Լրահոս

20.04.2012 13:14


Պաշտպանի դիմումով ևս մեկ դրական արդյունք Սահմանադրական դատարանից

Պաշտպանի դիմումով ևս մեկ դրական արդյունք Սահմանադրական դատարանից

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան հայցադիմումի  ընդունումը մերժելու հիմքը նախատեսող վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:  Հայցադիմում ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունենալու վերաբերյալ կարգավորումը դատական պրակտիկայում որոշ դեպքերում մեկնաբանվում էր որպես դատարան դիմողին վերաբերող վարչական ակտով իր իրավունքի խախտման ակնհայտ բացակայություն և դրա հետևանքով գործի հարուցման փուլում հայցադիմումի ընդունումը մերժվում էր: Ըստ Պաշտպանի, վիճարկվող դրույթը  չէր ենթադրում, որ վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում կարող է ակնհայտության չափանիշով գնահատական տալ դիմողին վերաբերող ակտով իր նյութական իրավունքների խախտման հարցին: Վիճարկվող դրույթը, նման մեկնաբանությամբ, հնարավորություն էր տալիս դատարանին առանց քննվող գործի վերաբերյալ կողմերի դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորության վարույթի ընդունման փուլում գնահատել և ըստ էության լուծում տալ վեճին:

 ՀՀ Սահմանադրական դատարանը իր ապրիլի 17-ի  որոշմամբ բացահայտեց վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ սահմանելով, որ վիճարկվող դրույթը չի կարող ընկալվել ու մեկնաբանվել որպես նյութական իրավունքի խախտման առկայությունը ստուգելու վարչական դատարանի պարտավորվածություն` դրանով իսկ ընդունելիության հարցի լուծումը կախման մեջ դնելով  գործի դատաքննության փուլում ըստ էության լուծման ենթակա հարցից: Նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության փաստին դատարանը պարտավոր է անդրադառնալ դատաքննության փուլում:  Չնայած Սահմանադրական դատարանը հաստատել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, սակայն միայն այն մեկնաբանությամբ, որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության հարցի քննության փուլում այն չի կարող ընկալվել ու մեկնաբանվել որպես նյութական իրավունքի խախտման առկայության կամ բացակայության  փաստը հաստատելու` օրենքով նախատեսված պահանջ կամ հայեցողություն:

 

Այսպիսով, ՀՀ  Սահմանադրական դատարանի այս  որոշման ընդունման  արդյունքում այսուհետ կբացառվի ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի վիճարկված դրույթի այն մեկնաբանությունը, որը հանգեցնում էր համապատասխան դեպքերում արդարացի դատաքննության իրավունքի իմաստազրկմանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը