Լրահոս

20.04.2012 20:45


Լևոն Տեր-Պետրոսյան. «Շտաբի անդամ կուսակցությունները եթե անկեղծորեն համագործակցեն, ապա Սերժ Սարգսյանը երբևէ չի կարող հաղթել»

Լևոն Տեր-Պետրոսյան. «Շտաբի անդամ կուսակցությունները եթե անկեղծորեն համագործակցեն, ապա Սերժ Սարգսյանը երբևէ չի կարող հաղթել»

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքում անդրադարձել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբին: ՀԱԿ առաջնորդը հայտարարել է, որ հենց սկսեցին միասնական շտաբի շրջանակում համագործակցել, անմիջապես իշխանական լրատվամիջոցները և ժամանակին անկախ համարվող լրատվամիջոցներն ու քաղաքագետները սկսեցին քննադատել Կոնգրեսին, ինչը ունի մեկ նպատակ՝ պահպանել Սերժ Սարգսյանի ռեժիմը: 
Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե այդ բոլորի խնդիրը «Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակից ավելի, այդ շտաբի հանդեպ տարած հաղթանակն է»: 

Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ շտաբի անդամ կուսակցությունները եթե անկեղծորեն համագործակցեն, ապա Սերժ Սարգսյանը երբևւէ չի կարող հաղթել: 

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ շտաբը սկսել է գործել, արդեն նյութեր եւ տեղեկություններ հրապարակել ընտրախախտումների վերաբերյալ, բայց շտաբի անդամներից մեկի՝ Ժառանգության պահվածքը իր համար անհասկանալի է, ու քանի որ անհասկանալի է, ինքը չի փորձի մեկնաբանել: 

Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսն իր համար սահմանել է կանոններ. ակտիվորեն մասնակցել ընտրությունների օրինականության վերահսկմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, մասնավորապես միասնական շտաբի գործունեությանը. «Քննադատության հիմնական թիրախ դարձնել քոչարյանասերժական վարչախմբի երկու գլխավոր հենասյուները՝ ՀՀԿ-ին եւ նրա կույրաղիքը հանդիսացող Օրինաց երկրին. Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել եւս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի՝ մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ, Ժառանգության եւ ԲՀԿ դեմ: Միեւնույն ընտրատարածքում, Կոնգրեսը եւ նշված կուսակցությունների թեկնածություններ ներկայացվելու դեպքում առաջնորդվել հանդուրժողության, փոխադարձ հարգանքի սկզբունքներով. անկախ այն բանից, թե մեր գործընկերները կխախտեն այդ սկզբունքները, Հայ ազգային կոնգրեսը հաստատակամ է չպատասխանել որեւէ մեկին»: 

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե որոնք են իշխող ռեժիմի հանցանքները: Ըստ նրա, առաջին և ամենամեծ հետեւանքը արտագաղթն է: Նրա խոսքով, քոչարյանասերժական ռեժիմի հետեւանքով հայրենիքը լքել է 1 միլիոն մարդ: Տեր-Պետրոսյանն ասել է, այդ թիվը համեմատելի է Օսմանյան Թուրքիայի ցեղասպանության եւ արտաքսման հետ: «Այդ մարդիկ, որ աշխարհից պահանջում են ճանաչել հայոց ցեղասպանությունը, իրենց երկրի ներսում գրեթե նույն ցեղասպանությունն են իրականացնում: Եվ սա ես չեմ ասել, սա ասել է, ուշադրություն դարձրեք, Սերժ Սարգսյանի նշանակած Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը», հայտարարել է Տեր-Պետրոսյանը: 

Տեր-Պետրոսյանը հայտարարել է նաեւ, որ ռեժիմի մեկ այլ հետեւանք է կոռուպցիան: Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության մեջ կոռուպցիայի, ստվերային տնտեսության վերաբերյալ կան միջազգային ուսումնասիրություններ եւ գնահատականներ, ըստ որոնց Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է Հայաստանի տնտեսության երկու-երրորդը, այսինքն մեկ-երրորդը մտնում է բյուջե, իսկ մյուս մասը թալանվում: 

Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե այդ փողը մտներ բյուջե, ապա այսօր էլ հնարավոր էր կրկնապատկել թոշակներն ու նպաստները, եռապատկել ռազմական ծախսերը, գիտության ծախսերը, աշխատավարձերը: «Եվ այս մարդիկ, որ թալանում են իրենց երկիրը, ուզում են Ադրբեջանի՞ն հաղթել երկրորդ անգամ», հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Ըստ նրա, ամենակարեւոր հանցանքներից մեկն էլ ժողովրդի անպաշտպանությունն է: Նրա կարծիքով, խոսքն այն մասին է, որ երբ որեւէ քաղաքացի մի խնդիր է ունենում մի հանցագործի հետ, չի համարձակվում դիմել ոստիկանին, դատարանին, որովհետեւ ով դիմեց` նա է դառնում մեղադրյալ: Նրա խոսքով, ոստիկանությունն ու դատարանն անմիջապես գործարքի մեջ են մտնում հանցագործի հետ եւ մեղավոր ճանաչում տուժող քաղաքացուն: 

Տեր-Պետրոսյանը խոսել է նաև բանակում զինվորների անպաշտպանության մասին, որտեղ կեղեքում են, սպանում են, ինքնասպանության են հասցնում զինվորին:

Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, որ այս ընտրարշավում տարօրինակ կերպով բանավեճից դուրս է մնացել արտաքին քաղաքականությունը: Նա նշել է, որ Հայաստանը երկու կարեւոր հարց ունի արտաքին քաղաքական՝ հայ-թուրքական կարգավորում եւ Ղարաբաղի հարց: Նրա խոսքով, աշխարհի որեւէ այլ երկրի հետ մենք խնդիր չունենք, եւ եթե որեւէ երկրի հետ պրոբլեմ էլ ստեղծվում է, ապա միայն այս երկու խնդիրների պատճառով: Եվ եթե այդ երկու խնդիրները լուծվեն, ապա Հայաստանը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող է աշխարհի ամենաերջանիկ պետությունը դառնալ: Տեր-Պետրոսյանի խոսքով, Հայաստանը գերտերությունների համար ոչ մի ուրիշ հետաքրքրություն չի ներկայացնում, այդ երկու խնդիրներից բացի:

Ըստ Տեր-Պետրոսյանի, ամենախայտառակ նախագահը նա չէ, որ լեգիտիմ չէ, կոռումպացված է, այլ որ կարող է այդ ղեկավարը խաբվել իր հակառակորդին եւ վտանգի տակ դնել իր երկիրն ու ժողովրդին: Տեր-Պետրոսյանի խոսքով, Սերժ Սարգսյանը խաբվեց Թուրքիային, ընդունելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման պահանջը:

Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե չի վախենում դրանից եւ եթե գա իշխանության, կգտնի դրա լուծումը:

 

Նա ասել է, որ մինչ այդ, երբ իրենք էին վարում բանակցությունը, Ղարաբաղը կողմ էր, եւ միջնորդները կարգավորման տարբերակները ներկայացնում էին նաեւ Ղարաբաղին, իսկ 1998 թվականից հետո այլեւս Ղարաբաղ չկա որպես հակամարտության կողմ, այդպիսի դիվանագիտական կամ բանակցային սուբյեկտ գոյություն չունի միջազգային հանրության համար: Եվ սա ցավում եմ, անշրջելի է, հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

«Հիմա, մենք ինչ ենք անելու: Ես ասեցի, հայ-թուրքական հարաբերությունների հարցում եթե դրվի արձանագրությունների հարցը, մենք դեմ ենք լինելու այդ պատմաբանաների հանձնաժողովի դրույթին, այլ պահանջներ չենք դնելու: Ես դրա ձեւը գիտեմ, դա լուծվող խնդիր է: Դա լուծելու համար մի բան է պահանջվում, որպեսի Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը փոխարինվի լեգիտիմ իշխանությամբ:
ամբողջությունը եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Հիմա, սա մի պարադոքս է, այս երկու սկզբունքները անհամատեղելի են: Ուրեմն ինչն է գաղտնիքը: Սա ընդամենը դիվանագիտական հնարք է, որպեզի կարգավորման ծրագիրը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարողանան ծախել իրենց ժողովուրդներին, որ ունենան իրենց փաստարկը համոզելու ժողովրդին, որ սա ճիշտ լուծում է»:

Ըստ Տեր-Պետրոսյանի, ստացվում է աբսուրդի թատրոն, ժողովուրդներին խաբելու համար: Սա մի բան է նշանակում, երբ երկու այդ սկզբունքները դրվում են իրար կողքի, դա նշանակում է, որ Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, այսինքն ոչ ավելի, ոչ պակաս, ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Դա ուրիշ բան չի նշանակում, թող չխաբեն ժողովրդին, ասել է Տեր-Պետրոսյանը:

Ըստ նրա, 1996-ի Լիսաբոնի բանաձեւը նույն մադրիդյան սկզբունքներն էին, ոչ մի տարբերություն: Նրա խոսքով, Լիսաբոնում ինքը վետո դրեց այդ բանաձեւի վրա, թեեւ իրեն Քլինթոնն ու մյուսները համոզում էին, թե ինչքան լավ կլինի իր համար: “Ես չվախեցա, որովհետեւ օրինակարգ նախագահ էի եւ ունեի իմ ժողովրդի աջակցությունը, իմ դեմ ոչ մի կոմպրոմատ չունեին միջազգային հանրությունում”, ասում է Տեր-Պետրոսյանը:

Ինչու ընդունեց Քոչարյանը: Որովհետեւ Քոչարյանը խոցելի էր, եթե համառեր, Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կարող էին նրա դեմ դնել բոլոր կոմպոմատները, ասում է Տեր-Պետրոսյանը, նշելով, որ նույնպես չի կարող ընդդիմանալ նաեւ Սերժ Սարգսյանը, նույն պատճառներով:

Ուրեմն, ժամանակն է օր առաջ ազատվել սրանցից, որ այդպիսի աղետի չգանք: Բայց, դժբախտաբար, այնպիսի գործընթաց է սկսել, որ ով էլ գա իշխանության, ստիպված է լինելու հաշվի նստել հայ-թուրքական հարաբերություններում պատմաբանների հանձնաժողովի հետ, Ղարաբաղի հարցում էլ մադրիդյան սկզբունքների հետ:

Բայց, օրինակարգ իշխանությունը կարող է նույնիսկ այդ գերտերությունների ղեկավարների հետ խոսել բոլորովին այլ լեզվով, չվախենալով ոչ մի կոմպրոմատից: Սա կլինի բոլորովին ուրիշ երկիր, եւ ես վստահ եմ, որքան էլ վատ, որքան էլ մեր ցանկացածին չհամապատասխանող, կարելի է էապես փոխել մադրիդյան սկզբունքները, երեք կոնկրետ հարցում՝ մենք չենք ստորագրի որեւէ փաստաթուղթ, եթե դրա տակ չլինի Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը, կարելի է հասնել այդ սկզբունքների հարցով Հայաստանում եւ Ղարաբաղում համաժողովրդական հանրաքվեի:

Մյուսը, ըստ Տեր-Պետրոսյանի, մինչեւ համաձայնագրի կիրարկումը պետք է լուծված լինի վերջնականապես Լաչինի միջանցքի կարգավիճակը, նույնիսկ մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը, որովհետեւ առանց Լաչինի միջանցքի Ղարաբաղ գոյություն չունի:

Եվ երրորդ՝ հստակ պետք է համաձայնագում նշված լինի երբ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, ով է մասնակցելու այդ հանրաքվեին, ինչ հարց է դրվելու այդ հանրաքվեի քվեաթերթիկում, ինչ իրավական հետեւանքներ է ունենալու, եւ վերջապես ով է կազմակերպելու հանրաքվեն: Եթե այդ հարցերը չեն լուծվում, ապա դա ուղղակի ծաղր է, ժողովրդին խաբելու հնարք:

Ուրեմն, եթե մենք վաղը լինենք խորհրդարանում, ապա մենք կանգնած ենք լինելու այդ դիրքերի վրա եւ ոչ մի քայլ չենք նահանջելու, ասել է Տեր-Պետրոսյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը