Լրահոս

19.04.2012 14:07


Երվանդ Բոզոյան. «Այս ընտրությունների գերխնդիրը ՀՀԿ–ի մենաշնորհի վերացումն է»

Երվանդ Բոզոյան. «Այս ընտրությունների գերխնդիրը ՀՀԿ–ի մենաշնորհի վերացումն է»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ներկայացրել է Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակը։ Խոսելով նախընտրական զարգացումներից՝ փորձագետն ասել է, որ ընտրությունների ինտրիգն այն է, թե քանի կուսակցություն ու ինչ ձևաչափով կանցնի խորհրդարան։ Այստեղ Երվանդ Բոզոյանն ընդգծել է երկու հանգամանք՝ առաջին՝ կանցնի՞ ՕԵԿ–ը խորհրդարան, թե ոչ, և երկրորդ՝ ով կլինի ընտրությունների առաջատար՝ ՀՀԿ–ն, թե՞ ԲՀԿ–ն։

Չցանկանալով կանխատեսումներ անել, թե որ կուսակցությունը մեծամասնություն կհավաքի, քաղաքագետն ասել է, որ այլ սպասելիք ունի այս ընտրություններից.

–Ես հույս ունեմ, որ մայիսի 7–ից հետո կփոխվի ստատուս–քվոն, որը կար մինչև հիմա։ Ես մեծ սպասելիքներ չունեմ այսօրվա քաղաքական ուժերից, բայց երբ ստատուս–քվոն փոխվի, պրոցեսները կբերեն առողջացման։

Պարզաբանելով, թե ինչ նկատի ունի ստատուս–քվոյի փոփոխություն ասելով, փորձագետն ասել է.

–Եթե մենք վերացնենք մեր քաղաքական դաշտի մենաշնորհը, ես կարծում եմ, որ Հայաստանում ահագին բան կփոխվի։ Այսօրվա քաղաքական մենաշնորհը Հանրապետական կուսակցությունն է։ Բոլորն ասում են՝ ՀՀԿ–ն վատն է, ես ասում եմ՝ ՀՀԿ–ն վատը չէ. ՀՀԿ–ի մենաշնորհային վիճակն է վատը։ Մենաշնորհը ճահճացնում է մարդկանց։

Փորձագետի խոսքերով՝ քաղաքական դաշտի մենաշնորհի վերացումը կբերի փոփոխությունների տնտեսական դաշտում. կվերանան նաև տնտեսական մենաշնորհները, կփոխվի ներքաղաքական մթնոլորտը.

–Տնտեսական մենաշնորհները քաղաքական մենաշնորհի պատճառով են։ Եթե մենաշնորհային համակարգը վերացվում է վերևից, դա հիմքեր է ստեղծում տնտեսական մենաշնորհների վերացման համար։

Երվանդ Բոզոյանն ընդգծել է, որ մոնոպոլիստները վատ մարդիկ չեն և կարող են հաջողակ գործարար դառնալ ու օգուտ բերել հասարակությանը՝ ապահովելով տնտեսական աճ, եթե իրենց մենաշնորհային դիրքը վերացվի.

Եթե Հանրապետական կուսակցությունն ընտրությունների արդյունքով չկարողանա միայնակ իշխանություն ձևավորել, արդեն կառաջանա մի այնպիսի իրավիճակ, երբ Հանրապետականը ստիպված կլինի տարբեր կոալիցիաներ փնտրել. նա արդեն կախված կլինի այլ ուժերից։ Այդ ժամանակ իրավիճակը կարող է փոխվել. կարող է ստեղծվել իրական կոալիցիա, լինի իրական ընդդիմություն։ Կոալիցիան ժամանակի ընթացքում կարող է քանդվել, նոր կոալիցիաներ ձևավորվեն։

Լրագրողների հարցին՝ արդյոք իր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ իշխող կոալիցիան ձևական բնույթ է կրել, Երվանդ Բոզոյանը պատասխանել է.

–Իհա՛րկե, մի կոալիցիա, որտեղ Հանրապետական կուսակցությունը կարող է ինչ որոշումներ ցանկանա՝ կայացնի, ի՞նչ կոալիցիա է։ Ֆորմալ իմաստով դա կոալիցիա է, բայց իրականում՝ ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը