եւ լրագրողները: Այսպես, Երեւանի Մոլդովական փողոցի 32/4 հասցեում գրանցված է 51 ընտրող, իսկ Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցք 17 տանը` 28 հոգի: Սիլիկյան թաղամասի քոթեջատիպ տնակում գրանցված է 110 հոգի, իսկ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 45 տանը` 104 մարդ: Կարծում ենք, որ սրանք այն դեպքերն են, երբ ոստիկանությունն անպայման պետք է հանդես գա համապատասխան պարզաբանումներով: Հովհ. Հովհաննիսյան փողոցի 89 հասցեում` 12/24 ընտրատեղամաս, գրանցված է 91 հոգի: Պոպովի փողոցի 21 տանը` 23 հոգի:  Կարծում ենք, որ ոստիկանությունը պետք է հանդես գա համապատասխան պարզաբանմամբ:

Կից ներկայացնում ենք, մի քանի  հատվածներ ընտրացուցակներից. 

Այս խորագրի վերջին նյութերը