Լրահոս

17.01.2011 15:24


Ի վերջո, ձվի թանկացման համար ո՞վ է մեղավոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով նախատոնական օրերին հավկիթների թանկացման և դրա պատճառների մասին՝ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանն ասել է, թե այդ օրերին «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի արտադրած հավկիթները վաճառվել են նույն գնով՝ 50-60 դրամով, և իրենց կողմից ոչ մի թանկացում չի եղել։

-Ժողովուրդը կուլ գնաց հավկիթային աժիոտաժին և սկսեց չափից դուրս քանակությամբ հավկիթներ ձեռք բերել, և արդյունքում ստացվեց դեֆիցիտ,-ասել է Մ. Եփրեմյանը՝ հավելելով, թե հավկիթի թանկացման պատճառ է նաև այն, որ ԶԼՄ-ները շատ են խոսում այդ թեմայով, և մարդկանց շրջանում անհիմն խուճապ է առաջանում։

Իսկ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշել է, որ Հայաստանում տվյալ հարցի համար պատասխանատու է երկու մարմին՝ Գյուղատնտեսության նախարարությունը և Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը։

-Մենք ունենք 16 մեծ և շատ փոքր ու միջին հավ և ձու արտադրող ձեռնարկություններ։ Քանի որ մեր երկրում և աշխարհում հայտնի է միջին սպառումը և նախատոնական սպառումը, ապա Գյուղնախարարությունը պետք է հաշվարկի, թե որն է նրանց միջին և պիկային արտադրությունը, և նվազագույնի դեպքում ինչպես պետք է լրացնել պակասը։ Անհնար է, որ ձվի կամ պանրի պակաս լինի։ Դա արհեստական և ապաշնորհ ղեկավարման արդյունք է,-ասել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, թե այն, ինչ մենք տեսանք դեկտեմբերին, պատճառ էր մայիս ամսվա իրադարձությունների, և երբ տարբեր ձեռնարկություններ միաժամանակ իջեցնում կամ բարջրացնում են գները, դա արդեն «преступный сговор» է, որը չպետք է անպատիժ մնա։

Մանասե Եփրեմյանն էլ իր խոսքի վերջում նշել է, թե հավկիթի թանկացում մոտ ապագայում նույնպես հնարավոր է։

Այս խորագրի վերջին նյութերը