Քաղաքական

20.04.2012 12:29


Ստյոպա Սաֆարյանը Քոչարյանի մասով իր անձնակա՞ն տեսակետն է արտահայտել

Ստյոպա Սաֆարյանը Քոչարյանի մասով իր անձնակա՞ն տեսակետն է արտահայտել

«Ժառանգտության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը կարծիք էր հայտնել, թե ընտրությունները վերահսկող միասնական շտաբը, որին միացել են ՀՅԴ–ն, ՀԱԿ–ն ու ԲՀԿն, գնալով վերածվում է Հայաստանի երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի:

«7օր»–ը «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետարքրքվել է՝ սա Ստյոպա Սաֆարյանի անձնակա՞ն, թե՞  կուսակցության ընդհանուր կարծիքն է։

–Կուսակցությունն իր դիրքորոշումները հայտարարությունների միջոցով է տարածում, և երեկ ևս մենք արել ենք հայտարարություն։ Այդ հայտարարության մեջ ինչ–որ գրած է, կուսակցության կարծիքն է։ Մնացած հայտարարություններն ու արտահայտությունները կուսակցության կամ նախընտրական շտաբի ցանկացած անդամ իրավունք ունի իր տեսակետներն արտահայտելու,–պատասխանել է Հ. Խուրշուդյանը։

Նշենք, որ «Ժառանգության» նախընտրական շտաբի երեկ տարածած հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա, որ միասնական շտաբը վեր է ածվում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի։ «7օր»–ի ճշտող հարցին՝ փաստորեն սա զուտ Ստյոպա Սաֆարյանի՞ կարծիքն է, Հ. Խուրշուդյանը ևս մեկ անգամ ընդգծել է.

–Կուսակցության պաշտոնական տեսակետները արտահայատված են հայտարարության մեջ կամ արտահայտում է Րաֆֆի Հովհաննիսյանը,–հավելել է Հ. Խուրշուդյանը։

Նույն հարցը «7օր»–ն ուղղել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին։ Նա նախ ընդգծել է, որ դա Ստյոպա Սաֆարյանի անձնական կարծիքն է, բայց ինքը ևս այդպիսի տենդենց նկատում է, որ միասնական շտաբը վեր է ածվել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի։

–Եթե որևէ մեկը գտնում է, որ «Բարգավաճ Հայաստանը» և Ռոբերտ Քոչարյանն առանձին գործոններ են, դա լուրջ ապացուցելու կարիք ունեն։ Այդ տարանջատման ականատեսը մենք դեռևս չենք եղել։ Երբ այդ բանը հրապարակայնորեն կլինի, այն ժամանակ կարելի է խոսել։ Միասնական շտաբի աշխատանքների կազմակերպման համար մենք կոնկրետ առաջարկներ ենք արել։ Նախ այդ կեղծ բարեգործությունից պետք է հրաժարվել, ընտրակաշառքներ պետք չէ բաժանել։ Բավարար է գնալ տարբեր շրջաններ և տեսնել «Բարգավաճ Հայաստանի» կողմից իրականացվող այսպես ասած բարեգործությունները` հասկանալու համար, թե որքանով են նրանք անկեղծ ազատ, արդար ընտրություններ անցակցնելու իրենց այդ ձգտման մեջ,–ասել է Ա. Արզումանյանը։

Վերջում Ա. Արզումանյանն ընդգծել է, թե սա «հավանաբար իր անձնական կարծիքն է, բայց այդքան էլ վերջին կարծիքը չի երևի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը