Մեկնաբանություն

14.04.2012 13:46


Վարդան Ղուկասյանին «քցելու» են

Վարդան Ղուկասյանին «քցելու» են

Ինչպես հայտնի է, Գյումրիի քաղաքապետի դստեր նշանածին սպանել էին։ Օդիոզ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շտապեց սպանության կազմակերպումը կապել ԲՀԿ–ի հետ։ Փաստորեն, քաղաքապետն անգամ ողբերգական դեպքն է փորձում կապել քաղաքական գործընթացների հետ։

Եթե Ղուկասյանը համոզված է, որ իր դստեր նշանածի սպանությունը կոնկրետ քաղաքական դրդապատճառներ ունի, ապա պետք է հստակ ապացույցներ ներկայացնի, այլապես կարող է մեղադրվել էժանագին զրպարտանքներ տարածելու մեջ։ Իսկ եթե Վարդանիկը մտել է ուրիշի թելադրած խաղի կանոնների մեջ, ապա մեր պարտք ենք համարում նրան տեղեկացնել, որ օգտագործվելուց հետո շպրտվելու է՝ հայտարարվելով անհանդուրժելի և անընդունելի։

Ակնհայտ է, որ իշխանության փեսայական թևի ներկայացուցիչ Արման Սահակյանի համար ուզում են ստերիլ պայմաններ ապահովել։ Թիվ 34 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված Արմանի մրցակից ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանի դեմ պարբերաբար քրեական բնույթի «մուտիլովկաներ» են տարածվում։ Մարտունի դեմ ներգրավված է ողջ իշխանական համակարգը։ Կիրառվում է հետևյալ տեխնոլոգիան. Մարտուն Գրգորյանիին ներկայացնել որպես քրեական տարր, իսկ ծագող օլիգարխ Արման Սահակյանին որպես բարեգործ և Գյումրիի դարդերով տառապող։

Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ապա նրան, ըստ ամենայնի, ասվել է, որ Մարտունի դեմ աշխատելու պարագայում ինքը կշարունակի մնալ իր պաշտոնին։ Վարդանիկն էլ լծվել է իր ֆունկցիան կատարելուն։ Փորձ է արվում այդպիսով Մարտուն–Արման մրցակցությունը տեղափոխել Մարտուն–Վարդանիկ հարթություն, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանի փեսայի գործընկեր «Սովռանոյի Արմանը» ընտրողներին կներկայանա «սպիտակ ձեռնոցներով»։

Ուշագրավն այն է, որ նեղ շրջանակներում Արմանի կողմնակիցները լուրեր են տարածում, որ ԱԺ ընտրություններից հետո Արման Սահակյանին փորձելու են «բրդել» քաղաքապետ (2018–ի հետ կապված ծրագրերի իրականացման համար յուրային քաղաքապետ ունենալը պետք է երիտսերժականներին), իսկ տարատեսակ պատմություններով վարկաբեկված Վարդանիկին «քցելու» են։ Պատահական չէ, որ Գյումրիի քաղաքապետին դրդում են քստմնելի քայլերի, հայտարարությունների, և  միևնույն ժամանակ «փչացնում» են իշխանական լրատվամիջոցներով։ Վարդանիկն այդ ամենն, իհարկե, չի հասկանում։ Նրա վրա պլան է դրված աշխատել Մարտունի դեմ, նա էլ էնտուզիազմով աշխատում է՝ համոզված, որ կգնահատվի Սերժի կողմից։ Եթե «աստվածավախ» քաղաքապետը գոնե մի քիչ խելք ունի, ապա պետք է հասկանա, որ իր գլխին սարքում են՝ դրդելով աշխատել Մարտունի դեմ։

Այն, որ Գյումրիի քաղաքապետն իր տեղում չէ, դա աներկբա է, բայց նրա փոխարեն մեկ այլ օլիգարխի բերելու նախագահականի ծրագրերը ոչ պակաս անընդունելի են։ Հետևաբար, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ–ն չվերարտադրվի, իսկ Գյումրին էլ հետագայում ունենա արժանի քաղաքապետ ու այդ քաղաքը ներկայացնող ոչ դրածո պատգամավոր։

Գևորգ Դավթյան

Այս խորագրի վերջին նյութերը