Լրահոս

18.04.2012 12:29


ՏՄՊՊՀ-ը ավարտեց մրցակցային իրավիճակի գնահատման նպատակով անցկացվող ուսումնասիրությունը 5 ապրանքային շուկաներում

ՏՄՊՊՀ-ը ավարտեց մրցակցային իրավիճակի գնահատման նպատակով անցկացվող ուսումնասիրությունը 5 ապրանքային շուկաներում

Մրցակցային իրավիճակի ուսումնասիրության նպատակով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում: Հանձնաժողովը ավարտել է հերթական վերլուծությունը մի քանի շուկաներում և պարզել դրանցում առկա կենտրոնացվածության աստիճանը:

   Նման վերլուծությունները կարևոր են այնքանով, որ բացահայտվում են տվյալ ոլորտում գերիշխող տնտեսվարողները, և Հանձնաժողովը ավելի խիստ և ուղղորդված վերահսկողություն է իրականացնում  կենտրոնացվածության բարձր  աստիճան ունեցող շուկաներում` հնարավոր չարաշահումները կանխարգելելու և սահմանափակելու նպատակով:

Հերթական ուսումնասիրությունը ընդգրկում է 5 ապրանքային շուկա, որոնցից բարձր կենտրոնացվածության աստիճան ունի միայն մեկը: Իսկ ընդհանուր առմամբ, ՏՄՊՊՀ դիտակետում հայտնված բոլոր շուկաներն էլ մրցակցային են: 

  Մրցակցային իրավիճակը բնական հյութերի շուկայում

 «Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից  իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 % մասնաբաժին) և «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան:
 
ՏՄՊՊՀ-ը վերլուծել է նաև «Երշիկեղենի» շուկայում առկա մրցակցային իրավիճակը
Երշիկեղենի արտադրության և իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը` 19,59 % բաժնով, «Աթենք»  ընկերությունը` 13,98 % բաժնով, և «Բեկոն Պրոդուկտը» ` 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում ևս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի  կենտրոնացվածության միջին աստիճան:

  «Մակարոնեղեն» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները

Այս ոլորտում գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերությունը` 9,3 %  և «Թալգրիգ» ընկերությունը` 9,2 % մասնաբաժիններով: Այս  ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան:
   Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ալկոհոլային խմիչքների 2 նոր շուկաներ, որոնք նախկինում չեն եղել մրցակցային մարմնի տեսադաշտում: Խոսքը գինի և կոնյակ ապրանքային շուկաների մասին է: Այս ոլորտում կատարված նախկին ուսումնասիրությունները ամբողջական պատկերացում չեն տալիս գործող տնտեսվարողների և նրանց իրական ծավալների վերաբերյալ, քանի որ հատկապես վերջին տարիներին տեսանելի են կառուցվածքային էական փոփոխություններ:

 Որքանով են մրցակցային «Գինի»  և «Կոնյակ» ապրանքային շուկաները
 «Գինի»  ապրանքային շուկայում ուսումնասիրվել է  41 տնտեսվարողների գործունեությունը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերությունը` 16,68 % բաժնով և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 %  մասնաբաժնով: Շուկան ամբողջությամբ մրցակցային է. Գերիշխող տնտեսվարողներ չկան:

 Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեն 3 գերիշխող ընկերություններ` «Երևանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը:

  Եվ այսպես, ՏՄՊՊՀ-ը առավել խիստ վերահսկողություն կիրականացնի գերիշխող տնտեսվարողների գործունեության նկատմամբ, մշտապես կվերահսկվի վերջինների վարքագիծը`կանխելու և բացառելու հնարավոր խոչընդոտներն ու չարաշահումները`ի վնաս սպառողի կամ շուկայում համեմատաբար փոքր ծավալներ ունեցող տնտեսվարողի:   

Այս խորագրի վերջին նյութերը