Լրահոս

17.04.2012 12:44


Սամվել Ֆարմանյանը Վլադիմիր Կարապետյանին հրավիրում է 90 րոպե հաճույք ստանալու, վերջինն էլ դեռ չի մերժում

Սամվել Ֆարմանյանը Վլադիմիր Կարապետյանին հրավիրում է 90 րոպե հաճույք ստանալու, վերջինն էլ դեռ չի մերժում

Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ–ի թեկնածու Սամվել Ֆարմանյանը «Ֆեյսբուքի» միջոցով իր մրցակցին՝ ՀԱԿ–ից Վլադիմիր Կարապետյանին հրավիրել է միասին ֆուտբոլ դիտելու։ Նա մասնավորապես գրել է.

«Երկու 90 րոպե, որ հաճույք կպատճառեն բոլորիս և կստիպեն կտրվել նախընտրական թոհուբոհից ու լարվածությունից: Վաղը և հաջորդ օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն են՝ Բավարիա-Ռեալ և Չելսի- Բարսելոնա: Իմ անձնական համակրանքը երկու պարագաներում էլ իսպանական գրանդակումբների կողմն է: 
 Ես հրավիրել եմ մեր՝ Նոր Նորքի N2 ընտրատարածքում առաջադրված իմ մրցակից թեկնածու Վլադիմիր Կարապետյանին՝ մասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումները: 

Սպորտը, առավել ևս ֆուտբոլը, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում միավորել է մարդկանց, անգամ ամենաոխերիմ հակառակորդներին: Շատ ուրախ կլինեմ, եթե պարոն Կարապետյանը համաձայնություն տա իմ նախաձեռնությանը և լինի՛ մեր ընտրատարածքում, լինի՛ որևէ Կենտրոնի որևէ սպորտբարում, միասին դիտենք հանդիպումները: 

Կարծում եմ՝ այն կլինի մի փոքրիկ, բայցև կարևոր ազդակ և՛ մեր աջակիցներին, և՛ մեր բնակիչներին, որ մենք ընդամենը քաղաքական մրցակիցներ ենք, իսկ կյանքը շատ ավելի լայն է, ու այն ոչ սկսվում և ոչ էլ ավարտվում է ընտրություններով: 
 Մենք, որպես նոր սերնդի գործիչներ, կարող ենք, ու իմ կարծիքով պարտավոր ենք դա անել, ինչքան էլ նախատողներ լինեն: Դա, իմ կարծիքով, շատ ավելին կարժենա, քան իմ կամ իմ մրցակցի հնարավոր հաղթանակը»:

«7օր»–ի հարցին՝ կընդունի՞ Ֆարմանյանի այս հրավերը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է, որ ակտիվ քարոզարշավի մեջ է ներգրավված և այդ հարցի շուրջ դեռ չի մտածել։

–Դեռ որոշում չեմ կայացրել։ Օրվա ընթացքում, մինչև վաղը կկայացնեմ,–ասել է Վ. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը