Մեկնաբանություն

20.04.2012 12:38


Սերժ Սարգսյանը չդիմացավ

Սերժ Սարգսյանը չդիմացավ

Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը դեռ չի հասցրել ամբողջ թափով աշխատել, բայց արդեն շատ օգտակար գործ է արել՝ հաջողությամբ պայթեցրել է քաղաքական դաշտի «ականին»՝ «ժառանգությանը»։

Նախագահականում հիմա իրար են խառնվել ու կրակում են վերջին փամփուշտը՝ ուրիշների բերանով տարածելով, թե այդ շտաբի փաստացի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ քայլով փորձ է արվում ՀԱԿ–ին դնել անհարմար դրության մեջ, բայց դա չի ստացվելու, քանի որ դպրոցական երեխան էլ է հասկանում, որ ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին միավորում է քաղաքական դաշտում առկա մենաշնորհը վերացնելու գաղափարը, և ոչ մի «մուտիլովկա» չի կարող շեղել այդ ուժերին ընտրած ճանապարհից։

Ինչպես հայտնի է, «ժառանգության» կոմսոմոլի վառ ներկայացուցիչը երեկ հայտարարել է, թե այդ շտաբը Ռոբերտ Քոչարյանի համար է ստեղծված և այդ իսկ պատճառով իրենք չեն մասնակցի դրա աշխատանքներին։ Հիմա հարց է առաջանում. եթե Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը Քոչարյանինն է, ապա ինչու՞ «Ժառանգությունը» պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը, այլ իրեն պահում է Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն, այն է՝ մի կողմից ստորագրել համատեղ գործելու մասին փաստաթուղթը, իսկ մյուս կողմից էլ հայտարարել, թե «իրենք էդ պարը չին պարում»։

Ի դեպ, ժառանգական Ստյոպա Սաֆարյանի ու նրա ղեկավարության հետ այս և մի շարք այլ հարցերում համամիտ է նաև Արտաշես Գեղամյանը, ով շտաբի մասին նույն կարծիքն է հայտնել ավելի վաղ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանն այնքան է անհանգստացած ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և ՀԱԿ–ի՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու հաստատակամությունից, որ ժամանակից շուտ «փուռը» տվեց իր նորաթուխ հաճախորդներին։ Ս. Սաֆարյանի առաջ երեկ բացվել էին հեռուստաալիքները և «պատահական» զուգադիպությամբ ցույց էին տալիս նրա խոսքի այն հատվածները, որտեղ ԱԺ պատգամավորը հերոսաբար պայքարում էր Քոչարյանի վերադարձի դեմ։ Նույն «պատահականությամբ» այսօր «ժառանգությանը» պաշտպանում են այն թերթերն ու կայքերը, որոնք սնվում են նախագահական նստավայրից։ «Խոխման» այն է, որ այդ լրատվամիջոցները հացադուլ անող Րաֆֆիի դեմ էին գրում Սերժ–Լևոն «երկխոսության» ժամանակ ու գովաբանում այդ գյալաջին, իսկ այժմ քննադատում են Լևոնի պահվածքը և գովաբանում Սերժ–Րաֆֆի «երկխոսությունը»։ Երկու դեպքում էլ «սերժատուները» պաշտպանության տակ են առել Սերժ Սարգսյանին։ Ինչևէ։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ «Ժառանգության» այժմյան «պայքարը» ձեռնտու է Սերժ Սարգսյանին և ուղղորդվում է վերջինիս կողմից, քանի որ հակառակ պարագայում քաղաքական դաշտում բյուրեղացման գործընթացներ են տեղի ունենում «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» պլատֆորմի շուրջ։ Եվ ահա քանդելու համար այդ ամենը և լղոզելու համար քաղաքական դաշտը՝ Սարգսյանը հուսահատ քայլի է դիմում՝ «մեյդան» է նետում նրանց, ում միջոցով դեռ կարողանալու էր հասարակության մի փոքր հատվածի ֆռռացնել ու հակասերժական ձայն փոշիացնել։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանին «Ժառանգությունը» հիմա պետք է բացառապես «դհոլացման» նպատակով ճիշտ այնպես, ինչպես 2008–ին Արտաշես Գեղամյանն էր օգտագործվում։

Րաֆֆի Հովհաննիսյանն այլ՝ արթուրբաղդասարյանական ֆունկցիա էլ ուներ, բայց դա արդեն չի ստացվի, քանի որ «Ժառանգությունն» իր պահվածքի պատճառով չի հավաքի այնքան ձայն, որպեսզի հետագայում կարողանա Արթուր Բաղդասարյանի պես մի գիշերվա ընթացքում դավաճանել սեփական էլեկտորատին ու ճամբար փոխել։ Դա չի ստացվելու նախ այն պատճառով, որ Րաֆֆին, ի տարբերություն 2008–ի «ռազլիվի» Արթուրի, նախընտրական փուլում է բացահայտվել, և բացի այդ՝ «Ժառանգությունը» չի անցնի խորհրդարան (մենք չենք ասում, «Հայաստանի եվրոպացի բարեկամներն» են ասում), ուստի՝ չի կարողանա ֆոն ապահովել Սերժ Սարգսյանի պատկերացրած «լայն», բայց իրականում՝ թամաշայի համար նախատեսված կոալիցիայի համար։

ՀՀԿ ցուցակի առաջին համարն էլ է շատ լավ հասկանում այս ամենը և որոշել է բացել իր խաղաքարտերը ու մարտի նետել ձեռքի տակ եղածը։ Ս. Սարգսյանը գիտի, որ Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը ոչ միայն ու ոչ այնքան ընտրակեղծիքներ թույլ չտալու, որքան Բաղրամյան 26–ի շուրջն օղակը սեղմելու խնդիր է լուծում։ Դա է պատճառը, որ այդպես կոպտորեն օգտագործվեցին «սարերի քամի» անողներն ու «փոզմիշ» եղավ «Արթուր Բաղդասարյան-2» օպերացիան։

Շտաբի անդամ երեք կուսակցություններին մնում է միայն հետևողական լինել, հավատալ սեփական ուժերին և փոխել այս ռեժիմը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ուշագրավ մի դիտարկում. սերժանպաստ բոլոր հայտարարություններն անում են «Ժառանգության» ներկայացուցիչները, իսկ «Ազատ դեմոկրատները» կամ «հասարակական սեկտոր» կոչվածից ցուցակում ներգրավված անձիք հեռու են մնում այդ կեղտոտ աշխատանքից։ Պատճառը շատ պարզ է. ով փողը տալիս է (կամ էլ բերում է), նա է պատվիրում երաժշտությունը։   «Ժառանգությանն», ըստ այդմ, վերապահված է գեղամյանությունը. բա հա՛մ ուզում են նախագահականի մարդկանց ցուցակ բերել, հա՛մ ուզում են նախագահականի ռեսուրսներով ընտրարշավ անել, հա՛մ էլ «կու՞յս» մնալ։ Այդպես չի լինում։ Հին հաճախորդներին հարցրեք, կասեն։

Այս խորագրի վերջին նյութերը