Քաղաքական

21.04.2012 22:59


Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսային

Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսային

Ելույթ ունենալով ՀԱԿ–ի հանրահավաքում Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ 

«Ես կխոսեմ մի երիտօլիգարխի մասին, որը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, նրա մասին ոչ մի բան չի գրվում, բայց նա շատ ավելի վտանգավոր է, քան հայտնի օլիգարխները։ Խոսքը Սերժ Սարգսյանի փեսայի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Միքայել Մինասյանի՝ Միշիկի մասին է: Նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է ստեղծել հասարակությանը ԶԼՄ-ի միջոցով մանիպուլյացիայի տոտալիտար համակարգ: Նա վարձում է սոցիոլոգիական կազմակերպություններ, որոնց անցկացրած սոցհարցումների արդյունքում ՀՀԿ-ն, իբր, գտնվում է առաջին տեղում՝ հավաքելով 30-40 տոկոս ձայն, իսկ ՀԱԿ-ը՝ առավելագույնը՝ 9 տոկոս։ Իրականում պետք է փոխել ՀՀԿ եւ ՀԱԿ տեղերը եւ կսատանաք իրական պատկերը»,– հայտարարել է ՀԱԿ համակարգողը:  

Զուրաբյանի խոսքով` «գեբելսյան» այս համակարգը արշավ է սկսել Կոնգրեսի, ՀՅԴ եւ ԲՀԿ միասնական շտաբի դեմ, շտաբ, որը պայքարելու է ընտրակեղծիքների դեմ:

«Իշխանությանը թվում է, թե այդ համակարգով իրենք ընտրարշավի բարեհաջող ավարտ են ապահովելու, բայց նրանք սխալվում են, եւ այդ «գեբելսյան» համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: Եվ ուրեմն` երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ հաղթանակ»,-իր խոսքն ամփոփել է Լևոն Զուրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը