Մեկնաբանություն

14.04.2012 19:20


Ինչու՞ Սերժը «երկխոսացրեց» Րաֆֆիին

Ինչու՞ Սերժը «երկխոսացրեց» Րաֆֆիին
Սերժ Սարգսյանը, ԲՀԿ–ին ինքնուրույնությունից լրիվ զրկելու և հետագայում ոչնչացնելու նպատակով, փորձում էր ԱԺ ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի գլխավորած թիմի հետ միասնական ցուցակով, սակայն չստացվեց։ ԲՀԿ–ն ոչ միայն առանձին ցուցակով մտավ ընտրարշավ, այլ նաև իր շարքերն ընդգրկեց քաղաքական ծանրքաշային Վարդան Օսկանյանին, ով պարբերաբար հիմնավոր քննադատության է ենթարկել ու ենթարկում Սարգսյանի վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։

Այդ ամենից հետո ՀՀԿ ղեկավարին այլ բան չէր մնում, քան ոխերիմ գործընկերոջ դեմ կիրառել իր սիրած մեթոդները՝ «պեպելնիցայական» հարձակումներ, «ազատ, բայց սերժատու» մամուլի քարոզչահոգեբանական գրոհներ, որոշ երիտհանրապետականների «շավկայություն»։

Սերժ Սարգսյանին պետք էր նաև ԲՀԿ–ի դեմ «լեգիտիմ» հակաքարոզչություն անող քաղաքական ուժ, քանզի ՀՀԿ–ն չէր կարող բաց պայքարի դուրս գալ «գործընկերոջ» դեմ. դրանից ԲՀԿ–ն միայն կշահեր։ Սարգսյանին, հետևաբար, պետք էր, որպեսզի ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտը կամ սուբյեկտները հարձակվեին Ծառուկյանի և Օսկանյանի դեմ ու ասեին այն, ինչ Բաղրամյան 26–ը տիրաժավորում է վերահսկվող «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ։

Հայ ազգային կոնգրեսը, քաղաքական ինչ–ինչ հաշվարկներից ելնելով, 2008–ից մինչև 2011–ի սեպտեմբեր ամիսը կատարում էր «Եղիազար Այնթապցու» կայունության երաշխիքի դերը, սակայն Լևոն Տեր–Պետրոսյանը ժամանակի ընթացքում հասկացավ, որ Սերժ Սարգսյանը «երկխոսում» է ցանկացած քաղաքական ուժի հետ՝ դրան բացառապես հաճախորդացնելու և հետագայում «քցելու» նպատակով։

 Տեր–Պետրոսյանի հետ հարաբերություններում Սարգսյանն այնքան «նագլի» ու ապերախտ գտնվեց, որ նախորդ տարվա աշնանը ՀԱԿ–ի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ փակեց անգամ Ազատության հրապարակի տարածքում գտնվող զուգարանները։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը գործընկերային հարաբերություններ չի ընդունում։ Նրան պետք են միայն գեղամյաններ և բաղդասարյաններ, այսինքն «ժողգործիքներ»։

Ի պատիվ Տեր–Պետրոսյանի՝ նա չգնաց գեղամյանացման ճանապարհով ու առաջ քաշեց «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» հանրային լայն կոնսոլիդացիա ապահովող կարգախոսը։ Այդպիսով՝ Սարգսյանը զրկվեց ուրիշի  միջոցով հակառակորդների դեմ պայքարելու ռեսուրսից։ Ահա այստեղ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին «երկխոսացնելու» անհրաժեշտություն առաջավ Սարգսյանի մոտ, քանզի հին հաճախորդներն արդեն բացահայտված էին, իսկ ՀԱԿ–ը հրաժարվել էր «էջմիածնական միաբանի» դերից։

Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդին, ապա նա հաճույքով մտել է նախագահական նստավայրի առաջարկած խաղի մեջ ու հիմա քննադատության միակ թիրախ է դարձրել ԲՀԿ–ին։ Ճիշտ է, «ազատիչի ժառանգականներն» իրենց «երկխոսացվածությունը» թաքցնելու նպատակով հայտարարում են, թե «սարերի քամի» անողների թիրախը ոչ միայն ՀՀԿ–ն է, այլև ողջ կոալիցիան, բայց քաղաքական գործընթացներից քիչ թե շատ տեղակացվածները հասկանում են, որ դա «ատմազկա» է, ավելի ընդդիմադիր երևալու ցանկություն և պատվիրատուի պահանջ։ Նկատենք, սակայն, որ ավելի «թունդ» ընդդիմադիր հռչակվելու «Ժառանգության» գործելակերպը հին ու մաշված «տրյուկ» է, որը չի աշխատելու։ Գեղամյանին հարցրեք, կասի։

Ի դեպ, 2003–ին իրեն նույն ձևով էր պահում նաև Սերժ Սարգսյանից «դատարկ դհոլ» որակումը ստացած Արտաշես Գեղամյանը։ Եթե հիշում եք, «Ազգային միաբանության» առաջնորդը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ստեփան Դեմիրճյանին չմիանալը հիմնավորում էր այն բանով, որ պետք չէ ընդհանրապես մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, քանզի դրանով կլեգիտիմացվի առաջին փուլը, որի ժամանակ ավելի շատ տոկոս էր գրանցվել Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Այսինքն Գեղամյանն ավելի ռադիկալ երևալու միջոցով էր ուզում թաքցնել իր հաճախորդացումը։ Այդ հիմա է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը զարդարող «Դհոլը» խոստովանում է, որ 2003–ին կանգնել է իշխանության կողքը՝ բնականաբար ելնելով «ազգային ու պետական» շահերից։ Հիմա նույն՝ գեղամյանատիպ ռադիկալիզմ կիրառում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր քայլերին տալով «ազգային–ազատագրական» տեսք և Սերժ Սարգսյանին աջակցելով Գեղամյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն։

Հարց կարող է առաջանալ, թե ինչու՞ է Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնել մտնել Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի խաղի մեջ և ո՞րն է նրա շահը։ Նախ ասեմ, որ  «Ժառանգության»՝ իշխանական խաղի մեջ մտելը երևում է թե՛ նրանց համամասնական ցուցակից, թե՛ թանկարժեք քարոզարշավից, թե՛ Րաֆֆիի քաղաքական վարքագծից (բա հո ձրի՞ չեն «Ազատ դեմոկրատներն» ու ժառանգականները ՀՀԿ–ի պաշտպանյալ մեծամասնական թեկնածու Նուշիկյանի գովազդային գործակալը դարձել ու ընդդիմադիր դաշտից առաջադրված Սարիբեկ Սուքիասյանի դեմ աշխատում)։

Ր. Հովհաննիսյանի հաշվարկները շատ պարզ են։ Նա, որքան էլ կանացի սեթևեթանք հիշեցնող չեմուչումերով արտահայտվի նախագահացու լինելու մասին, ակնհայտորեն ցանկանում է 2013–ին առաջադրվել։ Այդ ծրագրերին կարող էր խանգարել ձևավորվելիք խորհրդարանից դուրս մնալը։ Րաֆֆին վախենում էր, որ «Ժառանգությունը» չի հաղթահարի 5%–ը, քանի որ լավ գիտեր, որ չունի ո՛չ ֆինանսական ռեսուրսներ, ո՛չ կուսակցական գործող կառույցներ, ո՛չ էլ մարդկային ռեսուրս։ Սերժ Սարգսյանի հետ գործարքի մեջ մտնելով՝ Րաֆֆին, ըստ այդմ, լուծեց ռեսուրսային խնդիրների հարցը, դե իսկ նախագահականի ու Րաֆֆու միջև կապող օղակի դեր կատարող «Ազատ դեմոկրատներն» արդեն կցվեցին «ժառանգությանը»՝ հետևելու համար հաճախորդի բոլոր քայլերին, որպեսզի նա իրեն հատուկ ոճով խաղեր չտա։

Ավելորդ չէ նշելը, որ «Ազատ դեմոկրատները» հենց նախագահ Սարգսյանի հետ «երկխոսության» փուլում Լևոնի նեղ շրջապատից դուրս մնալու պատճառով էին լքել ՀԱԿ–ը և պարզապես էյֆորիայի մեջ հայտնվեցին, երբ պարզ դարձավ, որ Սերժի «էջմիածնական միաբանների» դերում հիմա իրենք պիտի լինեն՝ Րաֆֆիի գլխավորությամբ. պատգամավորական մանդատ ստանալու երազանքը մոտ թվաց։

Բաղրամյան 26–ից ռեսուրսի տրամադրման դիմաց «Ժառանգությանը» սեփական ցուցակը պարտադրեցին։ Ցուցակ, որտեղ Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակիցներ, կառավարությանը կից գործող դեմքեր և փեսա Միքայել Մինասյանի շրջապատը ներկայացնող մարդիկ հայտնվեցին։ Րաֆֆին, թերևս, մտածեց, որ կարելի է համաձայնել իշխանության այդ պայմաններին, քանի որ մեծ ռիսկ էր առանց ռեսուրսների և միայն հանրային որոշակի աջակցության վրա հիմնված թիմով ընտրապայքար մտնելը։

Հավատալու և փոխելու մեծ ջատագովի հետ գործարքի գնալով՝ Րաֆֆին, հավանաբար, կարծում է, թե կարևորը ԱԺ անցնելն է, իսկ դրանից հետո արդեն կարելի է խախտել Սերժի հետ ունեցած ցանկացած պայմանավորվածություն և ինքնուրույն խաղալ, բայց դա սատանի մայլում քյանդրբազություն անելու պես մի բան է։ Սերժ Սարգսյանը մարդկանց հաճախորդացնելու, «խուրդելու» և «քցելու» գործում կարելի է ասել, որ ակադեմիկոս է և Րաֆֆին դեռ չի զգում, թե ինչ օրն է ընկնելու։

Րաֆֆու նման մի ժամանակ մտածել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և մյուս մանր ու միջին հաճախորդները։ Իսկ հիմա որտե՞ղ են նրանք։ ՀՀԿ–ի ցուցակում, էլ ուրիշ որտե՞ղ։

Րաֆֆիին, երևի, թվաց, թե ինքն ավելի «շուստրի» կգտնվի, քան վերոհիշյալ «ականները», քանի որ ինքը «ֆիռմա» ական է, մարդկանց որտեղ բռնացնում ձեռքով բարևում է, ուրիշների հանրահավաքներին այցելում է, որպեսզի մարդիկ իրեն տեսնեն և բացի այդ՝ հաճախ է օգտագործում «հ» տառով սկսվող հայրենասիրական բառեր, բայց դե...

Մոտ երեք տարի Լևոնն էլ էր մտածում, թե կուլիսային խաղերում կարող է ֆռռացնել Սերժին, բայց հետո հասկացավ, որ դա անիմաստ է և ՀՀԿ ղեկավարին պետք է «նա կավյոռ» բերել այնտեղ, որտեղ նա չափազանց թույլ է՝ քաղաքական ու հրապարակային դաշտում։ Դա՛ է պատճառը, որ ՀԱԿ–ը հիմա ամեն կերպ աջակցում է «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ծրագրի կյանքի կոչմանը, և դա՛ է պատճառը, որ Սերժ Սարգսյանը սարսափում է 4 կուսակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի ու «ժառանգության» ստորագրած ընտրական գործընթացների վերահսկման համաձայնությունից, և վերջապես դա՛ է պատճառը, որ իշխանությունները «Ժառանգությանը» հրահանգեցին խաղեր չտալ ու դուրս գալ «4–ի ձևաչափից»՝ այդպիսով Րաֆֆիին ուղարկելով ՀՔՄ–ն լքած Գալուստ Սահակյանի հետևից ու Սամվել Նիկոյանի հասցեով։

Եվ այսպես, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարելի է գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել, թե ինչ է սպասվում «Ժառանգությանը» և անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Մեկ հարցում եմ միայն դժվարանում պատասխան գտնել. հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կհայտնվի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀԿ–ի ցուցակում և ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի, եթե, իհարկե, մինչև այդ ՀՀԿ–ն, դուրս մնալով իշխանական համակարգից, չվերածվի մի քանի հոգանոց կուսակցության, ինչպես որ սկսել էր իր գործունեությունը մինչև 1995–ին ՀՀՇ–ի գլխավորած «Հանրապետություն» դաշինքի կազմում խորհրդարան մտնելը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Երևանի մի շարք համայնքների ընտրատեղամասերում (Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր) Րաֆֆի Հովհաննիսյանը զիջել է «Ժառանգությանը» օրենքով հասանելիք հանձնաժողովականների տեղերը ՀՀԿ–ին։ Այդ մասին համառ լուրեր են պտտվում։ Ասվածի մեջ կարելի է համոզվել ընտրահանձնաժողովների անդամների անուն–ազգանուններին ծանոթանալիս։ Այս հարցում էլ է, փաստորեն, «ժառանգությունը» թևաններին ապավինել։ Եթե դա այդպես չէ, ապա առաջարկում եմ ժառանգականներին, որպեսզի նրանք հրապարակեն նշյալ համայնքներում իրենց հանձնաժողովի անդամների ով լինելը և նրանց աշխատանքի վայրերը, որից հետո խոստանում եմ ուշագրավ «ռազբորկա»։ 

Հ.Գ.–2։ «Ժառանգության» նախընտրական տեսահոլովակներում Րաֆֆի Հովհաննիսյանը, զուռնա–դհոլի (դհո՜լ, գրողը տանի, դհո՜լ) ձայնային ուղեկցությամբ,  իրեն պատկերացնում է իր երազած տղայի դերում։ Այլ խոսքերով՝ Րաֆֆին իրեն դրել է հնդկական «կինոյի մեջի» տղայի տեղը։ Տեսարանը շատ սրտաճմլիկ է։

Նման դեպքերում ընդունված է ասել, որ միայն ֆրեյդիստական ուղղվածության հոգեվերլուծաբանները կարող են հստակ դիագնոզ դնել։ Առաջին տպավորությունն այնպիսին է, որ «պացիենտը» տառապում է պաթոլոգիկ նարգիզականությամբ և մազոխիզմով. շատ ծանր դեպք է։

Այս խորագրի վերջին նյութերը