Լրահոս

16.04.2012 10:07


Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Չորս ամիս է՝ մենք Ձեզ հավատում ենք, սակայն ոչինչ չի փոխվել»

Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «Չորս ամիս է՝ մենք Ձեզ հավատում ենք, սակայն ոչինչ չի փոխվել»

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, բաց նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրում է, որպեսզի նախագահն ընդունի իրեն.

Նամակում ասված է.

«Որդիս` Վալերի Մուրադյանը, զինծառայության է մեկնել ԼՂՀ-ի Ստեփանակերտ ք. Հայկազով զորամաս 2009թ. նոյեմբերի 25-ին: 2010թ. մարտի 15-ին որդուս անշնչացած մարմինը բերեցին տվեցին մեր ձեռքը: Նման իրավիճակում մենք ծանր և անդառնալի կորստին զուգահեռ տեսնում ենք նախաքննության ամենաթողություն և որդուս մահվան իրական հանգամանքները պարզելու տրամադրվածության բացակայություն:

Որդուս մարմնի վրա կային բազմաթիվ հետքեր: Պարանոցի վրա առկա են երկու պարանի հետքեր, մատի սեղմած հետք` պարանոցի աջ կողմում, քթի և բերանի վրա սեղմած հետքեր, թևերի բազուկների ներսային մասում` մատնահետքերի տեսքով կապտուկներ, բութ մատի եղունգը սևացած, ոտքի վրա հարվածի հետք:

Որդուս խեղդել են, հետո կախել, որ նմանվի ինքնասպանության: Նախաքննությունը սկզբում ընթանում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մենք հասկացանք, որ առաջին քննիչ Ա. Ապրեսյանը քննությունը վարում էր միակողմանի և տանում փակուղի: ԼՂՀ-ից որդուս բերել էին մերկ վիճակում: Ամուսնուս հարցին, թե ինչու է մեր որդին մերկ, պատասխանեցին, որ հագուստը տարել են փորձաքննության, սակայն դա սուտ էր: Չորս ամիս անց, մեր բողոքներից հետո, գործը տեղափոխեցին ՀՀ ՊՆ քննչական վարչություն, որտեղ բացահայտվեց, որ որդուս հագուստը փորձաքննության չի ենթարկվել, և միայն 5-րդ ամսում ներկայիս քննիչ`Ա. Թամրազյանը, որդուս հագուստը ուղարկել է փորձաքննության: Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստը գտնվում է ամբողջովին բորբոսնած վիճակում: Մարզաձողի կողքը, որտեղ կախված են գտել որդուս` այն էլ ոտքերը գետնին`ծնկները ծալված վիճակում, աթոռ են հայտնաբերել, որի վրա, իբր, որդիս կանգնել է, սակայն քննիչ` Ա. Ապրեսյանը, այդ կարևոր իրեղեն ապացույցից ոչ մի հետքեր չի վերցրել: Պարանի վրա առկա է արյան հետք, որը տեսանելի է, սակայն մեր փորձագետները անունակ են արյան խումբը որոշել:

Դեպքից 4 օր առաջ, որդիս զանգահարեց և ասաց, որ ականատես է եղել վառելիքի գողության, որի ժամանակ տղաները վառելիք էին լցնում օֆիցերի մեքենան և նրան գումար են առաջարկել լռության համար, սակայն որդիս չի համաձայնվել`ասելով ոչ տեսել եմ, ոչ լսել:Որդուս սպանության օրը` օրվա հերթապահ սպան, երեկոյան անվանականչը չի կատարել` պատճառաբանելով, թե հեռուստացույց էր դիտում և նրան ոչ մի տույժի չեն ենթարկել` իր պարտականությունները չկատարելու համար: Ես համոզվարծ եմ, որ որդուս սպանել են հենց այդ սպան և 4 զինվորները, որոնք այդ երեկոյան վեճ են ունեցել որդուս հետ` պայմանագրային զինծառայողների սենյակում:

Մեզ երկու անգամ ընդունել է ՀՀ Պաշտպանության նախարար` Ս. Օհանյանը, և խոստացել բացահայտել մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությյամբ, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:

ՀՀ նախագահ` պարոն Ս. Սարգսյան, 2011թ-ի հունվարի 27-ին, Ձեր նստավայրի դարպասների մոտ դուք մեզ` բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողնորիս, ասացիք, որ դուք բոլորից շատ եք ուզում բացահայտել մեր որդիների մահվան հանգամանքները և խոստացաք, որ կբացահայտվեն, սակայն, մինչ օրս ոչինչ չի արվել, և հակառակը քննիչները պնդում են այդ ենթադրյալ ինքնասպանության միակ և կեղծ վարկածը:

Ես չեմ հավատում, որ զինդատախազ Գ. Կոստանյանը կամ քննիչները ճիշտն են Ձեզ զեկուցում` բանակում կատարվող սպանությունների մասին, դրա համար ցանկանում եմ ինձ ընդունեք և լսեք, քանի որ ոստիկանները մեզ թույլ չեն տալիս մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին: Ոստիկանը` անարգելով որդուս հիշատակը, հարվածեց ինձ, ձեռքիցս խլեց որդուս նկարը և նենգաբար ճմրթեց այն: Այս քայլի համար ես դիմեցի ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, սակայն նա ոչ մի տույժի չենթարկեց այդ ոստիկանին:

Այժմ Ձեր կարգախոսն է «հավատացեք, որ փոխվի»: Արդեն մեկ տարի և չորս ամիս է մենք Ձեզ հավատում ենք, սակայն ոչինչ չի փոխվել:

Ո՞ւմ հավատանք, ո՞վ է պատասխան տալու բանակում կատարվող կոտորածի համար, ինչո՞ւ չեք կանխում և կանգնեցնում բանակի սպանությունները, ո՞ւմ է ձեռնատու մեր տղաների մահը: Բանակում տիրող իրավիճակը ցեղասպանություն է:

Ես չեմ լռելու և չեմ հանգստանա, մինչև որդուս սպանողներին չպատժեն` օրենքի ողջ խստությամբ` ցմահ բանտարկությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը