Լրահոս

21.05.2009 16:20


ՀԱԿ–ի տեղեկություններով ընտրակեղծիքների ամենակիրառվող մեխանիզմը լինելու են գրանցամատյանները

ՀԱԿ–ի տեղեկություններով ընտրակեղծիքների ամենակիրառվող մեխանիզմը լինելու են գրանցամատյանները

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ արտաքին հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին հայտնել են, որ իրենք արդեն արձանագրել են որոշ խախտումներ։ Նրանք նշել են, որ Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի հիմնական մարտահրավերը ընտրակեղծիքների մեխանիզմը կանխելն է։

Բանախոսները հայտնել են, որ իրենց տվյալներով՝ ընտրակեղծիքների ամենակիրառվող և դժվարաորս մեխանիզմը լինելու են գրանցամատյանները։ Այդ պատճառով՝ ՀԱԿ-ի համար մատյանների հարցն առաջնային է։

-Իշխանության կողմից բերված մարդիկ քվեարկելու են այն մարդկանց տեղը, ովքեր բացակայում են հանրապետությունից,- ասել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև նշել է, որ իրենց տեղեկություններով՝ ընտրակեղծիքներին մասնակցելու է նաև բանակը, և իրենք ունեն այն ցուցակները, որտեղ կան տեղեկություններ, թե զինծառայողներից ով որտեղ է ծառայում, քանի բարեկամ ունի և որտեղ է քվեարկելու։

Հիմնվելով դիտարկման արդյունքների վրա, որը Հայ ազգային կոնգրեսին է տրամադրել Մամուլի ազգային ակումբը՝ Լևոն Զուրաբյանն ասել է, որ հեռուստատեսությունները ակնհայտ կողմնակալություն են ցուցաբերում հօգուտ կոալիցիոն ուժերի և ի վնաս ՀԱԿ-ի։

Այս ամենի հետ մեկտեղ, բանախոսները վստահ են, որ իրենք հաղթելու համար բավական քվե ունեն և հիմա աշխատում են լրացուցիչ ձայներ հավաքելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան չեզոքացնելու կեղծիքների ազդեցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը